Երկրորդ ալբոմը՝ երեք տարվա սպասումից հետո․ «Նեմրա» խումբը երկրպագուներին ներկայացրեց իր «Հմմ…» սկավառակը, որի շնորհանդեսն ազդարարեց համերգային ծրագրով։ Խումբն այս անգամ ևս երկրպագուներին հնարավորություն տվեց ալբոմը ձեռք բերել նախ սկավառակի տեսքով, ապա օնլայն տիրույթում:
Tert.am Life-ը ներկա է եղել, ֆիքսել հետաքրքիր դրվագներն ու ալբոմի մասին զրուցել կատարողների հետ։
«Մենք սիրում ենք զգալ այն, ինչ անում ենք՝ չենք ընկնում թրենդների հետևից, չենք մտածում, թե ինչքան փող կբերի։ Անում ենք այն, ինչ մեր սրտից է գալիս․ CD կոչված շոշափելի նյութը մեզ համար կարևոր է։ Մենք էլ մեր սիրած խմբերի CD-ները կամ վինիլներն ենք մի կերպ ձեռք բերել: Այդ ավանդույթը մեզ շատ է դուր գալիս, մեր երկրպագուներն էլ մեզ նման մարդիկ են, իրենք էլ են գնահատում դա ունենալը»,- ասաց Վանը։
Խմբի բաս կիթառահարի՝ Վասպուրի խոսքով՝ չնայած օնլայն տարբերակով երգ լսելն ավելի հեշտ է, իրենք էլ տանն ունեն վինիլներ, CD սկավառակներ՝ որպես հուշանվեր։
Վանի խոսքով՝ CD պոստերն էլ իր առանձին պատմությունն ունի, խմբի հավատարիմ երկրպագուները կարող են կռահել դրա իմաստը․ «Մեր CD-ի պոստերը մի առանձին երևույթ է․ պատկերված է սենյակ, որի ամեն դետալ մի երգ է խորհրդանշում։ Գաղափարը մերն է, իրագործել է Սաշա Չուչի Շահմուրադյանը։ Ալբոմի 11 երգն իմացողները կկռահեն, թե այդ սենյակի մեջ պատկերված դետալները ինչ են խորհրդանշում»։
Անդրադառնալով սկավառակի տարբերվող անվանը՝ Վասպուրը, որն էլ առաջարկել է «Հմմ…» տարբերակը, պատմեց․ «Վանը մի երգ էր գրել, որն ինչ-որ մի բանով տարբերվում էր մյուսներից։ Երբ առաջին անգամ տանը երգեց այն, զգացվում էր, որ ուրիշ է, հետաքրքիր գաղափար կար երգի մեջ։ Առաջարկեցի երգի անունը «Հմմ…» դնել, քանի որ շատ տարբերվող էր, մտածեցինք ալբոմի անունն էլ այդպես դնել»:
Շարունակելով խոսել «Հմմ…»-ի ընտրության մասին՝ Վանն ասաց․ ««Հմմ…» հնչյունը մի քանի երգում կա և կշարունակվի մեր երրորդ ալբումում։ Հիմա էլ «Հմմ» մթնոլորտ է ստեղծվել մեր խմբում։ Կան երգեր, որոնցում «Հմմ․․․»-ը մի քիչ ուրիշ ձև է հնչում, օրինակ, Why երգում՝ հարցականով»: Համերգի ընթացքում երկրպագուները կենդանի կատարմամբ լսեցին «Հմմ․․․» երգի պրեմիերան:
Վանն ասաց, որ չեն ցանկանում այս երգը տեսահոլովակով սահմանափակել, քանի որ այն գաղափարային է․ «Թողնում ենք, որ ամեն մեկն իր ձևով հասկանա երգը, տեսահոլովակները, երբեմն, սահմանափակում են մարդկանց երևակայությունը»։ Կատարողի խոսքով՝ հաջորդիվ երկրպագուները կարող են սպասել «Նարե» երգի տեսահոլովակին։
Մարիան էլ անդրադարձավ Why երգի հոլովակին, որը տարբերվում է մյուս գործերից․ «Շրջակա միջավայրը մեզ շատ հուզից, դրա համար որոշեցինք այդ թեմային անդրադառնալ տեսահոլովակով։ Երգը ևս բնապահպանական թեմայով է՝ երկխոսություն Երկիր մոլորակի և մարդկության միջև։ Խուսափեցինք պաթոսից, մտածեցինք ներկայացնել այն, ինչ կա տեսահոլովակում։ Բնապահպանական կազմակերպություններին ենք դիմել, իրենք էլ մեզ տրամադրել են վավերագրական կադրեր»։
Մինչ երկրպագուները կլսեն ու կգնահատեն «Նեմրա»-ի սկավառակը, կատարողները կմեկնեն Լեհաստան՝ մասնակցելու Վարշավայում անցկացվող փառատոնին: « Ելույթ ենք ունենալու «Տրանսկավկազիա» փառատոնի ժամանակ։ Հայաստանից ներկայանում ենք մենք: Լինելու են խմբեր Ադրբեջանից, Վրաստանից, Լեհաստանից, Անգլիայից։ Սա մրցութային ծրագիր չէ, խաղաղասիրական փառատոն է, որի միտքն այն է, որ մշակույթի մեջ քաղաքական խաղերը դեր չունեն։ Թեկուզ թշնամի ազգերի խմբերը կարող են նույն բեմի վրա ելույթ ունենալ, ընկերություն անել, միասին ստեղծագործել։ Փառատոնի հաջորդ օրը գնալու ենք ձայնագրման ստուդիա և միասին իմպրովիզ երգ ենք ձայնագրելու»,- ասաց Վանը։
Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի
Հեղինակ Զառա Ղազարյան
Աղբյուրը՝ Life.tert.am