«Կատաստրոֆա», «Ինձ չեն խաբում, ես եմ խաբում»․ հայ հայտնիները ապրիլիմեկյան կատակների ու կորոնավիրուսի մասին

Այս օրերին, երբ Հայաստանում բոլորը մտահոգված են կորոնավիրուսի տարածմամբ  և քայլեր են ձեռնարկում հնարավորինս արագ հաղթահարելու ստեղծված իրավիճակը, սոցիալական ցանցերում գերակտիվ վիճակ է:
Հայկական շոու-բիզնեսի մի մասը խորհրդավոր լռում է, մի մասը թեմային համահունչ լինելու  համար բժշկական դիմակներով նկարներ հրապարակում, ոմանք էլ քաջալերող խոսքեր են գրում ու փորձում մի փոքր դրական գույն ավելացնել։
Showbiz.am կայքի հետ զրույցում հայ հայտնիները կիսվեցին, թե ինչպես են վերաբերվում ստեղծված իրավիճակին, ինչպես են պայքարում կորոնավիրուսի դեմ ու չեն մոռանում խոսել նաև ապրիլի 1-ի մասին՝ խոստովանելով, թե այս օրն ում են խաբել և ում կողմից են խաբվել։

Դերասան, ռեժիսոր Տիգրան Նալչաջյանը մարտի 5-ին հանդիսատեսի դատին հանձնեց իր՝ «Դասարանցիները» գեղարվեստական նոր ֆիլմը, որի պրեմիերան տեղի ունեցավ մարտի 4-ին։ Տիգրանն այնտեղ հանդես եկավ թե՛ որպես դերակատար, թե՛ որպես պրոդյուսեր։
Նալչաջյանը ստեղծագործական ակտիվ գործունեություն ծավալելուց բացի դասավանդում է դերասանի վարպետություն դերասանական ստուդիայում, սակայն հիմա կարանտինի պատճառով տանը մնալն ամենևին էլ նրա համար դժվար ու անտանելի չի թվում։

«Իրականում, կարանտինի օրերն ունեն դրական կողմեր, որոնցից, ինչպես հասկանում եմ, քչերն են օգտվում։ Շատ լավ պահ է կյանքը վերաարժևորելու համար, պետք է սկսել աշխատել բոլոր այն գործերի վրա, որոնք միշտ հետաձգել ենք։ Ես ամբողջությամբ նվիրվել եմ ինքնակրթությանը, ստեղծագործական աշխատանքին և, իհարկե, հանգստին։ Կարդում եմ հնարավորինս շատ, քանի որ այլևս այսքան ազատ ժամանակ չեմ ունենալու։ Իսկ իմունիտետի համար, ինչպես միշտ, սնվում եմ հնարավորինս ճիշտ և օրական 2 ժամ զբաղվում եմ սպորտով՝ չնայած դրանով զբաղվում եմ արդեն ավելի քան 20 տարի»,- պատմում է Տիգրանն ու հիշում, թե մի քանի տարի առաջ ինչ ապրիլմեկյան կատակ է արել բոլորի հետ. «Ճիշտն ասած հենց գալիս է ապրիլի 1-ը` միշտ փորձում եմ ուշադիր լինել և ամեն անգամ հիշել՝ ինչ օր է, որպեսզի չխաբվեմ։ Հիշում եմ՝ մի քանի տարի առաջ մի կայքի հետ պայմանավորվեցի ու նյութ հրապարակեցինք, իբրև իմ նոր ֆիլմում նկարահանվելու են Մոնիկա Բելուչին և Չակ Նորիսը»։

Միշտ դրական ու հումորով դերասան Արման Ղազարյանն, ինչպես միշտ, անկեղծ էր։
«Կարանտինը նորմալ կանցներ, բայց երբ երկու երեխա մեկ տան մեջ են՝ կատաստրոֆա է։ Իմունիտետը բարձրացնելու համար ամեն օր մեղր և կիվի ենք ուտում։ Անգործությունից լիմոնի ծառ եմ գնել։ Ամեն երեկո երեխաներս մանկական ներկայացում են խաղում մեզ համար։ Ես ու կինս երազում ենք, որ դասերը շուտ սկսվեն, թե չէ կխելագարվենք»,- անկեղծ խոստովանում է Արմանը։ Դե իսկ ապրիլի 1-ն էլ լավ առիթ է հիշվող կատակներից մեկը պատմելու․ «Ապրիլի 1-ին ինձ մի անգամ զանգահարեցին ու ասացին, որ ներկայացում ունեմ։ Ես էլ ափալ-թափալ վազեցի թատրոն ու ադրեն հագնվում էի, երբ հիշեցի, որ ապրիլի 1-ն է»։

Թատրոնի և կինոյի դերասանուհի Ժաննա Վելիցյանն այժմ նկարահանվում է Ելենա Արշակյանի «Սիրուն Սոնա» նոր հեռուստասերիալում։ Դերասանուհին միաժամանակ խաղում է նաև Համազգային թատրոնում, որը սակայն կորոնավիրուսի համաճարակի պատճառով, ինչպես և մյուս թատրոնները, ժամանակավորապես փակ է։
«Այս օրերին փորձում եմ հնարավորինս բարձր պահել տրամադրությունս, չընկճվել, հույսը չկորցնել:
Զբաղվում եմ այն բոլոր գործերով, որոնք ժամանակի սղության պատճառով մղվել էին հետին պլան: Գուցե կրկնվեմ, բայց չեմ կարող չնշել, որ կարդում եմ, ֆիլմեր եմ դիտում, նաև կարճ սերիալներ: Առանձնահատուկ ոչինչ չեմ անում իմունիտետը բարձրացնելու համար, փորձում եմ հնարավորինս պահպանել արտակարգ դրության կանոնները:
Բոլոր պլաններս հետաձգվել են արտակարգ դրության պատճառով: Ռիթմից ընկել եմ»,-մեզ հետ կիսվում է է Ժաննան։ Դերասանուհին օրվա առիթով նկատում է, որ ապրիլի 1-ին իրեն հիմնականում ոչ ոք չի խաբում, հակառակը՝ ինքն է խաբում․ «Իհարկե, ապրիլի 1-ի հետ կապած դեպքեր շատ են եղել: Հատկապես դպրոցական տարիներին: Ավելի դյուրահավատ ենք այդ տարիքում։ Բայց ավելի շատ ես էի խաբում, քան ինձ էին խաբում: Խաբում էին, բայց հազվադեպ էի հավատում»։

Դերասանուհի և երգչուհի Քնարիկ Զաքարյանը շատ ուրախ է, որ վերջապես նրան հնարավորություն է ընձեռվել վայելել ազատ ժամանակը երեխաների հետ։
«Ինձ թվում է այս վիրուսը մեզ բոլորիս տրվել է ի վերուստ, որպեսզի վերանայենք մեր հոգին ու մեր միտքը, մեր սխալները։ Պայքարում եմ վիրուսի դեմ՝ տանը մնալով։
Տարբեր կերակուրներ եմ պատրաստում, երեխաներիս հետ դաս անում, գիրք կարդում, ֆիլմեր դիտում։ Գնումներ նախապես կատարել եմ, որպեսզի հաճախ տանից դուրս չգամ։ Ինձ թվում է՝ սա հնարավորություն է լինել ընտանիքի անդամների հետ, վայելել, երբեմն էլ գժվել փոքրիկների ներկայությունից, որովհետև բազմազբաղ առօրյայում քիչ ժամանակ է մնում անմիջական շփման համար»։

 

 

Հեղինակ՝ Տաթևեր Լազարյան