Այսօր Թատրոնի օրն է ու այդ առթիվ դերասանուհի և հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը յուրահատուկ ու հետաքրքիր լուսանկար է հրապարակել, որում կրում է իր իսկ նկարով խալաթ։ Հրապարակմանը կից Նազենին գրել է․
«Ես միշտ ունեցել եմ մի դեմք, մի հոգի, մի մարմին , մի ողնաշար, մեկ բանականություն ու մի սիրտ: Եվ արվեստին միշտ մնացել եմ հավատարիմ. ես ու Նա: Դերասանի կյանքը` սիրտը մեծ, շատ լայն պահելն է, որ տարբեր ու հետաքրքիր հերոսներ, մարդիկ ու դերեր «տեղավորվեն», ապրեն այնտեղ: Դերասանի կյանքը իր ողնաշարն ամուր պահելն է, որ իր խաղացած բոլոր կերպարների հենվելուց` այն ծանրության տակ չկքի, չկոտրվի ու չճկվի: Դերասանի գործը մարմինն անընդհատ կրթելն է, որպեսզի մարնեղ դարձնի բնավորությունը իր հերոսի` ինչպիսին էլ այն լինի, դերասանի իմաստը` իր կյանքն ամեն վայրկյան բովանդակությամբ լցնելն է, որպեսզի շունչ ու հոգի տա իր կերպարին, որպեսզի լույսով պատի իր ստեղծածն ու ստվերներով տարանջատի բնավորության գծերը` իր հերոսի: Դերասանի ստեղծագործ ընթացքը բանական էակ ստեղծելն է, որին հավատան ու որին սիրեն: Դերասանի գործը գոյելն է, անընդհատ ապրելն ու նոր կյանք ստեղծելն է` հաճախ մոռանալով նույնիսկ ի՛ր կյանքը: Ես չեմ սիրում «դերասան» եզրույթը, ամեն դեր ասող ախր ստեղծող չէ: ԱԿՏ, գործողություն, արար, արարք, գոյ, ծնունդ , որ բառով էլ կոչենք ավելի ճիշտ է, քան դերասանը: Actor! Attrice … Պաշտպանեք ու պահպանեք այդ տարօրինակ կերպարներ ստեղծողին, իր գոյությամբ անընդհատ իր ստեղծածներին սնողին ու վերջում` կատարսիսով ձեր` հանդիսատեսի հոգիները մաքրողին: Կյանքի իմաստը հավերժորեն փնտրող ու ադպես էլ իրենք իրենց չգտնող … Շնորհավոր ահռելի, բազմաբովանդակ ու չգնահատված այդ աշխարհի` Նորին Մեծություն Թատրոնի օրը»։