Բշտիկները, կորյակներն ու մաշկային նմանատիպ այլ խնդիրները որպես կանոն ասոցացվում են դեռահասության շրջանի և հորմոնալ տատանումների հետ, սակայն խնդիրն այն է, որ դրանց առաջացումը որևէ կապ չունի տարիքի հետ, ուստի նման խնդիրներ կարող են առաջանալ յուրաքանչյուրի մաշկին ՝ դառնալով շատ տհաճ «անակնկալ»:
Նմանատիպ խնդիրներից ազատվելը երբեմն բավական դժվար է լինում, սակայն բնությունը, բարեբախտաբար, մարդկությանը տվել է անհրաժեշտ բոլոր բաղադրիչները տարատեսակ բորբոքումներից ազատվելու և առողջ, հարթ ու գեղեցիկ մաշկ ունենալու համար։
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի քանի բնական միջոցի բաղադրատոմս, որոնք կօգնեն հեշտությամբ ազատվել բշտիկներից ու մաշկային նմանատիպ այլ խնդիրներից, կկանխեն նորերի առաջացումը և կմաքրեն մաշկը:
- 1/2 վարունգը քերիչով մանրացնել, ավելացնել մի բաժակ եռման ջուր և թրմել 15 րոպե։ Պատրաստի թուրմը քամել, ավելացնել մի քանի կաթիլ կիտրոնի հյութ և ստացված լոսյոնն օգտագործել մաշկի խնդրահարույց հատվածները մաքրելու համար։
- Մեկ ճաշի գդալ վարսակը սրճաղացով մանրացնել, ավելացնել մեկ ձվի սպիտակուց և լավ խառնել։ Քսել խառնուրդը բշտիկներին, թողնել դիմակը չորանա, այնուհետև լվացվել։
- Մեկ ճաշի գդալ չորացրած դեղատնային երիցուկի ծաղիկներին ավելացնել մի բաժակ եռման ջուր և թրմել մինչև հեղուկը սառչի։ Ստացված թուրմը քամել և օգտագործել որպես լոսյոն։
- Մեկ ճաշի գդալ բանանի խյուսին ավելացնել մեկ ճաշի գդալ մեղր, լավ խառնել ու քսել մաշկին։ Թողնել դիմակը 15 րոպե, իսկ այնուհետև լվացվել։
Այս պարզ բնական միջոցները կարող են շատ արդյունավետ լինել, սակայն հարկ է հիշել, որ բշտիկները ոչ միշտ են լինում զուտ կոսմետիկ խնդիր և կարող են պայմանավորված լինել առողջական որոշակի խնդիրներով, ուստի մինչ դրանց դեմ պայքարելը հարկավոր է նախ բուժզննում անցնել ու բացառել վտանգավոր հիվանդությունները։ Հարկ է հիշել, որ ինքնաբուժությունը կարող է շատ տհաճ հետևանքներ ունենալ, ուստի առաջին հերթին հարկավոր է դիմել մաշկաբանին: Լուրջ խնդիրների դեպքում միայն փորձառու մասնագետը կկարողանա պարզել մաշկային խնդիրներից առաջացման պատճառն ու նշանակել անհրաժեշտ բուժումը, որը կլինի արդյունավետ ու չի առաջացնի կողմնակի բարդություններ: