«Բումերանգ» ներկայացումը, որի պրեմիերային մնացել են հաշված օրեր, շոշափում է անցած տարվա հեղափոխությանը հաջորդող դեպքերը: Ներկայացման 60-ից 70 տոկոսը իր մեջ ներառում է քաղաքականությանը առնչվող թեմաներ՝ այդ ամեն ինչը համեմված հումորով: Կատակերգության գլխավոր հերոսը հենց նախկին իշխանությունների ներկայացուցիչ է, ով հեղափոխությունից հետո հայտնվել է ծանր վիճակում:
Անդրանիկը գաղտնիքով կիսվեց, պատմելով, որ ներկայացման սցենարի գաղափարը ինքն է տվել, սակայն հետո այն զարգացրել ու մշակել է Արմեն Վարդանյանը՝ իրենց սցենարիստը: Ներկայացման ռեժիսորն ու պրոդյուսերն է դարձել Սեդրակ Գոջամանյանը: Դերասանի խոսքերով՝ մեծ հաճույքով է համաձայնվել խաղալ այն դերը, որը առաջարկել են իրեն: Սկզբում պլանավորված է եղել, որ ներկայացման մեջ պետք է խաղային ընդամենը մի քանի դերասան՝ Անդրանիկը, Լևոն Հարությունյանը ու էլի մեկ-երկու հոգի, բայց հետո փոշմանել են ու ավելի շատ մարդու ներգրավել նախագծի մեջ:
Ներկայացման մեջ հայտնվել են այնպիսի հայտնի դերասաններ, ինչպիսիք են՝ Լևոն Հարությունյանը, Լուիզա Ներսիսյանը, Անդրանիկ Հարությունյանը, Վահե Զիրոյանը, Միլենա Ավանեսյանը և Ժաննա Հովակիմյանը:
«Ես ներկայացման մեջ տանում եմ գլխավոր հերոսի հաշվապահի դերը, ով էլի անցած իշխանությունների հետ «կերել է ու էլի կերել», բայց շաուրանկում է մնալ իր ղեկավարի կողքին: Սակայն վերջում էլի կլինեն հետաքրքիր ու զարմացնող բացահայտումներ: Իմ կերտած կերպարը իրականում ինձ հետ բացարձակ նմանություններ չունի: Բայց այն իր նախատիպը ունի, ներկայացման ժամանակ պարզ կլինի, թե ում մասին է խոսքը: Ու միևնույն ժամանակ այն, կարելի է ասել, նաև հավաքական կերպար է, այդ բնավորությամբ մարդիկ շատ-շատ են»,- պատմել է դերասան Անդրանիկ Հարությունյանը:
Այս դերը դերասանի համար առանձնահատուկ է նրանով, որ հումորի միջոցով շատ լուրջ հարցեր է բարձրացնում: Այս տեսակի դերով դեռ հանդես չի եկել, այն նենգ ու երկերեսանի մարդու իրական օրինակ է:
Դերասանը ներկայացումից շատ մեծ սպասելիքներ ունի. «Եթե ներկայացման մեջ կա Լևոն Հարությունյանը, ուրեմն այդ ներկայացումը չի կարող չսիրվել: Ե’վ անձնակազմը, և’ ներկայացման բովանդակությունը հանդիսատեսին կստիպեն դեռ շատ երկար հիշել այս կատակերգության մասին: Հանդիսատեսը ներկայացումից դուրս գալուց հետո, համոզված եմ, շատ մտածելու բաներ կունենա»:
Ներկայացման պրեմիերան տեղի կունենա հուլիսի 25, 26-ին Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում, ժամը 19:00-ին:
Նյութը՝ Լուս Ավագյանի