Ամերիկացի հայտնի վիրաբույժ Ջերոմ Ադամսն առաջարկել է դիմակներ չկրել

Ամերիկացի հայտնի վիրաբույժ և անեսթեզիոլոգ Ջերոմ Ադամսը կոչ է արել ամերիկացիներին դադարեցնել շնչադիմակներ կրելը կորոնավիրուսային վարակը կանխելու համար:

«ԱՄՆ-ի քաղաքացիների համար ռիսկը մնում է ցածր»,- Fox-ի եթերից երկուշաբթի օրն ասել է Ադամսը: Կան միջոցներ, որոնք կարելի է ձեռնարկել չվարակվելու համար և կան բաներ, որոնք չարժե անել: Եվ այն, ինչ չպետք է անի հասարակությունը` դիմակներ գնելն է:

Հանրության լայն շրջանակներում կորոնավիրուսների տարածումը կանխելու համար դիմակների արդյունավետությունն ապացուցված չէ: Բացի դրանից՝ մարդիկ, որոնք հակված են դիմակներ գնել, չգիտեն, թե ինչպես ճիշտ կրել դրանք: Հաճախ դիպչում են ձեռքով դեմքին՝ դրանով իսկ կարող են մեծացնել կորոնավիրուսի տարածումը»,- ասել է Ադամսը:

«Ես ուզում եմ, որ ԱՄՆ քաղաքացիները հասկանան, որ կան միջոցներ, որոնք կարող են ձեռնարկել իրենց ապահովելու համար: Անհրաժեշտ է ձեռքերը հաճախ լվանալ՝ 15-20 վայրկյան: Երբ հազում և փռշտում եք, հարկավոր է ձեռքով փակել բերանը: Անհրաժեշտ է նաև նախազգուշական միջոցներ ձեռնարկել և հիվանդության դեպքում մնալ տանը, ինչպես նաև՝ հեռու մնալ հիվանդ մարդկանցից: Սրանք բոլորը կարևոր միջոցներ են` կանխելու կորոնավիրուսային վարակը»:

Ադամսը հիշեցրել է, որ ԱՄՆ-ում սեզոնային գրիպից ամեն տարի մահանում է 18.000 մարդ, մինչդեռ երկրում  կորոնավիրուսից մահացել է երկու մարդ: Նա համոզմունք է հայտնել, որ սովորական գրիպից կմահանա ավելի շատ մարդ, քան կորոնավիրուսից:

Նա հավելել է, որ կորոնավիրուսային վարակի դեպքում «անհրաժեշտ է հիշել, որ մարդկանց մեծամասնությունը հիվանդությունն ավելի հեշտ կհաղթահարի. մի քանի օր կանցկացնեն տանը, և իրենց ավելի լավ կզգան»:

«Հիմա զգուշություն ցուցաբերելու ժամանակն է, և ոչ թե խուճապի մատնվելու»,- եզրահանգել է նա: