Ապոկալիպսիսի շաբաթ. ի՞նչ է պատահել նորաձևությանը Փարիզում

Փարիզյան Նորաձևության շաբաթվա ընթացքում դիզայներները, առանց որևէ ընդհանուր համաձայնության, իրենց հավաքածուներով ներկայացրել էին ապագայի ամենամռայլ և ճնշող պատկերները:
Փափկության, թեթևության, ռոմանտիկայի համար այլևս տեղ չկա, մեզ սպասում են սև, սպիտակ, կարմիր գույներ ու կաշվե վերարկուներ: Ձեզ ենք ներկայացնում Ֆրանսիայի մայրաքաղաքում տեղի ունեցած Նորաձևության շաբաթվա կարևոր մանրամասները:

Չնայած Փարիզում կորոնավիրուսը ստեղծել է խուճապային իրավիճակ, աստղերը պարտաճանաչ կերպով ներկայացել են նորաձևության ոլորտում այս կարևոր իրադարձությանը: Պոդիումի վրա, սակայն, մի տեսակ մռայլություն էր տիրում. դիզայներներն ասես 2020-ի աշնանը և ձմռանը ապոկալիպսիս են կանխատեսում, այնպես որ նրանց հավաքածուներում գերակշռում էին սև, սպիտակ, կարմիր գույները և պակասում էր թեթևությունը:

Չնայած այդ մռայլությանը՝ ամեն ինչ շատ գեղեցիկ ու էլեգանտ էր:

Chanel նորաձևության տան կրեատիվ տնօրեն Կառլ Լագերֆելդի կենդանության օրոք հենց ինքը ցուցադրության բեմադրությունն ավելի հետաքրքիր էր, քան բուն հավաքածուն: Պոդիումները վերածվում էին մե՛կ կարի արհեստանոցի, մե՛կ ջրվեժներով դրախտային այգու, մե՛կ էլ տիեզերակայանի։

Այս անգամ մոելավորողի իրավահաջորդը՝ նոր կրեատիվ տնօրեն Վիրջինիա Վիարը որոշել էր մարդկանց ուշադրությունը չշեղել բուն հավաքածուից և իր մտահղացումներից՝ հայելային պոդիում, թեթև ծուխ։  Սակայն անսպասելին այն էր, որ Chanel-ի նոր հավաքածուում Վիարը ոչ միայն կարողացել էր պահպանել նորաձևության տան ոգին, այլ նաև ներկայացրել իր թարմ հայացքները:

Իսկ Alexander McQueen նորաձևության տան կրեատիվ տնօրեն Սառա Բերթոնը, նախքան հավաքածուի ստեղծումը, իր գործընկերների հետ մեկնել էր Ուելս, որպեսզի ոգեշնչվի այնտեղի մշակութային ավանդույթներով. այս ամենի արդյունքն է հավաքածուում դոմինանտ կարմիր գույնը, որը ինչպես հավատում են Ուելսում՝ պաշտպանում է չար ոգիներից:


Իսկ Givenchy բրենդի կրեատիվ տնօրեն Քլեր Ուայթ Քելլերը իր ոգեշնչման աղբյուրը գտել էր ժամանակակից նկարիչուհիների կտավներում, ինչի արդյունքում ստացվել էր սև, սպիտակ գույներով հագեցած, տղամարդկանց պիջակներով, մինչև արմունկը հասնող ձեռնոցներով, լայնեզր գլխարկներով ու փետուրներով հավաքածու:

Balenciaga-ի կրեատիվ տնօրեն Դեմնա Գվասալիան պոդիումի վրա ամենաիսկական ապոկալիպսիսն էր կազմակերպել. առաստաղում երևում էին կայծակներ, մոդելի ոտքերի տակ ջուր էր հոսում, պատերին արտացոլվում էին պատկերներ բնությունից, որն ուր որ է կոչնչացնի մարդկությունը։ Ապոկալիպսիսի մոտեցման զգացողությունն ավելի սրվել է հենց հավաքածուի ցուցադրությունից հետո:
Լրագրողների հետ զրույցում կրեատիվ տնօրենը խոստովանել է, որ ոգեշնչվել է մանկության հիշողություններով, երբ նա հիացած էր վրացի վանականներով ու ֆուտբոլիստներով:

https://www.instagram.com/p/B9R9pm5l7wX/