«Տեսողական խաբկանք»․ իտալացի արտիստի աշխատանքում մոդելը «վերածվել» է թիթեռի (լուսանկարներ)

Daily Mail պարբերականն իտալացի մի տաղանդավոր արտիստի աշխատանքին է անդրադարձել, որն իրենից ծաղիկ և դրա կենտրոնում հատուկ թիթեռի դիրք ընդունած և գրեթե կատարելության հասնող ճշգրտությամբ ներկված կնոջ պատկեր է ներկայացնում։

Կայքի տեղեկություններով՝ տեսողական խաբկանքի հեղինակն Իտալիայի հյուսիսային հատվածից տաղանդավոր արտիստ Յոհաննես Շթոթերն է, որը ժամեր է ծախսել կնոջը թիթեռի պատկեր «հաղորդելու» և այդչափ էսթետիկ աշխատանք ստանալու համար։

«Անտեսանելիի վարպետ» կոչումը ստացած Յոհանեսը տարիներ է ծախսել աշխատանքային իր տեխնիկայի կատարելագործման համար, իսկ այժմ կարծում է, որ այս աշխատանքը՝ «Թիթեռը», իր ստեղծագործություններից լավագույնն է։

Վարպետը մանրամասնելով, թե որոնք են եղել աշխատանքի հիմնական փուլերը՝ նշում է, որ սկզբում թիթեռը մատիտով է պատկերել, այնուհետև այդ հատվածում մարդ «ներառել», իսկ վերջին փուլը գունավորմանն ու պատկերն ամբողջացնելունն է եղել։

«Կնոջ դիրքի գաղափարը միանգամից ու շատ արագ է ծագել, սակայն աշխատանքը բավականին երկար է տևել»,- նշել է արտիստը։