Louis Vuitton, Burberry և Chanel նորաձևության տները սկսել են պաշտպանիչ դիմակներ արտադրել

Louis Vuitton, Burberry և Chanel նորաձևության տները սկսել են պաշտպանիչ դիմակներ արտադրել, գրում է CNN-ը։

Ֆրանսիական Louis Vuitton նորաձևության տունն, ի պատասխան COVID-19-ի դեմ պայքարում ֆրանսիական կառավարության կոչին, սկսել է ոչ վիրաբուժական պաշտպանիչ դիմակների արտադրությունը։

Ըստ հաղորդման՝ կարված դիմակները կտրամադրվեն առավել խոցելի խմբերին՝ առողջապահական համակարգի աշխատողներին և տարեցներին։

Բրիտանական Burberry ապրանքանիշը նույնպես միացել է առողջապահության ոլորտի աշխատողներին դիմակներով և այլ անհրաժեշտ պարագաներով ապահովելու համընդհանուր ջանքերին:

Ընկերությունը հայտնել է, որ օգտագործում է իր մատակարարման գլոբալ ցանցը «100000 վիրաբուժական դիմակների առաքումը Մեծ Բրիտանիայի Առողջապահության ազգային ծառայություն՝ բժշկական անձնակազմի օգտագործման համար ապահովելու համար»:

Ֆրանսիական Chanel նորաձևության տունը նույնպես պաշտպանիչ դիմակների արտադրություն է սկսել։ Ընկերությունն անցած ամիս հայտարարել էր, որ իր մասնագետները հազարավոր դիմակներ և բժշկական հագուստներ կկարեն։