3 պատճառ բանանի կեղևը դեն չնետելու համար

Բանանն ամենահամեղ ու օգտակար մրգերից մեկն է, որն օժտված է բազմաթիվ առողջարար հատկություններով, սակայն քչերին է հայտնի, որ ոչ պակաս օգտակար է նաև բանանի կեղևը, որը որպես կանոն մարդիկ դեն են նետում։ Bright Side կայքը ներկայացրել է բանանի կեղևի ամենաօգտակար հատկություններն ու երեք պատճառ այն դեն չնետելու համար։

Մասնագետների խոսքով` բանանի կեղևն արտաքին օգտագործման դեպքում հիանալի կոսմետիկ միջոց է մաշկային տարբեր խնդիրների դեմ պայքարի համար։ Բանն այն է, որ այն հարուստ է C և E վիտամիններով, կալիումով, ցինկով, երկաթով, մանգանով և այլ օգտակար տարրերով, որոնք նպաստում են բորբոքումների բուժմանը։

Այս մրգի կեղևն անգամ օգնում է ազատվել ատամներին ի հայտ եկած դեղնավուն բծերից, որոնք սովորաբար պայմանավորված են լինում որոշ ըմպելիքների ու մթերքի, այդ թվում` սուրճի, թեյի և հատապտուղների գործածությամբ։ Ավելին` բանանի կեղևը կարող է ատամները սպիտակեցնող շատ արդյունավետ միջոց լինել անգամ ծխախոտի գործածության դեպքում։ Նման ազդեցությունը պայմանավորված է նրանով, որ հասած բանանի կեղևը պարունակում է մեծ քանակությամբ կալիում, ուստի մինչ այն դեն նետելը կարելի է դրանով շփել ատամները։

Բացի այդ, բանանի կեղևն օգնում է նաև մեղմել գլխացավերը։ Պարզապես հարկավոր է կեղևը մեկ ժամ թողնել սառնարանում, այնուհետև դրա մի մասը դնել ճակատին, իսկ մյուս մասը` պարանոցի հետևի հատվածին։ Այս պրոցեդուրան կարելի է կրկնել մի քանի անգամ, սակայն կեղևը հարկավոր է պարբերաբար որոշ ժամանակ թողնել սառնարանում։ Նման դրական արդյունքը պայմանավորված է լինում ինչպես կեղևում կալիումի առկայությամբ, այնպես էլ դրա սառը ջերմաստիճանի ազդեցությամբ։