«Հարս չկա»․ առաջին կադրերն ու մանրամասները հենց նկարահանման հրապարակից

Արդեն սկսվել են պրոդյուսեր Արմեն Պետրոսյանի (Մենչ) նոր հումորային նախագծի՝ «Հարս չկա»-ի նկարահանումները։
Նոր նախագծում ընդգրկված են այնպիսի հայտնի և սիրված դերասաններ, ինչպիսիք են՝ Բեն Ավետիսյանը, Անի Խաչիկյանը, Արթուր Կարապետյանը, Ելենա Բորիսենկոն, Գոռ Հակոբյանը, Մարիամ Ալեքսանյանը, Էլեն Ասատրյանը, Աղաս Մանուկյանը և շատ ուրիշներ։

ShowBiz.am-ը ներկա է եղել սիթքոմի նկարահանումներին, զրուցել դերասանների հետ, ինչպես նաև ֆիքսել նկարահանման հրապարակում կատարվող հետաքրքիր և ուշագրավ կադրերը։

Բեն Ավետիսյանը Արմեն Պետրոսյանի նոր նախագծում մարմնավորելու է գլխավոր հերոսին։ «Նախագծում խաղալու առաջարկը ստացել եմ հենց ԱՄՆ-ում, մի քանի օր է, ինչ եկել եմ Հայաստան։ Այնտեղ Մենչի հետ հանդիպեցինք, քննարկեցինք, հասկացա՝ ինձնից ինչ է պահանջվում ու այդպես ընդունեցի առաջարկը։ Երեկվանից էլ սկսել ենք մեր նկարահանումները»,- պատմում է դերասանը։

Բեն Ավետիսյանի կերպարի անունը Արեգ է։ Մեծահարուստ երիտասարդ է, ով ապրում է ԱՄՆ-ում ու երազում է գտնել իր կյանքի կեսին․ «Բայց այստեղ ևս մի նրբություն կա, իմ հերոսը ցանկանում է, որ իրեն սիրեն ոչ թե իր փողերի, այլ հենց իր եսի համար։ Կերպարս բավականին հետաքրքիր է, առաջին անգամ եմ ներկայանալու սիթքոմում, դժվար կլինի, բայց, կարծես թե, ամեն ինչ ստացվում է»։

Բենի մոտ ոչ միայն ժանրային փոփոխություն է տեղի ունեցել՝ դերերի առումով, այլ նաև արտաքին հետաքրքիր փոփոխություններ են կատարվել։ Սիթքոմի առաջին սերիաներում Բենը հանդես կգա կեղծամով, որը նրա կերպարին անսովոր ու զվարճալի տեսք է հաղորդում։ «Արտաքին փոփոխությանը հեշտ համաձանվեցի, դա ինձ մոտ երբեք խնդիր չի առաջացրել։ Մի փոքր անսովոր է, ոնց որ գլխիս կատու լինի, բայց դե ժամանակավոր է»,- կատակում է դերասանը և հավելում, որ իր հերոսը շատ բարի երիտասարդ է, ով ունի նպատակներ և պատրաստ է դրանց իրականացման համար անցնել ցանկացած փորձության միջով։

Նկարահանումների ընթացքում մենք հասցրինք նաև զրուցել Բենի «հարսնացուի թեկնածուներից» Մարիամ Ալեքսանյանի հետ, ով պատմեց իր կերպարի առանձնահատությունների ու հետաքրքիր կողմերի մասին։

«Առաջարկը ստացել եմ Արմեն Պետրոսյանից, այն քննարկվել է և միանգամից ընդունվել։ Կարևորն այն է, որ սիրով եմ նկարահանվում ու ինչպես տեսնում եք, շատ հետաքրքիր կերպար է»,- պատմում է դերասանուհին։

Մարիամի հերոսուհու անունը Մեգի է, ով նույնպես ապրում է ԱՄՆ-ում և կրկին՝ մեծահարուստի կյանքով․ «Կերպարս շատ առանձնահատուկ է, ստանդարտներից դուրս, սիրահարված է մի տղայի, իսկ շարունակությունն էլ թող անակնկալ լինի»։

«Սցենարն ընթերցելուց կերպարն ամբողջությամբ չէի ընկալել։ Բայց երբ արդեն այս տեսքը ստացա, հասկացա, որ շատ յուրահատուկ կերպար է ու կարելի է իրենից շատ հավես մի բան ստանալ։
Դերասանների հիմնական մասի հետ առաջին անգամ եմ համագործակցում, հուսով եմ՝ ամեն ինչ լավ կստացվի»,- անկեղծացավ Մարիամ Ալեքսանյանը։

Նկարահանման հրապարակում էր նաև դերասանուհի Ելենա Բորիսենկոն, ով նոր հումորային նախագծում մարմնավորելու է Բենի մոր կերպարը։
«Թիմի հետ առաջին անգամ եմ համագործակցում։ Շատ տարօրինակ ստացվեց առաջարկը, փաստորեն ես այս դերում հաստատվել էի, մինչ ինձ տեղյակ կպահեին։ Առաջին տպավորություններս ընդհանուր ժողովից են․ հրճված և երջանիկ եկա տուն, որովհետև այն ներդաշնակությունն ու ջերմությունը, որն ինձ անհրաժեշտ էր, ես ստացա»,- ոգևորված պատմում է դերասանուհին։

«Ես Բենի մոր կերպարով եմ ներկայանալու։ Արթուր Կարապետյանի կինն եմ։ Հարուստ կին է և բավականին հետաքրքիր կերպար՝ լուրջ և հասուն։ Բենին ամուսնացնելու գործում ևս իր դերն է ունենում․ հերոսի մայրն է և վերջիվերջո հայ կին, ով չէր կարող անտարբեր մնալ»,- հավելում է Ելենա Բորիսենկոն։

Հեղինակ՝ Լուս Ավագյան