Լավագույն բնական դիմակները մազարմատներն ամրապնդելու և մազերին առողջ փայլ ու փարթամություն հաղորդելու համար

Փարթամ, առողջ ու փայլուն վարսեր ունենալու մասին շատերն են երազում, սակայն շատ հաճախ սխալ խնամքը, վատ սննդակարգը, մազերի հարդարման միջոցների գործածությունն ու արտաքին միջավայրի անբարենպաստ պայմանները խիստ բացասաբար են անդրադառնում մազերի որակի, աճի ու տեսքի վրա։ Այս ամենի հետևանքով մազերը վնասվում են, բարակում, նոսրանում ու կորցնում են առողջ փայլը, ինչը կարող է բավական տհաճ խնդիր դառնալ յուրաքանչյուրի համար։

Մազերին առողջ փայլ հաղորդելու և մազարմատներն ամրապնդելու համար մարդիկ սովորաբար կիրառում են հատուկ դիմակներ ու կոնդիցիոներներ, սակայն դրանք պարունակում են քիմիական վնասակար տարրեր և ոչ միայն անարդյունավետ են լինում, այլև կարող են անգամ էլ ավելի վատթարացնել մազերի վիճակը։ Սա է պատճառը, որ մասնագետները հորդորում են խուսափել պատրաստի խնամքի միջոցներից և նախապատվությունը տալ բնական դիմակներին, որոնք արդյունավետ են, շատ ավելի հասանելի և չեն պարունակում որևէ վնասակար բաղադրիչ։

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում հինգ բնական դիմակի բաղադրատոմս, որոնք կօգնեն սնուցել ու խոնավացնել մազերը, առողջ փայլ կհաղորդեն, կամրապնդեն մազարմատներն ու կխթանեն մազերի աճը։ Այս միջոցները կօգնեն հեշտությամբ ձեռք բերել առողջ, փարթամ ու գեղեցիկ վարսեր և կկանխեն հետագայում նմանատիպ խնդիրների զարգացումը։

  • 2 ճաշի գդալ մեղրին ավելացնել 2 ճաշի գդալ հալվե վերայի գել, լավ խառնել, այնուհետև ստացված զանգվածը քսել գլխամաշկին ու մի փոքր մերսել, որպեսզի այն ներծծվի։ Թողնել դիմակը 10-15 րոպե, այնուհետև լվանալ գլուխը։
  • 2 հատ հասած կիվին կոտորակիչով լավ մանրացնել ու խյուս դարձնել, այնուհետև ստացված մրգային խյուսը քսել մազերին։ Թողնել դիմակը մազերին կես ժամ, այնուհետև լվանալ գլուխը։
  • 2 ճաշի գդալ կռատուկի յուղին ավելացնել 1 ճաշի գդալ կոնյակ, լավ խառնել, այնուհետև քսել խառնուրդը մազերին ու հնարավորինս տարածել։ Թողնել դիմակը մեկ ժամ, այնուհետև լվանալ գլուխը։
  • 1։1 հարաբերակցությամբ խառնել ձիթապտղի յուղն ու կիտրոնի հյութը, այնուհետև քսել խառնուրդը մազերին, թողնել 1,5 ժամ և լվանալ գլուխը։
  • Դիմակներից բացի կարելի է նաև պատրաստել շատ օգտակար ու արդյունավետ հեղուկ մազերը լվանալուց հետո մաքրաջրելու համար։ Այն պատրաստելու համար հարկավոր է 2-3 հատ հում կարտոֆիլը քերիչով մանրացնել և հյութը քամել, այնուհետև ստացված հեղուկին ավելացնել 1 թեյի գդալ քացախ (9%-անոց) ու լավ խառնել։ Ստացված լուծույթն օգտագործել լոգանքից հետո մազերին ցողելու համար։

Այս պարզ բնական միջոցները կարող են շատ արդյունավետ լինել, սակայն հարկ է հիշել, որ մազերի որակի և տեսքի վրա կարող են բացասաբար անդրադառնալ նաև օրգանիզմում տեղի ունեցած որոշ խանգարումները, ուստի վարսերի առողջական վիճակի վատթարացումը ոչ միշտ է լինում զուտ կոսմետիկ խնդիր և նման միջոցների կիրառումի չի օգնի ազատվել հիմնական խնդրից։ Նման դեպքերում մինչ այս դիմակները կիրառելը հարկավոր է նախ բուժզննում անցնել ու բացառել վտանգավոր հիվանդությունները։ Հարկ է հիշել, որ ինքնաբուժությունը կարող է շատ տհաճ հետևանքներ ունենալ, ուստի առաջին հերթին հարկավոր է դիմել մասնագետին: Լուրջ խնդիրների դեպքում միայն փորձառու մասնագետը կկարողանա պարզել մազերի որակի ու առողջական վիճակի վատթարացման պատճառն ու նշանակել անհրաժեշտ բուժումը, որը կլինի արդյունավետ ու չի առաջացնի կողմնակի բարդություններ: