Առողջ եղունգների գաղտնիքը

Ժամանակի ընթացքում եղունգները կարող են թուլանալ և կոտրվել։ Մատնահարդարումը, քիմիական նյութերը, անառողջ սննդակարգը և մի շարք այլ գործոններ կարող են ազդել եղունգների որակի վրա։ Ինչպես մաշկի, այնպես էլ եղունգների պարագայում  խնամք ու հոգատարություն է պահանջվում: Ժամանակն իրենն է անում. չոր եղանակի ու նյարդային վիճակների պատճառով մեր եղունգները դառնում են փխրուն, իսկ եղունգների նրբամաշկը՝ կուտիկուլան, չոր ու անբարետես: Դրանց առողջությունն ու լավ տեսքը կախված է խնամքից:

Որպեսզի եղունգներն ավելի ամուր ու առողջ լինեն, պետք է օրգանիզմը հարստացնել վիտամիններով, քանի որ եղունգների խնդիրը հիմնականում պայմանավորված է վիտամինների պակասով։ Կան ինչպես սովորական, այնպես էլ հատուկ վիտամինային կոմպլեքսներ կանանց համար։
Բայց նման վիտամինային կոմպլեքսներից զատ, պետք է նաև վերանայել սննդակարգը։ Հարկավոր է ավելի շատ ձկնեղեն ու ծովամթերք, կաթնաշոռ, յոգուրտ, ավոկադո, կանաչ բանջարեղեն, գազար եւ նուշ ուտել։

Եղունգների խնամքի ավելի պարզ միջոց է աղաջուրը։ Աղի մեջ պարունակվող կալցիումը շատ օգտակար է եղունգների սնուցման համար։
Եղունգների աճը խթանող և շերտավորումը կանգնեցնող օգտակար միջոց է գերչակի յուղը, որը ցանկալի է քսել քնից առաջ մաքուր եղունգներին։
Հինան ունի բուժող և վերականգնող հատկություն, և պատահական չէ, որ հնում կանանց ձեռքերի, ոտքերի եղունգների խնամքում օգտագործել են հինա։