«Լուսավառ ոգեկոչման րոպեն»․ Ինչպե՞ս ծագեց ու իրագործվեց Ծիծեռնակաբերդի բարձունքի լուսավորության գաղափարը

Երեկ երեկոյան Հայաստանի ու արտերկրում բնակվող հայերին միավորել էր Ծիծեռնակաբերդի բարձունքը՝ «Լուսավառ ոգեկոչման րոպեն»։ Ամբողջ համացանցը ողողված է խորհրդավոր ու գեղեցիկ լուսանկարներով, որտեղ Հայոց ցեղասպանության հուշահամալիրից լույս է ճառագում դեպի երկինք՝ ոգեկոչելով 105 տարի առաջ արված ոճրագործության անմեղ զոհերի հիշատակը։ Showbiz.am-ը զրուցել է այս նախադեպը չունեցող լուսային ձևավորումը հեղինակած ու իրականացրած կազմակերպության հիմնադիր տնօրենի՝ Կառլեն Մադոյանի հետ, ով մեզ պատմել է գաղափարի, դրա իրականցման բարդությունների, ամբողջ աշխարհին մեր մասին հայտնելու կարևորության ու հաջորդ տարիներին ավելի տպավորիչ նախագծերի գաղափարների մասին․

«Այս գաղափարի իրականացումն այս տարի ավելի քան երբևէ կարևոր էր, որովհետև կորոնավիրուսի համավարակը կանխելուն ուղղված գործողություններից ելնելով, մարդիկ չեն կարող անձամբ ներկա գտնվել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ու այդպես իրենց հարգանքի տուրքը մատուցել անմեղ նահատակների հիշատակին։ Այդ իսկ պատճառով պետք էր ստեղծել այնպիսի զգացողություն, որ մարդիկ իրենց տներում նստած կարողանային ինչ-որ կերպ մասնակից լինել մեր ազգի համար այսքան ցավալի ու կարևոր օրվա հիշատակի արարողությանը։

 

Համավարակի ներկայացրած վտանգը մեր նախագծի ստեղծման հիմքում դրեց այն գաղափարը, որ 105 տարի առաջ կորցրած հայորդիների հիշատակը այս տարի պետք է հարգենք՝ մեր կյանքերը պահպանելով։ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրն այս կերպ լուսավորելու գաղափարը ծնվել է դեռ 5 տարի առաջ՝ 100-ամյակի ժամանակ։ Մտահաղացումը Կարեն Վարդանյանինն է։ Այս տարի այն ներկայացրել ենք ԿԳՄՍ նախարարություն, և նախագիծը հավանության է արժանացել։ Դրանից հետո ԿԳՄՍ նախարարի հետ այն ներկայացրել ենք վարչապետին։ Ամեն ինչ շատ արագ է ստացվել ու կազմակերպվել։ Բարդությունները շատ էին, որովհետև հուշահամալիրի լուսավորման աշխատանքները կազմակերպելիս վերջին օրերի ընթացքում եղանակային պայմանները շատ էին խանգարում, ու մի քանի տասնյակ մարդիկ, որոնք զբաղվում էին այդ աշխատանքներով, ստիպված էին անձրևի տակ օր ու գիշեր աշխատել։

Այս լուսային ձևավորման համար օգտագործվել են թվով 174 հատուկ լույսեր, ու եթե չլինեին ստեղծված պայմաններն ու սահմանափակումները, կարծում եմ դրանք է՛լ ավելի շատ կլինեին։ Օգտագործել ենք մեր երկրում եղած այդ տեսակի լույսերի գրեթե բոլոր նմուշները։ Մեզանից յուրաքանչյուրն էլ այդ դեպի երկինք ուղղված լույսերն ասոցացնում էր սուրբ նահատակների երկինք համբարձվող հոգիների հետ։ Բայց մի շատ հետաքրքիր բան պատահեց․ երբ արդեն վերջին փորձարկման աշխատանքներն էինք իրականացնում, հորդ անձրև էր տեղում, ու հանկարծ նկատեցինք, որ վերևից թափվող անձրևի կաթիլները տպավորություն էին ստեղծում, որ լույսն էլ է վերևից ցած իջնում, դա իսկապես շատ հետաքրքիր էր։ Իսկ երբ անձրևը դադարեց, Ծիծեռնակաբերդի այգու տարածքում եղած բոլոր թիթեռները հավաքվեցին այդ լույսերի շուրջ, ու շատ տպավորիչ մի տեսարան ստացվեց, կարծես՝ մեր ստեղծած լուսային արհեստական էֆֆեկտներին բնությունն իր կողմից հավելումներ արեց՝ սկզբում անձրևի, հետո թիթեռների միջոցով։

Մեր նպատակն այն է, որ ցանկացած հիշատակի օր կամ միջոցառում մեր երկրում կարողանանք այնպես ներկայացնել, որ դա դուրս լինի արդեն տարիներ ի վեր գործող ստանդարտների սահմաններից։ Շատ լավ է ու ճիշտ, որ ամեն տարի մեր հայրենակիցներն այցելում, գլուխ են խոնարհում անմեղ զոհերի հիշատակին, բայց մենք պետք է ցանկացած լծակ կիրառենք մեր խոսքն աշխարհին հասանելի դարձնելու համար, ու սա այդպիսի հնարավորություններից մեկն էր։ Շատ երկրներում են հուշարձանների շուրջ խորհրդանշական լուսավորումներ արել, որպեսզի մահացած մարդկանց հիշատակը վառ մնա ու ցանկացած մարդ ուշադրություն դարձնի այդ լույսերին ու ինքնաբերաբար հետաքրքրվի, թե ի՞նչ նախապատմություն ունի լույսերով ողողված այդ հուշարձանը։ Մենք պետք է մեր պատմությունը, մանավանդ Հայոց ցեղասպանության հարցը հասանելի դարձնենք ողջ աշխարհին։

Լույսն ունի ընդգրկուն խորհուրդ՝ լուսավորվելու, լույս աշխարհ գալու և դեպի լույսը գնալու արարչագործ հատկանիշներով։ Այս տարի դրվեց զոհերի հիշատակի հարգման արարողության կազմակերպման մի յուրահատուկ նշաձող, որից հետո այլևս չենք կարող առավել ազդեցիկ գաղափարներ չիրականացնել։ Մենք անկասկած հաջորդ տարի նույնպես կդիմենք ԿԳՄՍ նախարարությանը՝ տպավորիչ ու գեղեցիկ գաղափարով»։

Հեղինակ՝ Դիանա Զաքարյան