Dior-ը կվերականգնի Փարիզի հնագույն այգիներից մեկը (լուսանկար)

Նորաձևության տներն առավել ընդգծված ուշադրություն են դարձնում շրջակա միջավայրի պահպանման հարցին: Որպես այս պայքարի շղթայի շարունակություն` ֆրանսիական Dior ընկերությունը վերջերս համագործակցություն է սկսել Լուվրի թանգարանի հետ` վերականգնելու Թյուիլրի այգին (Jardin des Tuileries), հայտնում է luxurylaunches.com կայքը։

Բրենդը հինգ տարվա պայմանագիր է կնքել Լուվրի հետ` տարածքի վերականգնումն իրականություն դարձնելու նպատակով:

1564 թվականին Ֆրանսիայի թագուհի Եկատերինա Մեդիչիի օրոք հիմնադրված այս այգին Փարիզի մի մասն է կազմում: Այն տարեկան մոտ 14 միլիոն այցելու է ընդունում, իսկ 1991 թվականից ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում:

Կանաչապատ այս տարածքում տեղ է գտել հանրահռչակ քանդակագործների ստեղծած ավելի քան 40 արձան: Նախաձեռնության մասին խոսելիս նորաձևության տան ներկայացուցիչը նշել է, որ այս հովանավորչությունն ուղերձ է պարունակում, այն է` մեզնից յուրաքանչյուրը կարող է բնական կամ մշակութային էկոհամակարգը փոխելու գործակալ լինել։