«Հանուն այն տղաների, ովքեր երկնքից հրամայում են մեզ ապրել»․ «Հարսանիք թիկունքում»-ը շուտով կբարձրանա մեծ էկրաններ

Գյումրու դրամատիկական թատրոնի «Հարսանիք թիկունքում» ներկայացումը շուտով կբարձրանա մեծ էկրաններ. Անահիտ Աղասարյանի պիեսի հիման վրա բեմադրված «Հարսանիք թիկունքում» ներկայացումը, որն արցախյան քառօրյա պատերազմի հերոսներին է նվիրված, արժանացել է հանդիսատեսի բարձր գնահատականին և խաղացել են արդեն 65 անգամ։
Ֆիլմի ռեժիսոր Արշո Հարությունյանը գլխավոր դերակատարներից Մանե Մխոյանի հետ միասին Showbiz.am կայքի հետ զրույցում խոսել են ֆիլմի գլխավոր ուղերձի, նկարահանման ընթացքում տեղի ունեցած հուզիչ ու արտառոց դեպքերի, ինչպես նաև թեմայի պահանջված լինելու մասին։

«Հարսանիք թիկունքում» ֆիլմի սյուժեն գյումրեցի ընտանիքի պատմություն է, որտեղ պատրաստվում են գերդաստանի միակ արու զավակին ամուսնացնել: Ներկայացվում են ապրիլի 2-ի դեպքերը, թե ինչպես են հարսանիքին գալիս արտագաղթած և աշխարհի տարբեր ծայրերում ապրող հարազատները: Այնուհետև, պատերազմի հետևանքով հարսանիքը կիսատ է մնում, հերոսը ստիպված լքում է հարսնացուին ու գնում մարտի դաշտ:

««Հարսանիք թիկունքում»-ը մեծ էկրաններին բարձրացնելու գաղափարը ներկայացման պրոդյուսեր Տիգրան Վիրաբյանինն էր,- պատմում է Արշո Հարությունյանն ու հավելում. «Ներկայացումն ունի ռեժիսոր` Լյուդվուգ Հարությունյանը, տաղանդավոր մարդ ով հրաշալի կատարել է իր աշխատանքն ու սիրով վստահեց ինձ էկրանավորումը, ես էլ սիրով համաձայնեցի: Քանի որ ներկայացումը խաղացել են արդեն 65 անգամ և ունեցել է շռնդալից հաջողություն, նպատակ դրեցինք այն ներկայացնել ավելի մեծ լսարանի, որպեսզի սփյուռքում ապրող մեր հայրենակիցները հնարավորություն ուենան դիտելու այն. թատրոնի համար հեշտ չէ հյուրախաղեր կազմակերպել, դա ահռելի խնդիրների հետ է կապված։
Եվ վերջիվերջո, թեմայի մնայուն արժեքը պահպանելու, արխիվացնելու նպատակ կա այս ամեն ինչի մեջ»։

Արշո Հարությունյանը խոստովանում է, որ ֆիլմի ռեժիսորությամբ զբաղվելու առաջարկը ընդունել է  միայն մեկ պայմանով. «Եթե առաջարկողը չլիներ Գյումրու դրամատիկական թատրոնը՝ իմ հարազատ վայրը, իմ օջախը, ես չէի համաձայնվի, որովհետև ներկայացումն արդեն ունի ռեժիսոր, ով հրաշալի կատարել էր իր աշխատանքը։ Սիրով համաձայնվեցի ու չեմ զղջում»։

«Հարսանիք թիկունքում» ներկայացման ու ֆիլմի մեջ խաղալու որոշումը հեշտ չի տրվել նաև գլխավոր դերակատարներից Մանե Մխոյանին. «Ներկայացման մեջ խաղալու առաջարկը դժվարությամբ ընդունեցի, որովհետև լինելով էմոցիոնալ մարդ՝ ես նման թեմաները շատ ծանր եմ տանում։ Ֆիլմում նկարահանվելու առաջարկը մերժել չկարողացա, որովհետև ամբողջ անձնակազմը նույնն էր մնացել, և իմ կերպարն էլ դարձել էր հոգուս ընկերը, ում չկարողացա թողնել: Ես մարմնավորում եմ Ռուզանի կերպարը, փեսայի քույրիկն է,  ով բնավորությամբ շատ սրտացավ է, կարեկցող։ Այս առումով ամեն ինչ հեշտ էր՝ չհաշված հոգեբանական բարդ տեսարանները, որոնք իսկապես շատ ծանր էին»։

Դերասանուհին նաև պատմում է, որ շատ ծանր նկարահանման օրեր են ունեցել ողջ անձնակազմով, որովհետև մոտ 3 օր  արցունքոտ աչքերով են խաղացել։ Անգամ վերջին օրը ռեժիսորը մոտեցել է Մանեին և հարցրել. «Չեմ հավատում, դու դեռ արցունք ունե՞ս»։

Մանեն նաև հատուկ նշում է, որ նկարահանման ընթացքում գլիցերինի կարիք ոչ մեկ չի ունեցել, որովհետև արցունքներն ինքնաբերաբար հոսում էին:

Ռեժիսորը պատմում է, որ ֆիլմի նկարահանումների ընթացքում իր առջև ծագել են միայն ստեղծագործական դժվարություններ.«Չեն եղել բարդություններ, եղել են ստեղծագործական դժվարություններ, որովհետև փորձում էինք ներկայացումը տեղափոխել էկրան, ու այդ ամենը պետք է արվեր շատ նրբանկատ ձևով։  Ոչ մի նկարահանում հարթ չի ընթանում, միշտ էլ լինում են դժվարություններ, որոնք հաղթահարվում են»։

«Ֆիլմի նկարահանման ընթացքում հետաքրքիր դեպքերը մեկը մյուսին հերթ չէին տալիս»,- պատմում է Մանեն՝ հիշելով, թե ինչպես հարսանիքի տեսարանը նկարահանելու ժամանակ ռեժիսոր Արշո Հարությունյանը որոշեց, որ պետք է լինի կենդանի երաժշտություն։
«Չգիտեմ, թե ինչպես անձնակազմն այդքան արագ գտավ երաժիշտներին, ովքեր եկան՝ չիմանալով, որ գալիս են ոչ թե իրական, այլ բեմադրված հարսանիքի։
Ամեն անգամ, երբ ռեժիսորն ասում էր դուբլը նկարված է, երաժիշտները դադարելու փոխարեն շարունակում էին նվագել նույն ոգևորությամբ, իսկ վերջում ասում էին. «Հարսանիքի երաժշտությունը կիսատ չի կարելի թողնել»,- ժպիտով պատմում է  Մանեն։

Դերասանուհու մեջ առանձնահատուկ կերպով տպավորվել է նաև Ստեփանակերտում՝ «Հարսանիք թիկունքում» ներկայացման պրեմիերայի ժամանակ դահլիճում կատարված դեպքը։
«Ներկայացման վերջում՝  հանդիսատեսի առջև խոնարհվելիս, տեսա, որ դահլիճում մի տղամարդ կա, ով չի ծափահարում, այլ ձեռքերը պարզել է վերև և կանգնել է՝ ասես ինքն էլ դերասան լինի։
Հետո հասկացա…Ներկայացման վերջին դրվագում գլխավոր հերոսը բոլորին կոչ էր անում ձեռքերը վեր պարզած պարել հանուն այն տղաների, ովքեր երկնքից հրամայում են մեզ ապրել։ Դա իրոք փշաքաղեցնող տեսարան էր՝ տեսնել մարդկանց, ովքեր հետևում են բեմից հնչող կոչին և ապրում են հանուն այն տղաների, ովքեր երկնքում են»,- հոգու թրթիռով հիշում է Մանեն։

Դերասանուհին նաև նշում է, որ ֆիլմում կերպարային ոչ մի փոփոխություն չի կատարվել, պարզապես ավելի դետալային է եղել աշխատանքը։ Թատրոնի ջերմությանն ու հանդիսատեսի ծափահարություններին սովոր դերասանուհին «մրսում է» ֆիլմի նկարհանումների ժամանակ. «Ցավոք սրտի, սառը տեսախցիկների առաջ եմ, ոչ թե մեր ջերմ հանդիսատեսի։ Բայց հույս ունեմ, որ թեկուզ այդ սարքերի միջոցով կկարողանանք ողջ ջերմությունն ու էներգիան փոխանցել ֆիլմի էկրանից այն կողմ գտնվող հեռուստադիտողին»։

Դերասանուհու կարծիքով պատերազմների թեման պահանջված է ու պահանջված է լինելու այնքան ժամանակ, քանի դեռ աշխարհում կա պատերազմ։ Նրա պնդմամբ՝ որտեղ էլ լինենք պատերազմի թեման արդիական է, ու որքան էլ մեր երկրում հիմա ամեն ինչ խաղաղ է, միևնույն է, պատերազմը դամոկլյան սրի պես կախված է մեր գլխին։

«Հարսանիք թիկունքում» ֆիլմի հետաքրքիր պատմությունների շարքը Արշո Հարությունյանը եզրափակում է՝ խոսելով թեմայի գլխավոր ուղերձից. «Գլխավորը ուղերձը՝ մեր իրականությունում ապրիլյան պատերազմի ազդեցությունն է մեր էմոցիաների ու գիտակցության վրա, ու միևնույն ժամանակ ապրելու, պայքարելու, չհանձնվելու գաղափարը։
Իմ գլխավոր խնդիրն էր ներկայացման ունեցած հաջողությունն ու ձևավորված էմոցիոնալ դաշտը հանկարծ չկտրել և չթուլացնել ազդեցությունը»։

Հեղինակ՝ Տաթևեր Լազարյան