Երգչուհի Տատյանա Բուլանովան վերակենդանացման բաժանմունքում է

Երգչուհի Տատյանա Բուլանովան, ում երեկ հոսպիտալացրել էին սրտի հետ կապված խնդիրների պատճառով, այժմ վերակենդանացման բաժանմունքում է: Այս մասին «Ինտերֆաքս»-ին հայտնել է արտիստուհու ներկայացուցիչը՝ Կոնստանտին Սերգեևը:
«Նրան հիվանդանոց են տեղափոխել նախաինսուլտային վիճակում։ Այժմ վիճակը կայուն է, նա ավելի լավ է ու գտնվում է բժիշկների հսկողության ներքո՝ մասնագիտացված կլինիկայում։ Առայժմ վերակենդանացման բաժանմունքում է»,-ասել է Կոնստանտին Սերգեևը։

Ռուս էստադային երգչուհի և դերասանուհի Տատյանա Բուլանովան ծնվել է 1969 թվականի մարտի 6-ին Լենինգրադում: Իր առաջին երգերը ձայնագրել է «Летний сад» (Ամառային պարտեզ) խմբի հետ` 1989-ի դեկտեմբերին խմբի ղեկավար Նիկոլայ Տագրինին հանդիպելուց հետո:
1996-ին Տատյանան թողարկել է «Мое русское сердце» (Իմ ռուսական սիրտը) ալբոմը, որում ներառված էր «Ясный мой свет» (Իմ վառ լույս) երգը: 2004-ին արժանացել է Ռուսաստանի վաստակավոր արտիստի կոչման: