Beauty Lifestyle. «Կանայք արժեք են, նույնիսկ եթե կատարյալ չեն». հոգեբան Նունե Վարդանյան

Գարունն արդեն թակում է մեր դռները: Կանաց միամսյակին ընդառաջ, Showbiz.am-ը սկսել է հարցազրույցների շարք, որում հայաստանյան մասնագետները, որոնց աշխատանքը կապված է կանանց առողջության ու գեղեցկության հետ, պատմում են տարբեր թեմաների մասին և տալիս օգտակար խոհուրդներ:

Այս անգամ Showbiz.am-ը հատուկ իր ընթերցողների համար ներկայացնում է հարցազրույց հոգեբանական գիտությունների թեկնածու Նունե Վարդանյանի հետ:

-Ինչի՞ հետ է կապված այս շրջանում առաջացող սթրեսը կամ անհանգստությունը, չէ՞ որ ընդհանրապես ընդունված է կարծել, որ գարնան գալուստը միայն ուրախություն և թեթևություն է իր հետ բերում:

– Գարունն իրոք զարթոնքի ու նոր կյանքի խորհրդանիշ է: Մենք նոր լիցքեր ու էներգիա ենք ստանում, և եթե դրանք չենք կարողանում ադյունավետ օգտագործել, դա կարող է անհահգստություն և տագնապ առաջացնել: Գարունը հիշեցնում է մեզ համար բաղձալի նպատակների և ցանկությունների մասին, իսկ դա կարող է հանդիսանալ թե՛ որպես շարժիչ ուժ, թե՛ թախիծի աղբյուր:

-Ինչպիսի՞ զբաղմունքներ, հոբիներ, կամ հոգեբանական մեթոդներ կարող են օգնել կանանց հաղթահարել այդ ընթացքում առաջացած անհանգստությունները:

Ֆիզիկական ակտիվությունը, մաքուր օդին զբոսանքները, ցանկացած ստեղծագործ գործունեությունը: Կարծում եմ, որ գարնանը չկա հոգեկան առողջության համար առավել կարևոր զբաղմունք, քան բնության փոփոխությունները նկատելն ու այդ գեղեցիկ ընթացքին հետևելը:

-Կանայք թույլ սեռ ե՞ն:

-Կարծում եմ այս հարցի պատասխանը քաջ հայտնի է` մեր ուժն ու ճկունությունը բխում է հենց մեր հուզականությունից և նրբությունից: Ինչպես, որ բարակ ու նուրբ ճյուղը ճկվում է, բայց չի կոտրվում, այդպես էլ կանայք:

-Ինչպե՞ս կարող են աղջիկներն ու կանայք հաղթահարել անհիմն ինքնաքննդատություններն ու ցածր ինքնագնահատականը: Կա՞ն պրակտիկ խորհուրդներ:

-Կարևոր է ընդունել և սիրել մեր տեսանկյունից «թույլ» կողմերն ու հասկանալ, որ մենք արժեք ենք, նույնիսկ եթե կատարյալ չենք, և մեր արժեքավոր լինելը չկապել այլ մարդկանց կարծիքների ու գնահատականների հետ: Երբեմն օգտակար է ինքներս մեզ հիշեցնել սեփական ձեռքբերումների և հաղթահարած դժվարությունների մասին:

-Շատ աղջիկներ ու կանայք, վնասում են իրենց առողջությունն ու գեղեցկությունը, վազելով մտացածին գեղեցկության չափանիշների հետևից, ցանկանալով դուր գալ հակառակ սեռին: Ինչպե՞ս հավատալ սեփական գեղեցկությանն ու չկոտրվել, եթե անգամ տարբերվում ես աշխարհում ընդունված գեղեցկության չափանիշներից:

-Այստեղ ևս խոսքը սեփական անձը ընդունելու և սիրելու մասին է: Երբեմն այդ գիտակցումը և սեփական անձն ընդունելու փուլը գալիս է տարիքի հետ: Մեր թվացյալ կամ իրական թերությունները ևս մեր ինքնության և յուրահատկության մասնիկն են: Իսկ գեղեցկության չափանիշներն այնքան փոփոխական են, որ այդ մրցավազքի մեջ կարծես երբեք հաղթող չի լինում:

-Մեր ժամանակներում իդեալական կին լինելու համար, կանայք փորձում են համատեղել մոր դերը, կնոջ դերը ու միաժամանակ հասցնել կերտել կարիերա, ժամանակ տրամադրել սեփական գեղեցկությանն ու առողջությանը: Արդյո՞ք դա հնարավոր է անել և եթե այո, ապա ինչպես գտնել այդ բալանսը ու պահել այն, որպեսզի մի դերի պատճառով չտուժի մյուսը:

-Կարծում եմ՝ կարևոր է ազատվել «իդեալական» կին կամ մայր լինելու ձգտումից և աշխատել լինել երջանիկ կին և մայր: Անհնար է ամեն հարցում միշտ հասնել կատարելության: Իսկ այդ ձգտումն ու դրա հետ առընչվող մեղքի զգացումը մեզ կարող է խանգարել լինել երջանիկ: Կարևոր է լինել «ներկա» և փորձել կենտրոնանալ այն բաների վրա, որով զբաղվում եք այս պահին ու երբեք չվհատվել, եթե ինչ որ բան չեք հասցնում: Թույլ տվեք ձեզ՝ «ձեզ համար» ժամանակ և հիշեք, որ ձեր մտերիմների երջանկությունն ուղղակիորեն կախված է ձեր երջանկությունից:

Հեղինակ՝ Դիանա Զաքարյան