Շիրվանզադեի «Պատվի համար» դրամայի մոտիվներով Առաջին ալիքն իր հանդիսատեսին ներկայացրեց 16 մասից բաղկացած հեռուստանովել, որի ռեժիսորը Հրաչ Քեշիշյանն է, սցենարի հեղինակը՝ Անահիտ Աղասարյանը:
Մնալով Շիրվանզադեին հարազատ՝ սցենարն արդիականացված էր և ուներ հասարակական նոր հնչեղություն։
Դերերի բաշխման հարցում ցուցաբերվել էր նոր մոտեցում: Մկրտիչ Արզումանյանը, ով մինչ օրս բոլորին հայտնի էր իր կատակերգական դերերով, ներկայացավ բացասական կերպարում:
Ավելի վաղ Showbiz.am կայքի հետ զրույցում Մկրտիչ Արզումանյանն ասել էր, որ ցանկացած կերպար կերտելը կապված է դժվարությունների հետ, անկախ նրանից՝ երգիծական ժանրում է դերասանը, թե դրամատիկական։
«Մոտեցումը պետք է լինի լուրջ, փորձես այնքան անկեղծ մատուցել տվյալ կերպարը, որ շատ հոգեհարազատ դառնաս հանդիսատեսին։ Շատ հետաքրքիր է այս ժանրը, աշխատանքս ավելի բարդ է, որովհետև բացի նրանից, որ դրամատիկ կերպար է, այն նաև բացասական է։ Պետք է հասկանալ կերպարի ապրելակերպը, բնավորության գծերը, ինչու է նա այդպիսին։ Եվ այս բոլոր հարցերը ինքդ քեզ, ռեժիսորի ու գործընկերների հետ քննարկելուց հետո նոր հանգիստ գալ հրապարակ ու անել այն, ինչ քեզնից պահանջվում է»,- շեշտել էր Մկրտիչը։
Բացի այդ, ֆիլմում սցենարիստ Անահիտ Աղասարյանի կողմից ավելացվել էին նոր կերպարներ, որոնք չկային պիեսում: Հորինված էին Տրդատի (Նիկոլայ Ավետիսյանը), Բարխուդարի (Ռաֆայել Քոթանջյան) և Մերուժանի (Մկրտիչ Արզումայնյան) կերպարները։ Բագրատը Շիրվանզադեի պիեսում ամուսնացած չէ, ուստի Նոնայի կերպարը (Անահիտ Կիրակոսյան) նույնպես ավելացված է:
Պիեսում չկան նաև Շահնազարյան ամուսինները՝ Ալբերտը և Վիոլետան, Օթարյանի հոր և մոր կերպարները, չկան գյուղի հարևանները, չկա նախապատմությունը, Սուրենն էլ պիեսում ընկերուհի չունի:
Showbiz.am կայքի հետ զրույցում հեռուստասերիալի երկրորդ ռեժիսոր Արմինե Թովմասյանը պատմեց նոր նախագծերի և գրական ստեղծագորոծությունների էկրանավորման կարևորության մասին։
-Ինչպե՞ս ստացվեց Ձեր և Հրաչ Քեշիշյանի համագործակցությունը։
-Շատ վաղուց աշխատում եմ խմբի պրոդուսերական թիմի հետ։ Հրաչ Քեշիշյանի հետ ծանոթացել եմ դեռևս «Անատոլիական Պատմություն» հեռուստանովելի նախապատրաստական փուլում, որն ի դեպ, եթերում կլինի շուտով:
-Ի՞նչ ծրագրեր ունեք ապագայում, կլինե՞ն նոր նախագծեր։
–Այո, առաջիկայում սպասվում են նոր նախագծեր, որոնց նախապատրաստական աշխատանքները, ցավոք, ստիպված եղանք կանգնեցնել՝ աշխարհում տիրող իրավիճակի պատճառով, սակայն «Հանրային հեռուստաընկերության» որդեգրած քաղաքականությունը՝ դասական ստեղծագործությունների էկրանավորման հարցում անպայման կլինի շարունակական:
-Ինչպե՞ս եք գնահատում ռեժիսորների և սցենարիստների անդրադարձը դասականներին։ Որքանո՞վ է դա կարևոր հասարակության համար։
-Ուղղակի հիասքանչ գաղափար է դասական ստեղծագործությունների էկրանավորումը, որը բացի այն, որ նորովի ներկայացնում և ծանոթացնում է կոնկրետ էկրանավորվող ստեղծագործությանը, այլ նաև հետաքրքրություն է առաջացնում մարդկանց մոտ հեղինակների մյուս գործերի ու առհասարակ, հայ գրականության հանդեպ:
Դա հատկապես նկատելի եղավ Վարդգես Պետրոսյանի «Վերջին ուսուցիչը» գրքի էկրանավորումից հետո, երբ մեծացավ պահանջարկը ոչ միայն այդ ստեղծագործության, այլև Աբբա Պրևոյի ստեղծագործություների հանդեպ, որոնց մասին հաճախ խոսվում էր ֆիլմում:
-Հեռուստադիտողների կողմից դասական գործերի էկրանավորումը միշտ չէ, որ մեծ պահանջարկ է վայելում․ ավելի ռեյտինգային են հնդկական սերիալները կամ սիթքոմները։ Ինչո՞վ դա կբացատրեք։
-Մի քիչ համաձայն չեմ այս կարծիքի հետ, կարծում եմ յուրաքանչյուրն իր հանդիսատեսն ունի։ Բարեբախտաբար, «Հանրային հեռուստաընկերության» ջանքերի շնորհիվ հիմա արդեն հասարակության կողմից թելադրվող պահանջարկը թեքվել է դեպի որակն ու էսթետիկը։
Կարծում եմ, որ հեռու չէ այն օրը, երբ եթերն ամբողջովին կմաքրվի անորակ խոտանից: Սիթքոմները, իհարկե, կշարունակեն իրենց տեղն ունենալ, բայց վստահ եմ, որ որակային առումով ևս պրոգրես կգրանցվի:
– Ի՞նչ է անհրաժեշտ լավ ու որակյալ սերիալ նկարահանելու համար։
-Ինչպես ասում է Ալֆրեդ Հիթչքոկը՝ անհրաժեշտ է երեք բան՝ սցենար, սցենար ու ևս մեկ անգամ սցենար:
Գիտեք, հիմա արդեն վստահ կարող եմ ասել, «Հանրային հեռուստաընկերությաունը», կարողանում է լիիրավ բավարարել ռեժիսորի բոլոր պահանջները, որպեսզի ստանանք առավելագույն արդյունք, համեմատականներ չեմ ուզում տանել, բայց կարծում եմ, որ տարբերությունը նկատելի է: Ինչպես նաև փորձում ենք աշխատել տարբեր ռեժիսորների հետ, որովհետև նրանցից յուրաքանչյուրը բերում է իր ձեռագիրը, ինչը ամենակարևորն է ֆիլմի ստեղծման համար:
Շատ եմ կարևորում նաև սցենարը, մեր հանդիստեսը երբեմն ամբողջովին չի ընդունում ադապտացիան և սպասում է ստեղծագործության մանրակրկիտ ու բառացի էկրանավորմանը, ինչը անելն անհնար է։
Բարեբախտաբար, մենք համագործակցում ենք մեր լավագույն սցենարիստների հետ՝ ի դեմս դրամատուրգ Անահիտ Աղասարյանի, ով ուղղակի կախարդական կերպով կարողանում է 19-20-րդ դարերի իրականությունը նկարագրող ստեղծագործությունները բերել մեր օրեր՝ առանց քերծվածքների տեղ հասցնելով հեղինակների ասելիքն ու շոշափած խնդիրները:
«Պատվի համար»-ում հանդես եկան Ալեքսանդր Խաչատրյանը, Աննա Էլբակյանը, Սոս Ջանիբեկյանը, Մանե Մխոյանը, Մկրտիչ Արզումանյանը, Ներսես Ավետիսյանը, Նարինե Պետրոսյանը, Անահիտ Կիրակոսյանը, Արամ Կարախանյանը, Ռաֆայել Քոթանջյանը, Ֆրունզ Ամիրխանյանը, Ջուլիետտա Ստեփանյանը, Արամ MP3-ի որդին՝ Առնո Սարգսյանն ու այլք:
Ավելի վաղ մեր կայքի հետ զրույցում դերասանները համաձայնվեցին, որ դասական գործերի էկրանավորումները միշտ ակտուալ են ու գովելի:
Հեղինակ՝ Տաթևեր Լազարյան