Մահացել է «Ain’t No Sunshine» հիթի հեղինակ և սոուլի աստղ Բիլ Ուիզերսը

ԱՄՆ-ում սրտի հետ կապված խնդիրների պատճառով 81 տարեկանում կյանքից հեռացել է աֆրոամերիկացի հայտնի երգիչ, սոուլի աստղ Բիլ Ուիզերսը, գրում է The Guardian պարբերականը։

Համաշխարհային ճանաչում ստացած «Ain’t No Sunshine» երգի հեղինակի մահվան լուրը հաստատել է նրա ընտանիքը։

«Մենք դատարկվել ենք մեզ համար հավատարիմ ամուսնու և հոր կորստից։ Պոեզիայի և երաժշտության օգնությամբ աշխարհի հետ միավորվել փորձող միայնակ մի մարդ․․․նա անկեղծ էր խոսում մարդկանց հետ և նրանց մեկը մյուսին կապում»,- ասվում է երաժշտի հարազատների հայտարարության մեջ։

Ուիզերսը ծնվել է 1938 թվականի հուլիսի 4-ին։ Երաժշտությամբ նա զբաղվել է 30 տարեկանից հետո՝ միաժամանակ աշխատելով Լոս Անջելեսում գտնվող Boeing գործարանում։ Նրա ամենահայտնի երգերից են «Lean on Me», «Use Me», «Just the Two of Us», «Lovely Day» և «Grandma’s Hands» ստեղծագործությունները։ Աշխատանքների համար աֆրոամերիկացի Ուիզերսն արժանացել է 3 «Գրեմմի» երաժշտական մրցանակի։