3 գիրք, որոնք պատմում են Հայոց ցեղասպանության մասին. ներկայացնում է կատալոնացի գրող Ռոդոլֆո դել Օյոն

Իսպանացի գրող Ռոդոլֆո դել Օյոն Կատալոնիայի Սանտա Կոլոմա դե Գրամենետ քաղաքից իր համերաշխությունն է հայտնել հայ ժողովրդին՝ միանալով Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչմանը: Վերջինիս տեսաուղերձը հրապարակվել է Իսպանիայում Ցեղասպանության ճանաչմանը նվիրված հարթակի ֆեյսբուքյան էջում:

Կատալոնացի արձակագիրը տեսաուղերձում խոսել է 3 գրքերի մասին, որոնք, ըստ նրա, «հայ ժողովրդի հետ 1915թ. տեղի ունեցած Ցեղասպանության վկայություններից են»:

«Առաջինը թուրք հեղինակ Էլիֆ Շաֆաքի «Ստամբուլի բիճը» վեպն է, որի հեղինակը հետապնդումների է ենթարկվել: Երկրորդը իսպանացի գրող Լուիս Լեանտեի «Կարմիր Լուսին» գիրքն է, որը պատմում է հայերի հետ տեղի ունեցած ողբերգական դեպքերի մասին: Եվ վերջապես հաջորդ գիրքը ավստրիացի գրող Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան 40 օրն» է, որը ներկայացնում է Մուսա լեռան դիմակայության պատմությունը»,- նշել է դել Օյոն։