Նարինե Պետրոսյանը՝ «Պատվի համար»-ում իր կերտած կերպարի, նոր ներկայացման ու այլ հետաքրքիր թեմաների մասին

Հայտնի դերասանուհի Նարինե Պետրոսյանը, ինչպես մեր քաղաքացիների մածամասնությունը՝ իր ընտանիքի հետ գտնվում է տնային մեկուսացման մեջ։ Այս ընթացքում դադարեցվել են բոլոր թատրոնների աշխատանքները ու Երևանի Դրամատիկական թատրոնը նույնպես փակ է, ներկայացումները հանված են, փորձերը դադարեցված։ Դերասանուհին պատմում է, որ ընտանիքում փորձում են ամեն ինչ անել՝ օրերն ավելի ուրախ անցկացնելու համար․ «Տանը մնալուն լավ եմ նայում, երեխաներս հեռավար ուսուցման են անցել, օրվա մեծ մասը նրանց երկուսի դասապրոցեսի մեջ ենք, փոքրիկս նույնպես մեզ հետ միասին ներգրավված է դրա մեջ։ Դրանից հետո երեխաներս պատշգամբում անվաչմուշկներով սահում են, տարբեր խաղեր են խաղում։ Ես էլ իմ հերթին փորձում եմ անել այն ամենն ինչին մինչ այս, այսպես ասած, «ձեռքս չէր հասնում» զբաղվածության պատճառով։ Դարակներ եմ դասավորում, այլ տնային գործեր եմ անում և փորձում ինձ դեպի լավը տրամադրել։ Շատ սխալ է սրտնեղելն ու վախենալը, քանի որ սթրեսից իմունային համակարգը թուլանում է և այդ դեպքում դու ավելի խոցելի ես դառնում ցանկացած վարակի համար։ Ու եթե հայտնվել ես նման իրավիճակում, պետք է ինքդ քո համար դրական բաներ ստեղծես»։

Showbiz.am-ի հետ զրույցում Նարինե Պետրոսյանը պատմել է «Պատվի համար» բազմասերիանոց ֆիլմի, դրանում իր կերպարի առանձնահատկությունների, դերասանուհի դառնալու իր որոշման, հոբբիի և այլ հետաքրքիր թեմաների մասին։

– Ինչպե՞ս ստացաք «Պատվի Համար» ֆիլմում խաղալու առաջարկը: Սպասվա՞ծ էր այս դերը Ձեզ համար, թե՞ անակնկալի եկաք առաջարկը ստանալիս:

– Ճիշտն ասած առաջարկն անակնկալի բերեց ինձ, քանի որ գիտեի, որ Հանրային Հեռուստատեսությունը սկսել է մեր գրողների գործերն էկրանավորել, բայց հստակ չգիտեի, որ գործն է հենց նկարահանվելու կամ ով է նկարահանելու։ Ինձ զանգահարեց Հրաչ Քեշիշյանի ադմինիստրատոր-օգնական Գայանե Աջոյանը, պատմեց նախագծի մասին ու հարցրեց, արդյո՞ք համաձայն եմ իրենց միանալ։ Ես մեծ սիրով համաձայնեցի, բայց այդ ժամանակ խոսք չգնաց, թե ինչ դեր է լինելու։ Շատ լավ ստացվեց, որ այդ ընթացքում մեր թատրոնում վերանորոգում էր, մեր փորձերի գրաֆիկը համեմատաբար ավելի թեթև էր, և իմ զբաղվածությունն այնքան էլ շատ չէր։ Այդ իսկ պատճառով կարողացա նկարահանվել այս նախագծում և համատեղել նկարահանումներն ու թատրոնի փորձերը։

– Ու՞մ հետ էիք առաջին անգամ հանդիպել այս ֆիլմի նկարահանման հրապարակում: Ու՞մ հետ էիք մինչ այդ արդեն աշխատել և առհասարկ ինչպե՞ս էին անցնում նկարահանումները:

– Գրեթե բոլորի հետ ծանոթ էի, ուղղակի կային դերասաններ, որոնց հետ չէի աշխատել։ Ինձ համար լավ բացահայտում էր իմ փոքր եղբոր դերակատար Ներսես Ավետիսյանը։ Թե՛ Ներսեսին, թե՛ Մանեին ճանաչում էի մոտ տարի ու կես առաջ Գյումրիում բեմադրված Հրաչ Քեշիշյանի «Ոչինչ չի մնա» ներկայացումից, որը համանուն ֆիլմի նորացված տարբերակն էր։ Հենց այնտեղ էլ նրանց հետ ծանոթացել եմ, պարբերաբար հանդիպում էինք, շփվում, բայց որպես համատեղ աշխատանք՝ սա առաջինն էր։

– Պատմեք Ձեր դերի մասին: Ինչպիսի՞ դրական կողմեր եք փորձել ցույց տալ առաջին հայացքից բացասական կերպար համարվող Ռոզալիի մեջ, ի՞նչ առանձնահատկություններ ունի այդ հերոսը:

– Սկզբում, երբ առաջարկն եղավ ու ես կարդացի սցենարը, ասացի «այս ինչ հետաքրքիր է դերի համար ամեն ինչ գրված», որովհետև դերն իր մեջ բացասական նոտաներ ունի, բայց շատ հետաքրքիր սկիզբ, զարգացում և ավարտ է ունենալու։ Դա արդեն հեռուատադիտողները կտեսնեն։ Այդ ամբողջ ընթացքում տեսնում ենք, որ այս աղջիկը մեկ անգամ է սխալվում, երկրորդ, երրորդ և վերջում՝ արդեն ինչ-որ պատի բախվելուց հետո, սկսում է ինքն իրեն տարբեր հարցադրումներ անել և փորձում այլ ուղով գնալ։ Ես ճիշտն ասած, միանշանակ նրան խղճում եմ, որովհետև Մարգարիտն ունի ձգտումներ, նպատակներ ու հստակ ուղի, նա ձևավորված անհատականություն է իր տեսակով ու հայացքներով։ Իսկ Ռոզալիի դեպքում լավ պայմաններում մեծացած լինելը խանգարել է, նրան շատ են փաղաքշել ու ամեն ինչից զերծ պահել։ Դրա համար էլ նա կյանքին պատրաստ չէ ու հենց այդ պատճառով էլ ավելի ագրեսիվ է, ավելի նախանձախնդիր, որովհետև նա հաստատված ու կայուն անձնավորություն չէ։ Նա միշտ փնտրում է այնպիսի տղամարդու, ով վերջնական կլինի իր կողքին ու ինքն արդեն որպես կին երջանիկ կլինի, բայց ամեն անգամ ինչ-որ սխալ տեղերում է նա փնտրում այդ մարդուն։ Ես նրան իրոք խղճում եմ, քանի որ Ռոզալին չինքնահաստատված, սուտ ու փուչ գումարների շղարժի տակ ապրող անձնավորություն է։

– Ի՞նչ բարդություններ եք ունեցել այդ կերպարը մարմնավորելիս, եղե՞լ են Ձեր ու կերպարի միջև այնպիսի բախումներ, որոնք Դուք հաղթահարել եք, որպեսզի դառնաք նրա նման:

– Բարդություններ, որպես այդպիսին չեմ ունեցել, ինձ մոտ մի քիչ խնդիր կար, որի մասին ասսել եմ նաև Հրաչ Քեշիշյանին։ Ես ուզում եի հասկանալ, թե ինչպես ցույց տալ Ռոզալիին այնպես, որ իր հագուստի, աքսեսուարների, արտահայտչամիջոցների ու անսանձ կերպարի հետ մեկտեղ նա արհեստական չլինի։ Միայն այդ մտավախությունն ունեի, որպեսզի Ռոզալին չլինի սուտ ու իրականությունից կտրված կերպար, դրա համար ես փորձում էի այնպես անել, որ նա, թեկուզ իր այդ կերպարով ու բնավորությամբ, միևնույնն է իր մարդկային տեսակով լինի ընկալելի։ Ցակացած մարդ էլ իր մեջ դրական ու բացասական կողմեր ունի, և ինձ համար կարևոր էր նրան ներկայացնել որպես մարդ, այլ ոչ թե ուղղակի բացասական կերպար։ Նա պարզապես իր սխալներից չարացած, ծնողների կողմից բավարար սեր չստանալու և այլ պատճառներով վրդովվում է, բողոքում, փորձում այդ ամենը կոմպենսացնելու համար անդադար իր արտաքինի վրա կենտրոնանալ։ Այլ բարդություններ չեմ ունեցել, քանի որ ինձ շատ հետաքրքիր էր, նման դեր չէի ունեցել ու մանավանդ հեռուստատեսությունում։ Ինձ, որպես դերասանուհի, իսկապես, շատ հետաքիրիր ու հաճելի էր այդպիսի կերպարով ներկայանալը։

 

– Մոտ ապագայում ո՞ր ֆիլմում, նախագծում կամ նոր ներկայացման մեջ կարող ենք տեսնել Ձեզ:

– Ելնելով ստեղծված իրավիճակից հիմա շատ նախագծեր պարզապես հետաձգվեցին կամ չեղարկվեցին։ Հեռուստատեսայն առաջարկներ այս պահին չունեմ, իսկ մեր ներկայացման փորձերն այս պահին դադարեցվել են։ Դրամատիկական թատրոնում Հրաչյա Հարությունյանի հետ նոր ներկայացման մեջ եմ ներգրավված, այդ ներկայացման մեջ կտեսնեք շատ լավ դերասանական կազմ՝ Լուիզա Ղամբարյանին, Մարիամ Ադամյանին, Լևոն Հախվերդյանին և շատ այլ տաղանդավոր դերասանների։ Ֆրանսիական շատ հետաքրքիր պիեսի հիման վրա բեմադրված ներկայացում է ու ինձ էլ շատ լավ դեր է վստահվել Հրաչյա Հարությունյանի կողմից։ Մեր թատրոնն էլ հիմա վերազինվել է նոր տեխնիկայով, ձայնային ու լուսային էֆֆեկտներով, ու այդ ամենը ներկայացման մեջ կօգտագործվի։ Աստված առաջ, ինձ համար էլ սա շատ կարևոր դերակատարում պետք է լինի, չեմ ուզում բացել փակագծերը, բայց կասեմ, որ իմ առաջ դրված որոշ խնդիրներ պետք է հաղթահարեմ, որպեսզի կարողանամ մարմնավորել այդ կերպարը։

– Երբևէ ունեցե՞լ եք այնպիսի խնդիր, որ կերպարը չհավանեք և չցանկանաք մարմնավորել:

– Այո, դեպքեր լինում են, որ հրաժարվում եմ։ Իմ կյանքում եղել է այնպիսի շրջան, երբ ինձ առաջարկվել է շատ հետաքրքիր դեր, բայց այդ ժամանակ իմ երրորդ երեխան նոր էր ծնվել, ու ես այնքան տարված էի իմ երեխայով, ուրիշ հոգեվիճակի մեջ էի ու կարծես առիթ էի փնտրում դրանից հրաժարվելու, բայց այնպես ստացվեց, որ ինչ-ինչ պատճառներով որոշ պայմաններ ի հայտ եկան, ու երբ այդ ամենը չստացվեց, ես հասկացա, որ դա իմը չէր ու հենց այդպես էլ պետք է լիներ։ Հնարավոր է, որ տեքստը կարդաս ու հասկանաս, որ այդ տեքստը պարզապես չի կարող քո բերանից դուրս գալ։ Անցյալ տարի էլ առաջարկ ստացա ու երբ կարդացի տեքստը, ասացի «ես սա չեմ կարող ասել»։ Ինձ երբեմն հարցնում են, թե ինչու՞ շատ չեմ երևում հեռոստատեսությամբ, իսկ ես ասում եմ, որ չունեմ երևալու խնդիր, որովհետև վստահ եմ, որ պետք է լինեմ այնտեղ, որտեղ կզգամ, որ պետք է երևամ։ Իսկ այնտեղ, որտեղ ես ինձ չեմ տեսնում, դերը, դերասանական խումբը կամ ռեժիսորը ինձ հետաքրքիր չեն, ես ինձ այնտեղ տեսնելու ամբիցիա չունեմ։ Հանրայինը շատ լավ ուղի է բռնել՝ մեր սիրելի ստեղծագործությունները նորովի ներկայացնելով, ու սա պետք է մեր հեռուստատեսային նախագծերի համար նշաձող դառնա, քանի որ բոլորս պետք է գիտակցենք, որ մեր ֆիլմերով, ներկայացումներով, հեռուստատեսային նախագծերով մենք սերունդ ենք կրթում։

– Եթե Ձեր կյանքն այնպես դասավորվեր, որ Դուք չդառնայիք դերասանուհի, ապա ի՞նչ մասնագիտություն կընրեիք:

– Ինչ մասնագիտություն էլ ընտրեի, ամեն դեպքում արվեստի հետ կապ կունենար։ Հնարավոր է լինեի դիզայներ կամ բալետի պարուհի, որն իմ չիրականացած երազանքն է։ Բալետն իմ թուլությունն է ու որպես հոբբի, ժամանակ առ ժամանակ ես զբաղվում եմ խորեգրաֆիայով՝ մարմինս կոփելու ու մաքրելու համար։ Նաև շատ սիրում եմ գեղանկարչությունը։ Ես հաշվարկի մարդ չեմ, հաստատ ծրագրավորող կամ բժիշկ չէի լինի, վստահ եմ, որ անպայման արվեստի հետ կապ կունենայի։

– Ո՞վ կամ ի՞նչն է ազդել դերասանուհի դառնալու Ձեր որոշման վրա:

– Երևի թե կյանքի ընթացքն ու միշտ արվեստին մոտ լինելն է շատ ազդել։ Դեռ մանկուց տարբեր խմբակների եմ հաճախել՝ արվեստի, լեզուների։ Հաճախում էի արվեստի զարգացման խմբակ, որտեղ նկարում էինք, երգում, ներկայացումներ բեմադրում և հենց այդ ընթացքում սկսեցի բեմ բարձրանալ, հայտնվել գլխավոր դերերում, առաջնային պլանում, այդ ամենն էլ երևի հանգեցրեց այդ որոշմանը։

– Ձեզ համար ո՞րն է ավելի հոգեհարազատ՝ թատրոնը, թե՞ կինոն:

– Ամեն դեպքում թատրոնն ինձ համար շատ ավելի հոգեհարազատ է, ու չեմ կարող դա թաքցնել։ Տարիներ շարունակ ես թատրոնում էլ եմ խաղում, ֆիլմերում էլ, բայց ամեն դեպքում թատրոնն այն տեղն է, որտեղից ես դուրս եմ եկել։ Կարծում եմ՝ դերասանի զարգացման, հղկման և կայացման գործում թատրոնը առաջին ու ամենակարևոր գործոնն է։

– Ապագայում ո՞ր ժանրում եք ցանկանում Ձեզ փորձել կամ կա՞ այդպիսի կոնկրետ կերպար, որը կցանականաք մարմնավորել:

– Շատ եմ ուզում որպեսզի ժանրերը տարբեր լինեն, սիրում եմ պարային, պլաստիկ ներկայացումներ։ Սիրում եմ կենսագրական ֆիլմեր ու կարծում եմ, որ մենք շատ ունենք արժանի մարդիկ, որոնց կյանքի մասին պետք է նկարահանվեն ֆիլմեր։ Իսկապես ուզում եմ, որ մեզ մոտ նույնպես այդ մշակութը զարգանա ու մենք կարողանանք մեր մեծերի կենսագրություններն էկրանավորել։ Ինձ շատ հետաքրքիր է Էլվինա Մակարյանի կերպարը, ու եթե նրա կյանքի, ստեղծագործական ընթացքի մասին ֆիլմ նկարահանվեր, կցանկանայի մարմնավորել Էլվինա Մակարյանին։ Դա որպես օրինակ եմ նշում, բայց իրականում մենք շատ լավ երգիչներ, դերասաններ, կոմպոզիտորներ, նկարիչներ ու արվեստի ներկայացուցիչներ ենք ունեցել, որոնց կյանքն ու ստեղծագործական ժառանգությունը արժեք են մեզ համար։

Հեղինակ՝ Դիանա Զաքարյան