«Ես հայկական ազգանունով հայուհի եմ»․ Սիմոնյանը պատմել է նախագահի աշխատակազմում ծննդաբերության և հայուհի լինելու պատճառով վարձով բնակարան չգտնելու մասին (տեսանյութ)

RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը հարցազրույց է տվել ռուսական НТВ հեռուստաալիքով հեռարձակվող «Մի անգամ» ծրագրին։

Հարցազրույցի ընթացքում ծրագրի հաղորդավար Սերգեյ Մայորովը հետաքրքրվել է, թե ինչպես է Սիմոնյանը, նույնիսկ հղի ժամանակ, կարողանում մշտապես աշխատել և անձնական կյանքը համատեղել աշխատանքի հետ։

Մարգարիտա Սիմոնյանը նշել է, որ երեք փոքր երեխա ունի, և հղիության ընթացքում երբեք չի գնացել հղիության արձակուրդ։

«Ես Ձեզ մի գաղտնիք բացեմ. վերջին անգամ պտղաջրերս գնացին և ծննդաբերության ցավերը սկսվեցին նախագահի աշխատակազմում ընթացող խորհրդակցության ժամանակ։ Մնացի մինչև հանդիպման ավարտը, հետո մեքենա նստեցի, հասա մոտակա ծննդատուն և այնտեղ էլ ծննդաբերեցի»,-պատմել է նա։

Խոսելով իր «Սև աչքեր» գրքի շնորհանդեսի մասին՝ Սիմոնյանը նշել է, որ միջոցառման բոլոր հյուրերն իր ընկերներն են եղել, իսկ երեկոն վարել է մտերիմ ընկերուհին՝ Իռադա Զեյնալովան։

«Մենք մտերիմ ընկերներ ենք։ Մի քանի ամիս նրա հետ եմ ապրել, երբ տեղափոխվել էի Մոսկվա, քանի որ հեշտ չէ, երբ գրպանումդ գումար չունես»,- հայտնել է Սիմոնյանը։

Նա նաև նշել է, որ բացի այդ, 2000-ականների սկզբին կովկասցիներին վարձով բնակարաններ չէին տալիս։

«Կովկասցիներին վարձակալությամբ բնակարաններ չէին տալիս, իսկ ես հայկական ազգանունով հայուհի եմ. ինձ անընդհատ մերժում էին»,- ասել է Սիմոնյանը՝ հույս հայտնելով, որ ներկայում այդպես չէ, ինչպես 2000-ական թվականներին էր։

RT-ի գլխավոր խմբագիրը հավելել է, որ բնակարանի հետ կապված խնդիրն իրեն օգնել է լուծել մեկ այլ լրագրող՝ Անդրեյ Կոնդրաշովը, որը հանդիպել է տանտերերի հետ և նրանց հետ պայմանավորվել Սիմոնյանի անունից։