«Ես սիրում եմ իմ բոլոր սխալները, դրանք ինձ ավելի իմաստուն են դարձրել»․ Ելենա Բորիսենկոյի անկեղծ ու կանացի զրույցը

Showbiz.amը կանանց միամսյակի շրջանակներում ներկայացնում է հարցազրույցների շարք` հայտնի և սիրված կանանց հետ, և բացահայտում նրանց այն տեսանկյուններից, որոնցից սովորաբար նրանց չենք տեսնում: Խոսում ենք ոչ այնքան նրանց մասնագիտական ձեռքբերումներից, որքան կանացի երջանկության, հաջողության, հիշողությունների, սիրո ու այլ հետաքրիքիր թեմաների մասին:

Մեր այսօրվա հերոսուհին թատրոնի և կինոյի դերասանուհի Ելենա Բորիսենկոն է:

Առաջին ծաղիկների մասին.

«Մանկապարտեզում ընկերություն էի անում մի տղայի հետ, ում հետ մեր ամեն օրը անմոռանալի էինք դարձնում` չարություններ անելով: Մեր չարաճճիությունների ականատեսն ու ինչոր չափով մասնակիցներն էին Գեղարվեստի ինստիսուտի ապագա նկարիչներն ու քանդակագործները: Մեզ խմբով տանում էին Կասկադ զբոսանքի: Բնականաբար այգու ծաղիկները արգելված էր քաղել, բայց ժամանակ առ ժամանակ մի արգելված ծաղիկով տուն էի վերադառնում»:

Ամենաերջանիկ օրվա մասին.

«Երջանկությունը լռություն է սիրում, բայց իմ երջանկությունը դրոշմված էր աչքերիս մեջ: Մարդիկ չեն սիրում երջանիկներին, քանզի երջանկությունն ու երջանիկները դժվարամարս են: Հազար ու մի սուտ պատմություններ հորինեցին` խցկվելով իմ անձնական տարածք, և ի վերջո դա իր դերը խաղաց: Այսօր իմ անմոռանալի ու երջանիկ օրը հիշողությանս մեջ ասոցացվում է բամբասանքի և չարախոսության հետ»:

Ամենահիշվող խորհրդի մասին.

«Իմ առաջին խորհրդատուն ռեժիսոր Խաչիկ Չալիկյանն է: Նա ասում էր, որ յուրաքանչյուր խնդիր փուչիկ է, ու եթե մատով դիպչես` կպայթի: Առ այսօր ես այդպես եմ մտածում: Մարդիկ խնդիրները լուծելու փոխարեն՝ ամեն բան բարդացնում և փչացնում են»:

Ելենա Բորիսենկոյի համար սկզբունքային է

«Ինձ համար չկա «չեմ կարող» հասկացողությունը, կա «չեմ ուզում»: Չեմ հավատում, երբ ասում են չեմ կարող, պարզապես չեն ուզում»:

Կանացի իդեալի մասին.

«Ես չունեի և չունեմ իդեալներ և կոնկրետ կերպարներ, ում ձգտել եմ նմանվել: Ինքս ինձ համար ունեմ հորինած կերպար և չափանիշներ, որոնց փորձում եմ համապատասխան լինել: Դա ամեն օրվա աշխատանք է: Ինքս իմ առջև խնդիրներ եմ դնում և փորձում լինել այդպիսին, հետո ժամանակի ընթացքում դրանք իրականություն են դառնում, իսկ ես արդեն իմ հանդեպ նոր պահանջներ եմ ունենում: Ու այդպես, կարծում եմ, անվերջ»:

Եթե ընձեռնվեր հնարավորություն կյանքում որևէ բան փոխել.

«Ես սիրում եմ իմ բոլոր սխալները, դրանք ինձ ավելի իմաստուն են դարձրել և դարձնում: Իհարկե կան բաներ, որոնք այլ կերպ կանեի: Նախ դպրոցից հետո կգնայի Մոսկվա` սովորելու, որտեղից ինձ կանչում էին, իսկ դա որոշ կարևոր բաներ կփոխեր»:

Կնոջ լավագույն տարիքը.

«Ամեն տարիք ունի և՛ իր լավ, և՛ վատ կողմերը: Եթե չունես վախեր, ապա 40-ից հետո գալիս է այն իդեալական տարիքը, երբ կարող ես քեզ թույլ տալ այն ամենն ինչ մտքովդ անցնում է: Իսկ եթե վախենում ես, ապա գալիս է ծերությունը, երբ դու վախենում ես կնճիռներից, մենակությունից, ինչոր բան չհասցնելուց»:

Հաջողված կարիերայով հպարտանալու մասին.

«Ես հասկանում եմ, որ շատերը գուցե ինձ այդպես են ընկալում, բայց այն, ինչ սովորաբար համարվում է հաջողված դերասանական կարիերա, ինձ համար մի փոքր այլ է: Առավել ևս՝ դրանով չեմ հպարտանում: Ա՛յ լուսահոգի Շուշանիկ տատս էր ինձնով հպարտանում, իսկ ես դեռ շատ անելքներ ունեմ, մինչև ինքս ինձ գոհացնեմ»:

Մասնագիտության մասին.

«Գուցե ամպագոռգոռ հնչի, բայց ես չեմ ընտրել այս մասնագիտությունը, ինքն է ինձ ընտրել: Ես 6 տարեկանում հայտնվեցի թատրոնում, իսկ մինչ այդ արդեն գիտեի, որ ես ոչ թե դերասանուհի պետք է դառնամ, այլ ես արդեն դերասանուհի եմ։ Եղել են շրջաններ, երբ չեմ խաղացել, բայց ներքուստ այդ պրոցեսը միշտ ընթացքի մեջ է: Նույնիսկ եթե վաղը զբաղվեմ այլ գործունեությամբ, միևնույնն է ես դերասանուհի եմ»:

Ի՞նչ կասեր այժմյան փորձով Ելենա Բորիսենկոն 18-ամյա Ելենային

«Ես կասեի ինքս ինձ, Լեն ջան չկա «վաղը», կա միայն «այսօր»՝ այստեղ և հիմա:

Խոհանոցը ինձ համար

«Խոհանոցը ինձ համար ուտելիքը վայելելու վայր է: Ես համեղ եմ պատրաստում և տեսակով գուրման եմ: Սոված կմնամ, բայց եթե կերակուրը համեղ չէ, չեմ ուտի»:

Տղամարդու գլխավոր արժանիքը

«Տղամարդու գխավոր արժանիքը հենց տղամարդ լինելն էբազմիցս ասել եմ այն մասին, որ սիրում են ոչ թե արժանիքների համար, այլ՝ չնայած շատ ու շատ թերությունների»:

Երազանքների մասին.

«Այս պահին երազանքներս նյութական են, որոնք ավելի կարևոր երազանքը կատարելու երաշխիքն են: Առանց չակերտները բացելուքանի դեռ դա երազանքի փուլում է գտնվում: Անձնական կյանքը մնում է անձնական և հրապարակային դառնալու իրավունք չունի»:

Կինը երջանիկ է, երբ

«Կինը միանշանակ երջանիկ է, երբ սիրված է»:

Հեղինակ՝ Դիանա Զաքարյան