«Vogue Italia»-ն պատմության մեջ առաջին անգամ լույս կտեսնի ամբողջովին սպիտակ շապիկով

Պատմության մեջ առաջին անգամ Vogue Italia-ն թերթերի կրպակներում կհայտնվի ամբողջությամբ ճերմակ շապիկով: Ամսագրի գլխավոր խմբագիր Էմանուել Ֆարնետին բացատրել է, թե ինչպես է ստեղծվել ապրիլյան համարը։

Նա պատմել է, որ ուղիղ 2 շաբաթ առաջ խմբագրությունում արդեն պատրաստվում էին տպագրության ուղարկել վաղուց պլանավորված ապրիլյան համարը, բայց իրենց հարիր չէ խոսել այլ բաների մասին, երբ աշխարհում համաճարակից մարդիկ են մահանում, երբ արտակարգ ռեժիմով աշխատող բուժաշխատողներրը վտանգում են իրենց կյանքը ու երբ աշխարհը փոխվում է մեկընդմիշտ։ Այդ իսկ պատճառով, նրանք չեղարկեցին ողջ աշխատանքը և ամեն ինչ սկսեցին 0-ից՝ նպատակ ունենալով իրագործել հետևյալ 3 կետերը։

1. Փորձել տեսնել ապագան փոթորիկից հետո, պատկերացնել մարդկանց սպասվող աշխարհի քարտեզը՝ հրապարակելով փորձագետների տեսակետները։

2. Հավաքել վելի քան 40 արվեստագետների, որոնք ցրված են ամբողջ աշխարհում և մարդկանց համար հասանելի դարձնել նրանց գործերը՝ ցույց տալով, որ նույնիսկ տնային մեկուսացման պայմաններում կարող են ստեղծվել ուշադրության արծանի գործեր։

3. Ապրիլյան համարի շապիկի գույնի ընտրությունը կանգ առավ սպիտակ գույնի վրա, ոչ այն պատճառով, որ լավ նկարներ չկային, հակառակը՝ դրանք շատ էին: «Սպիտակը բոլոր գույների միասնությունն է: Սպիտակն ամեն ինչից բարձր է։ Այն մթությանը հաջորդող լույսն է: Սպիտակն այն մարդկանց համազգեստի գույնն է, ովքեր այսօր կյանքեր են փրկում՝ իրենցը վտանգելով: Այն տարածություն և ժամանակ է մտածելու, ինչպես նաև լռելու համար: Սպիտակը չի հանձնվում, այն նոր մաքուր էջ է, որտեղից էլ շուտով կսկսվի  նոր պատմությունը», – ասել է Ֆարնետին։