«Երանի նրանց, ովքեր կարող են ասել ՊԱՊ, ու լսեն` հա ջան»․ Տաթև Սարգսյանի հուզիչ գրառումը՝ հոր մահից հետո

Դերասանուհի Տաթև Սարգսյանը որոշ ժամանակով ջնջել էր Ինստագրամի իր էջի լուսանկարներն ու անհետացել տեսադաշտից։ Դերասանուհու երկրպագուներն անհանգստանում էին ու երեկ, Տաթևը լուսանկար հրապարակեց և դրան կից գրառմամբ հայտնեց այն մասին, որ շատ ծանր կորուստ է ունեցել։ Մահացել է դերասանուհու հայրը ու նա հուզիչ գրառում է կատարել։

«Չգիտեի, որ այս տարին տանելու է այսքան շատ… ու դառնալու անտանելի… Եվս մեկ օր անցավ, բայց ոչ «ան-ցավ»… Ես չգիտեի, որ վերջին անգամ եմ հետդ խոսում, չգիտեի, թե ի՞նչ է նշանակում ատել աշխարհը, չգիտեի, որ մի ամբողջ կյանք պատրաստվում էի այս ցավի համար… չգիտեի դաժանություն, դժբախտություն, դատարկություն… չգիտեի, որ դու կարող ես չլինել… Սրտիս վրա անարդար լռություն է կարած… Չեմ կարող գտնել սառնասիրտ լինելու տարբերակ, որպեսզի հասկանամ, թե ամեն ինչ ժամանակին է լինում.. Ժամանակը կանգ է առել երկար ժամանակով… որևէ բան հասկանալու համար պիտի վերածնվեմ… Երկինքը, որն այդքան շատ էի սիրում, շուռ եկավ գլխիս, դաղեց, չոքել եմ… էդ անծայրածիր երկինքը դավաճան է.. իսկ ժամանակը դահիճ. քոքից կտրել է ամուրը, քաղցրը, անփոխարինելին, ջերմությունը, լույսը, բարությունը, կարոտը… կյանքը… Դրանք երկուսը քոքից կտրել են կյանքս… ուժս ինչի՞ս է պետք, եթե անզոր եմ, եթե աշխարհի մեջ «հատիկ» եմ, եթե «կաթիլ» եմ, եթե ավելորդ եմ բախտի որոշումների մեջ… Իմ կարոտը չչափեցին ու առանց ինձ հետ մրցելու ինձ հաղթեցին… ուժս ինչի՞ս է պետք, եթե երազանքներս օդում մնացին…. Ես երբեք սենց ցավի համար առանձին ուժ չէի պահել, Պապ… Ծնողս… Ինձ ասում էիր հանդուրժող լինել..․ ես քեզ խոստանում եմ «մեծանալ» ու ներել բախտը, բայց դեռ երկար բախտից երես կթեքեմ… սրտիս արագ աշխատանքից արթնանում եմ, ուզում եմ հավատաաաաաամմմմ՝ երազ էր, բայց կոկորդիս կանգնած իրականություն է… Ծնվում ես, որ ի՞նչ, որ սովորես ճանապարհել քեզ ծնողի՞ն… Երանի նրանց, ովքեր կարող են ասել՝ ՊԱՊ, ու լսեն` հա ջան… իսկ ես չեմ դիմանում լռությանը… Երանի երանի տայի ինձ… Մաման ասում ա՝ իր վերջին՝ քեզ 7 անգամ զանգելուց հետո հետ կզանգես… Ինձ էլ ա դեռ թվում, որ կփոխես ամեն ինչ… Ինձ կյանք տվող, Ինձ կյանք տալուց բացի այնքան շատ ես «կյանք տվել»… Եղիցի լու՛յս Քեզ հետ, աչքիս լույս…» – լուսանկարին կից գրել է Տաթևը։