«Անհնար է լավը լինել բոլորի համար»․ Մերի Ներսիսյանի գիտական փաստերի վրա հիմնված օգտակար գրառումը

Հաղորդավարուհի և լուրերի մեկնաբան Մերի Ներսիսյանն իր ինստագրամյան հետևորդների հետ կիսվել է նոր լուսանկարով, գիտական փաստերով ու դրանց մասին իր արած եզրակացություններով։ Նա դրանից առաջ առցանց հարցում էր իրականացրել ու դրա հիման վրա որոշել անդրադառնալ մի կարևոր թեմայի։

«Երկու օր առաջ սթորիում հարց տեղադրեցի՝ (Ձեզ համար կարևոր է՞, թե ինչ են մարդիկ մտածում Ձեր մասին): Հարցվածների 68%-ը պատասխանեց՝ ԱՅՈ: Վստահ եմ՝ Ձեզ էլ այս թիվը չի զարմացնում: Ինձ, օրինակ, այդ թիվը մտահոգում է և նույնիսկ մի քիչ վախեցնում: Ափսոս չեմ հիշում գիտնականի անունը (տարիներ առաջ եմ կարդացել մի քանի հոդված), փոխարենը լավ եմ հիշում նրա եզրակացությունները: Նա պնդում էր, որ մեծանալով մարդիկ ավելի ու ավելի շատ են վախենում որևէ նոր բան փորձել, իսկ հիմքում չհասկացված լինելու, ծիծաղելի թվալու և քննադատության վախն է: Ստացվում է, որ մեծանալով մենք վերադառնում ենք մեր դեռահասության բարդույթներին (կոմպլեքսներին) ու դրա թիվ մեկ մեղավորը ՎԱԽՆ է՝ ԻՆՉ ԿՄՏԱԾԵՆ ՄԱՐԴԻԿ։
Իր ընթերցողին, հեղինակը, նախ հիասթափեցնում է՝ ասելով, որ միջին վիճակագրական մարդը տասնյակ հազարավոր մտքեր է ունենում, ուստի, եթե որևէ մեկը օրական նույնիսկ 10 անգամ մտածի մեր մասին, կստացվի չնչին ժամանակահատված: Այսինքն, ինչքան էլ մենք մեզ համար կարևոր ենք ու բացառիկ, ոչ ոք մեր մասին չի մտածում (24 ժամում) մի քանի րոպեից ավելի: Բայց և այնպես, գիտնականի ուսումնասիրության օբյեկտ դարձած մարդկանց մեծամասնությունը խոստովանել է, որ իրենց ինքնագնահատականը կախված է այն բանից, թե ինչ են իրենց մասին մտածում ուրիշները: Այս պատմության մեջ ամենավատն այն է, որ «կառչելով» մարդկանց կարծիքից մենք նպաստում ենք, որ մեր կյանքը բառի բուն իմաստով ԼՑՎԻ ԱՐԳԵԼԱԿՈՂ ՀԱՄՈԶՄՈՒՆՔՆԵՐՈՎ՝ 50-ից հետո չեն սիրահարվում, 40-ում նորից ուսանող չեն դառնում, 70 տարեկանում մեքենա վարել չեն սովորում: Բայց արի ու տես, որ սրանք ընդամենը ինչ-որ մեկի հորինված համոզմունքներ են, որոնք գրոշի գին չունեն: Բարեկամներ, ես մորաքույր ունեմ, ով 70+ է, անցած տարի ավտոմեքենա գնեց ու արդեն վարում է: Եվ այսպիսի օրինակներ կարող եմ անվերջ թվարկել: Գիտնականը պնդում է՝ մեզ քննադատողները մեկ շահ ունեն՝ բարձրացնել սեփական ինքնագնահատականը՝ ԴՈՒ ՎԱՏՆ ԵՍ, ՈՒՐԵՄՆ ԵՍ ԼԱՎՆ ԵՄ սկզբունքով:
ՀԵՏԵՎՈՒԹՅՈՒՆ․ Ապրեք, սովորեք, հաճույք ստացեք, փորձեք, սխալվեք, դասեր քաղեք: Միևնույն է անհնար է ԼԻՆԵԼ ԼԱՎԸ ԲՈԼՈՐԻ ՀԱՄԱՐ»,- գրել է հաղորդավարուհին։