Չոր ու վնասված մազերը ներկայում շատ տարածված խնդիր են, որի դեմ մարդիկ սովորաբար պայքարում են կոսմետիկ միջոցների օգնությամբ, սակայն լինում են դեպքեր, երբ անգամ լավագույն կոնդիցիոներներն ու դիմակները ոչ միշտ են բավական արդյունավետ լինում։ Սա պայմանավորված է նրանով, որ շատ հաճախ նման խնդիրների պատճառ է հանդիսանում որոշակի սննդարար նյութերի պակասը, ուստի խնդրից ազատվելու համար հարկավոր է առաջին հերթին վերանայել սննդակարգն ու ընդունել որոշակի սննդային հավելումներ։
Մաշկաբան Ջոշուա Ցայխները ներկայացրել է երեք սննդային հավելում, որոնք կօգնեն վերականգնել մազերի առողջությունն ու ազատվել չորությունից։
Կոլագեն
Մաշկաբանի խոսքով՝ մազերի հիմնական բաղադրիչներից մեկը կերատինն է, իսկ կերատինի և բջջաթաղանթի համար «շինանյութ» են հանդիսանում ամինաթթուները։ Ամինաթթուների լավագույն աղբյուր է հանդիսանում կոլագենը, որը կօգնի ամրապնդել մազերն ու կկանխի մազարմատների վնասվածքները։
Վիտամին Е
Գլխամաշկի համար ամենակարևոր վիտամիններից մեկը վիտամին Е-ն է։ Ցայխների խոսքով՝ այս տարրը կօգնի նվազեցնել մաշկային բորբոքումներն ու կպաշտպանի ազատ ռադիկալների բացասական ազդեցությունից։
Օմեգա-3 ճարպաթթուներ
Շատ կարևոր են նաև օմեգա-3 ճարպաթթուները, որոնք պարունակվում է ընկույզների ու յուղոտ ձկնատեսակների մեջ, սակայն ոչ բոլորն են այս մթերքն օգտագործում բավարար քանակությամբ, ուստի մասնագետը խորհուրդ է տալիս ընդունել այն հավելումների տեսքով։ Այս ճարպաթթուները պահպանում են մազերի ու մաշկի առողջությունը, սակայն էլ ավելի լավ արդյունքի հասնելու համար դրանք խորհուրդ է տրվում օգտագործել այլ հավելումների և հակաօքսիդանտների հետ մեկտեղ։