Ի՞նչ հաճախականությամբ է կարելի օգտագործել մաշկն ախտահանող հակասեպտիկ միջոցները

COVID-19-ի համավարակի ֆոնին մարդիկ սկսել են շատ ավելի հաճախ կիրառել հակասեպտիկ միջոցներ մաշկն ախտահանելու համար, սակայն մասնագետներն ընդգծում են, որ նման միջոցների չարաշահումը կարող է բացասաբար անդրադառնալ մաշկի վրա։ Բանն այն է, որ հակասեպտիկ միջոցների հիմնական բաղադրիչը սպիրտն է, որն էլ հաճախակի գործածության դեպքում չորացնում է մաշկը։

Մասնագետները խորհուրդ են տալիս հնարավորության դեպքում ախտահանել ձեռքերը միայն օճառով ու մաքուր ջրով, սակայն մարդիկ ոչ միշտ են ունենում լվացվելու հնարավորություն։ Օրինակ՝ հասարակական վայրերում հնարավոր չէ հաճախ լվացվել, ուստի մարդիկ ստիպված են լինում կիրառել հակասեպտիկ միջոցներ մաշկն ախտահանելու և վիրուսներից ու բակտերիաներից խուսափելու համար։

Մաշկաբանները հորդորում են կիրառել նման միջոցները միայն այն դեպքում, երբ չկա լվացվելու հնարավորություն։ Ավելին՝ անգամ այդ դեպքում հակասեպտիկ միջոցներ կարելի է օգտագործել օրվա ընթացքում առավելագույնը երկու անգամ, քանի որ դրանք սաստիկ չորացնում են մաշկն ու մեծ քանակությամբ սպիրտի պատճառով կարող են դառնալ մաշկի գրգռման պատճառ։ Նման տհաճ խնդիրներից խուսափելու համար հարկավոր է անպայման պարբերաբար ձեռքերին խոնավացնող նրբաքսուք քսել։

Ավելի վաղ հանրահայտ բժիշկ Եվգենի Կոմարովսկին խորհուրդ էր տվել որպես հակասեպտիկ միջոց օգտագործել սպասք լվանալու համար նախատեսված հեղուկները, սակայն անգամ այս միջոցը չի կարելի չարաշահել։ Նման հեղուկները կարելի է կիրառել միայն ծայրահեղ դեպքերում, քանի որ դրանք խիստ վնասակար են մաշկի համար և նույնպես հանգեցնում են չորության։