Ավրորա Մարդիգանյան․ Հայոց ցեղասպանության մասին պատմող առաջին գեղարվեստական ֆիլմի սցենարի հեղինակի ու գլխավոր դերակատարի մասին

1918 թվականին նկարահանվեց Հայոց ցեղասպանության մասին պատմող առաջին գեղարվեստական ֆիլմը` «Ravished Armenia»-ն («Հոշոտված Հայաստան»), որի սցենարի հեղինակն ու գլխավոր դերակատարը Արշալույս Մարդիգանյանն էր: Այդ ֆիլմն ամբողջ աշխարհում աննախադեպ դիտելիություն ունեցավ ու հայտնեց հայերի տառապանքների մասին տարբեր ազգերին։ Ֆիլմի եկամուտը կազմեց 30 միլիոն դոլար, որը տրամադրվեց Մերձավոր Արևելքի 60 հազար հայ որբերի կենսամակարդակի ապահովմանը:

Ավրորա (Արշալույս) Մարդիգանյանը ծնվել է 1901 թվականի հունվարի 12-ին՝ Արևմտյան Հայաստանի Խարբերդ նահանգի Չմշկածագ գյուղում: Ավրորայի հայրը հարուստ դրամագործ էր և ճանաչված մարդ։ Աղջիկն ուներ չորս եղբայր և երեք քույր: 1915 թվականին Արշալույսը, ով ընդամենը 14 տարեկան աղջնակ էր, իր աչքերով տեսնում է հոր, մոր, եղբայրների և քույրերի դաժան սպանությունը: Արշալույսն առևանգվում է գաղթի ճանապարհին, 85 ցենտով վաճառվում ստրկավաճառների շուկայում: Արշալույսը հայտնվում է իսկական դժոխքում և շատ մեծ դժվարությամբ կարողանում է փախչել հարեմից։ Ամիսներ շարունակ, թե՛ հոգեպես, թե՛ ֆիզիկապես հյուծված, կիսամերկ ու տանջված աղջիկը ոտքով անցնում է Դերմիսի լեռնաշղթայով ու հասնում Էրզրում, որտեղ նրան օգնում են ամերիկյան միսիոներները։ Նրանց օգնությամբ Արշալույսին տրվում է Ավրորա Մարդիգանյան անուն ազգանունը ու նա հայտնվում է ԱՄՆ-ում։

Մարդիգանյանը մեկնեց այդ երկիր` ոչ միայն փրկվելու, այլև ամերիկացիներին շատ կարևոր ուղերձ հասցնելու համար: Նա պետք է աշխարհին հայտներ հայերի դեմ կատարված ցեղասխանության մասին ու ողջ աշխարհին հաղորդակից դարձներ մեր ժողովրդի վշտին։ Այդ առաքելությունը Ավրորան փայլուն կատարեց և արդեն 1918 թվականին ԱՄՆ-ում հրատարակվեց նրա հուշագրությունը՝ «Հոշոտված Հայաստան» (Ravished Armenia) գիրքը: Գրքի շապիկին Արշալույսի լուսանկարն է եղել՝ հայկական ավանդական զգեստով։ Ավրորայի հեղինակած գիրքը հաջորդ երկու տասնամյակներին բազմիցս վերահրատարակվեց, թարգմանվեց իսպաներեն, հոլանդերեն և լեհերեն ու վաճառվեց 900,000 տպաքանակով։ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն այս գիրքը հրատարակել է հայերեն:

Ավրորայի գրած պատմությունն ու ֆիլմը շուտով արգելվեցին և մոռացվեցին իսկ ֆիլմի ամբողջական տարբերակը հետագայում անվերադարձ կորեց և միայն շատ քիչ առանձին կադրեր պահպանվեցին։ 1929 թվականին Ավրորան ԱՄՆ-ում ամուսնացավ հայազգի ներգաղթյալ Մարտին Հովեյանի հետ ու 1931 թվականին որդի ունեցավ, բայց գաղթից փրկված այս կնոջն այդպես էլ չհաջողվեց երջանիկ լինել։ Ավրորան ինքնասպանության փորձ արեց, ամուսնու մահից հետո կորցրեց որդու հետ կապն ու մահացավ 1994 թվականի փետրվարի 6-ին, Լոս Անջելեսի ծերանոցներից մեկում:

Ավրորայի հերոսական նվիրումից ու գործունեությունից տասնամյակներ անց աշխարհը կրկին լսեց նրա անունը։ Այժմ Ավրորա Մարդիգանյանի անունով է կոչվում Հայաստանում անցկացվող ամենամյա «Ավրորա» միջազգային մրցանակաբաշխությունը, որը մրցանակ է շնորհում այն անհատներին, ովքեր լրջագույն խոչընդոտներ հաղթահարելով, սեփական կյանքն ու առողջությունը վտանգելով օգնում են այլ մարդկանց: