Այսօր Քեյթ Միդլթոնի և արքայազն Ուիլյամի առաջնեկը՝ Ջորջը, դարձավ վեց տարեկան: Եվ դրա կապակցությամբ Քենսինգթոնյան պալատը հրապարակել է Քեմբրիջյան հերցոգի և հերցոգուհու որդու երեք նոր լուսանկար:
«Քեմբրիջյան հերցոգն ու հերցոգուհին ուրախ են կիսվել արքայազն Ջորջի նոր լուսանկարներով՝ Արքայական Մեծության վեցամյակի պատվին: Այս լուսանկարները արվել են վերջերս հերցոգուհու կողմից Քենսինգթոնյան պալատի իրենց տան այգում»,- ասվում է նկարի նկարագրության մեջ, որը հրապարակվել է Քենսինգթոնյան պալատի Ինստագրամի պաշտոնական էջում:
Լուսանկարում արքայազն Ջորջը Անգլիայի ֆուտբոլի ազգային հավաքականի վերնաշապիկով է: Եվ դա, իհարկե, աննկատ չի մնացել. Անգլիայի ֆուտբոլի հավաքականի ինստագրամյան էջը մեկնաբանել է լուսանկարը և նշել, որ հոբելյարը հիասքանչ ընտրություն է կատարել:
Երրորդ լուսանկարը ևս Քեյթ Միդլթոնն է արել, լուսանկարը արվել է ընտանեկան հանգստի ժամանակ:
Գաղտնիք չէ, որ հերցոգուհին վաղուց է հետաքրքրված լուսանկարչական արվեստով: Դեռ այն ժամանակ, երբ նա թագավորական ընտանիքի անդամ չէր, Քեյթը մտածում էր լուրջ զբաղվել պրոֆեսիոնալ լուսանկարչի կարիերայով: Այժմ Քեյթ Միդլթոնը իր հմտությունները բարելավում է` նկարելով իր երեխաներին, որոնց լուսանկարներով պարբերաբար կիսվում է հանրության հետ:
Արքայազն Ջորջի ծննդյան օրը արքայական ընտանիքը նշելու է Կարիբյան ծովում, ուր նրանք մեկնել էին մի քանի օր առաջ: