Ամերիկյան Walt Disney կորպորացիան կորոնավիրուսի համավարակի ֆոնին իր ավելի քան 100 հազար աշխատակցի այս շաբաթվանից սկսած աշխատավարձ չի տա, հաղորդում է Financial Times թերթը:
Թերթի տվյալներով՝ ընկերության աշխատակիցների գրեթե կեսի նկատմամբ նման միջոցառումները թույլ կտան Walt Disney-ին ամսական խնայել մինչև 500 մլն դոլար:
Walt Disney-ն ավելի վաղ հայտարարել էր, որ կորոնավիրուսի բռնկման պատճառով ԱՄՆ-ում իր ստորաբաժանումների մի շարք աշխատակիցների ապրիլի 19-ից չվճարվող արձակուրդ կուղարկի: Աշխատակիցների ճշգրիտ թիվը չի նշվել:
Ընդ որում, ընկերությունում նշել են, որ աշխատողները կկարողանան օգտվել բժշկական ապահովագրությունից: Բացի այդ, աշխատակիցներն իրավունք կունենան նյութական օգնություն ստանալ 2,2 տրիլիոն դոլարի չափով օգնության պետական փաթեթի շրջանակում:
Ավելի վաղ ընկերությունը հայտարարել էր անորոշ ժամանակով Disneyland թեմատիկ այգիների և Ֆլորիդայում Disney World-ի փակվելու մասին: