Հոլիվուդյան դերասանուհի Էյզա Գոնսալեսը Hollywood Reporter-ին տված հարցազրույցում խոստովանել է, որ շատ է սրտնեղել, երբ իմացել է, որ Բեթմենի մասին նոր ֆիլմում Կատու կնոջ դերը վստահել են ոչ թե իրեն, այլ Զոյի Կրավիցին։
30-ամյա դերասանուհին հայտնել է, որ մեծ հույս ուներ, որ Կատու կնոջ (Սելինա Կայլ) կերպարի համար իրեն կընտրեն, սակայն ֆիլմի ռեժիսոր Մեթ Ռիվզն, ի վերջո, դերը վստահել է «Մեծ փոքր սուտ» (Big little lies) սերիալի աստղ Զոյի Կրավիցին։
Հարցին, թե արդյոք իրեն պատկերացրել է այդ դերում, դերասանուհին դրական պատասխան է տվել։
«Հնարավոր չէ չպատկերացնել։ Ես իմ յուրաքանչյուր դերին պատրաստվում եմ յուրահատուկ կերպով։ Ես ապրում և շնչում եմ այդ կերպարով։ Քեզ պետք է պատկերացնես այդ դերում՝ դրան լիովին տրվելու համար»,- հայտնել է դերասանուհին։
Չնայած մեծ հիասթափությանը, դերասաահունին խոստովանել է, որ դա նույնպես իր աշխատանքի մի մասն է, և ձախողումը մի ֆիլմում շատ հաճախ հանգեցնում է բոլորովին նոր դերի։
«Սիրտս կոտրված էր։ Սիրահարվում ես, անցնում բոլոր փուլերը, բայց վերջում չես ընտրվում։ Դա նման է հարաբերության, որը ոչնչի չի հանգեցնում»,- հավելել է նա։