Գիտնականները ծերացումը դանդաղեցնելու պարզ միջոց են նշել

Նյու Յորքի նահանգի Սթոունի Բրուքի համալսարանի հետազոտողները հայտնել են այն տարիքը, երբ ի հայտ են գալիս ուղեղի աշխատանքի վատանալու առաջին նշանները, ինչպես նաև որոշել են, թե ինչպես կարելի է դանդաղեցնել այդ գործընթացը: Այդ մասին հայտնել է MedicalXpress պորտալը։

PNAS ամսագրում հրապարակված աշխատության մեջ նյարդակենսաբան Լիլիան Մուխիկա Պարոդին պատմել է այն գիտափորձի մասին, որին մասնակցել է 18-ից մինչև 88 տարեկան շուրջ հազար մարդ: Գիտնականներն ուղեղի ֆունկցիոնալ մագնիսա-ռեզոնանսային շերտագրության միջոցով զննել են, թե ինչպես է փոխվում մասնակիցների ուղեղի տարբեր մասերի միջև փոխգործակցությունը, թե որքանով է այն կախված տարիքից և գործածվող սննդից:

Հետազոտության ընթացքում պարզվել է, որ նեյրոնների միջև ֆունկցիոնալ կապը տարիքի հետ վատանում է: Ուղեղի ծերացման առաջին նշանները կարող են ի հայտ գալ արդեն 47 տարեկանում, իսկ 60-ի մոտակայքում կոգնիտիվ ունակությունների դեգրադացիայի արագությունը հասնում է առավելակետին: Դա, ինչպես կարծում են գիտնականները, շատ բանով կապված է ինսուլինի նկատմամբ օրգանիզմի դիմադրողականության մեծացման հետ: «Երբ մարդը ծերանում է, նրա ուղեղը կորցնում է օրգանիզմ ստացվող գլյուկոզան արդյունավետ մշակելու ունակությունը: Դրա պատճառով նեյրոնները դանդաղորեն քաղցում են, իսկ ուղեղի մասերի փոխգործակցության ցանցերն ապակայունանում են»,- նշել է Մուխիկա Պարոդին: Որպես գլյուկոզայի այլընտրանք գիտնականներն առաջարկել են կետոնները:

Համեմատության համար նրանք մասնակիցներին առաջարկել են երկու սննդակարգ. սովորական և ցածրածխաջրային (օրինակ՝ միս կամ ձուկ՝ սալաթի տերևով, բայց առանց բրնձի կամ կարտոֆիլի), իսկ հետո գնահատել են նրանց ուղեղի աշխատանքի կայունությունը:

Փորձի արդյունքները ցույց են տվել, որ կետոնային սննդակարգը բարելավել է ուղեղի մասերի փոխգործակցությունը և մեծացրել ընդհանուր կոգնիտիվ ակտիվությունը: Ըստ որում արդյունքը նկատելի է եղել նույնիսկ գիտափորձի ավելի երիտասարդ մասնակիցների մոտ, որոնք դեռ չեն հասել 50-ամյա տարիքին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին։