Արքայազն Չարլզը կորոնավիրուսից ապաքինվելուց հետո առաջին անգամ տեսաուղերձով դիմել է բրիտանացիներին

Ուելսի արքայազն Չարլզը նոր տեսակի կորոնավիրուսի համավարակի ֆոնին տեսաուղերձ է հղել բրիտանացիներին՝ հարգանքի տուրք մատուցելով բուժաշխատողներին և խանութների աշխատակիցներին, գրում է Daily Mail-ը։

71-ամյա արքայազնի խոսքով՝ մարդկությունը ստիպված է անցնել այնպիսի ցավալի փորձությունների միջով, երբ ընտանիքի և ընկերների ներկայությունն այլևս անհնար է դարձել, իսկ կյանքի բնականոն ընթացքը խաթարվել է։

«Նման աննախադեպ և տագնապալի ժամանակներում ես և կինս հատկապես մտածում ենք բոլոր նրանց մասին, որոնք այս դժվար և ոչ  նորմալ պայմաններում կորցրել են իրենց սիրելիներին, ինչպես նաև նրանց մասին, որոնք հիվանդ են, մեկուսացման և միայնության մեջ»,- ասել է նա։

Բացի այդ, Չարլզը նաև բարձր է գնահատել Առողջապահության ազգային ծառայության և խանութների աշխատակիցների աշխատանքը՝ ընդգծելով, որ նրանք երկրի աջակցության կարիքն ունեն։

«Որպես ազգ, մենք բախվել ենք չափազանց բարդ իրավիճակի, որը, ինչպես մենք շատ լավ հասկանում ենք, սպառնալիք է մեր միլիոնավոր համաքաղաքացիների գոյությանը, բիզնեսին և բարեկեցությանը։ Մեզնից ոչ ոք չի կարող ասել, թե այն երբ կավարտվի, բայց, ի վերջո, կավարտվի։ Եկեք ապրենք հույսով և հավատով ինքներս մեր և միմյանց հանդեպ՝ անհամբեր սպասելով ավելի լավ ժամանակների գալուստին»,- ասել է նա։

Արքայազն Չարլզը կորոնավիրուսի առկայությունը ստուգող թեստ էր հանձնել մարտի 25-ին. թեստը դրական պատասխան էր տվել։ Հիվանդության հաստատումից հետո նա անցել էր ինքնամեկուսացման ռեժիմի, նրա մոտ հիվանդության թույլ արտահայտված ախտանշաններ են եղել։ Արքայազնի կնոջ՝ Կամիլայի մոտ կորոնավիրուս չի հայտնաբերվել։

Ներկայում Չարլզը 72-ամյա Կամիլայի հետ գտնվում է շոտլանդական Աբերդինշիր կոմսության Բիրքհոլ առանձնատանը։