Կորոնավիրուսի նոր տեսակով պայմանավորված COVID-19-ի համավարակի հետևանքով ներկայում աշխարհի շատ երկրներում մարդկանց տեղաշարժը սահմանափակված, սակայն անդադար փակ տարածքում լինելը հաճախ բացասաբար է անդրադառնում ինքնազգացողության վրա, իսկ մաքուր օդի պակասը կարող է անգամ դառնալ գլխացավերի զարգացման պատճառ։
Նման դեպքերում պարբերաբար ցավազրկող դեղամիջոցներ ընդունելը կարող է շատ վտանգավոր լինել ու մի շարք կողմնակի բարդություններ առաջացնել, քանի որ նման դեղորայքը պարունակում է մեծ քանակությամբ վնասակար քիմիական տարրեր, սակայն ցավի դեմ կարելի է պայքարել նաև բնական միջոցներով։ Aif.ru կայքը ներկայացրել է երկու անչափ արդյունավետ հնարք, որոնք կօգնեն հեշտությամբ մեղմել տհաճ զգացողությունները։
Գլխացավի դեմ պայքարի շատ արդյունավետ միջոց կարող են լինել եթերայուղերը, մասնավորապես՝ մենթոլի եթերային յուղը։ Ցավը մեղմելու համար հարկավոր է 5 կաթիլ մենթոլի եթերային յուղն ավելացնել 1 թեյի գդալ հոտ չունեցող որևէ բուսական յուղին, այնուհետև ստացված խառնուրդը քսել քունքերին և շրջանաձև շարժումներով մատներով նրբորեն մերսել մաշկը։
Փակ տարածությունում առաջացած գլխացավի դեմ պայքարի հիանալի միջոց կարող են լինել նաև պարանոցի վարժությունները։ Հարկավոր է դանդաղ պտտել գլուխը տարբեր ուղղություններով։ Երբ որևէ ուղղությամբ գլուխը պտտելիս պարանոցի մկանները հնարավորինս ձգվեն, պահել գլուխն այդ դիրքով մի քանի վայրկյան, այնուհետև շարունակել վարժությունը՝ պտտելով գլուխը հակառակ ուղղությամբ։