Ստաս Միխայլովը հայտնել է, որ իր մոտ կորոնավիրուս է ախտորոշվել

Ռուս հայտնի երգիչ Ստաս Միխայլովն Ինստագրամ սոցկայքի իր էջում պատմել է, որ ՌԴ սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում հսկողություն իրականացնող «Ռոսպոտրեբնադզոր» դաշնային ծառայության թեստը հաստատել է իր մոտ կորոնավիրուսի առկայությունը։

«Ինքս երբեք չեմ մտածել, որ կբախվեմ դրան, սակայն, ցավոք, դա է իրականությունը։ Արդեն «Ռոսպոտրեբնադզոր»-ի թեստը հաստատել է, որ իրապես ինձ մոտ կորոնավիրուս է եղել»,- նկատել է արտիստը։

Երգչի խոսքով՝  նա շատ հաղորդագրություններ է ստացել, որոնցում նշվում է, որ մարդիկ ժամանակին են դիմել հիվանդանոցներ, և պարզվել է, որ կորոնավիրուս ունեն։ Միխայլովը նշում է՝ Ռուսաստանում բուժումը բարձր մակարդակով են իրականացնում։

«Պետք է հասկանաք, որ բժշկին ժամանակին դիմելը, թե՛ ձեր, թե՛ ձեր շրջապատի նկատմամբ հարգալից վերաբերմունքը լավ արդյունքներ կտա»,- նկատել է նա։

Երգիչը հավելել է, որ ինքնամեկուսացումն այս օրերին լավագույն բանն է, որ կարող ենք անել։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ստաս Միխայլովի մոտ երկկողմանի թոքաբորբ է ախտորոշվել, միևնույն ժամանակ կորոնավիրուսի թեստերը բացասական պատասխան էին ցույց տվել։