Համընդհանուր մեկուսացումը, իսկապես, լուրջ անդրադարձ ունեցավ բոլորիս կյանքի ու ապրելակեպի վրա։ Շատերը փակվեցին տներում ու սկսեցին տխրել ստեղծված իրավիճակի ու պարտադրված սահմանափակումների պատճառով։ Այս օրերին, երբ Հայաստանում բոլորը մտահոգված են կորոնավիրուսի տարածմամբ և քայլեր են ձեռնարկում հնարավորինս արագ հաղթահարելու ստեղծված իրավիճակը, սոցիալական ցանցերում գերակտիվ վիճակ է․ հայտնիները ներկայանում են ուղիղ եթերներով, նոր նախագծերով, հումորային տեսանյութերով։ Բոլորն աշխատում են արդյունավետ օգտագործել ինքնամեկուսացման տրված այս առավելությունը։
Օրինակ, երգիչ Գևորգ Մարտիրոսյանը, ով հանդես է գալիս Գևջան կեղծանվամբ, ներկայացրել է երկրպագուներին երգի պրեմիերա, ինչը բավականին ռիսկային էր կարանտինային պայմաններում: Երգը՝ հայտնի «Ես գնում եմ գինետուն» երգի նորովի մատուցումն է։
«Աշխատել եմ ընկերներիս հետ՝ գործիքավորողներ Սևակ Հակոբյանի և Գևորգ Հովհաննիսյանի հետ: Պահպանել ենք բոլոր հնարավոր կանոնները»,- կայքի հետ զրույցում խոստովանում է երգիչը։
Երգի ընտրությունը բավականին հետաքրքիր պատմություն ունի։
«Մոտ ընկերոջս հետ որոշել էինք կտրվել առօրյա հոգսերից և մի փոքր ժամանակ անցկացնել՝ քաղաքից դուրս գնալով: Ռադիոյով պատահաբար հնչեց «Գինետուն» երգն Էլլա Տարունցի կատարմամբ և ընկերս ասաց, որ հետաքրքիր երգ է, իսկը մեր մասին: Խորացա երաժշտության և բառերի մեջ ու հասկացա, որ պետք է երգեմ այդ երգը: Չէի ասի, որ ինչ-որ առանձնահատկություն կա կատարմանս մեջ, պարզապես երգել եմ այնպես, ինչպես կերգեր սիրուց ցավ ապրող ու խմիչքին տենչող մարդը»,- ժպիտով կիսվում է Գևորգը։
Երգիչը նշում է, որ ինչպես շատերի մոտ, իր դեպքում նույնպես բազմաթիվ ծրագրեր հետաձգվել են կարանտինային ռեժիմի հետևանքով։
««Գինետունը» պետք է ծննդյանս տարեդարձից հետո թողարկվեր: Հետաձգվեցին այդ երգի, ինչպես նաև ևս երկու երգի պրեմիերաներ: Չեմ դժգոհում, երևի բարին էլ դա էր: Կարանտինի ավարտից հետո անմիջապես անցնելու եմ այդ երկու երգերի իրագործմանը»,- խոստանում է երգիչը։
Գևորգը պատմում է, որ տեսակով ինտրովերտ է, և ինքնամեկուսացումն ինչ-որ չափով նրա համար սովորական էր: Խոսելով, թե ինչով է զբաղվում ինքնամեկուսացման ընթացքում՝ նա նշում է․«Հիմնականում առօրյաս անցնում է ընթերցանությամբ, նոր ֆիլմերի դիտմամբ, ինչպես նաև երաժշտության հետ սերտ կապով: Ինքնամեկուսացումն ինչ-որ տեղ հետաքրքիր դադար էր՝ ինքդ քեզ ավելի լավ ճանաչելու համար»:
Իր խոսքը երգիչը եզրափակում է՝ ասելով, որ իր երկրպագուներին անչափ սիրում է և նրանց համար անակնկալներ է պատրաստել երգերի տեսքով։
«Փորձելու եմ ամեն կերպ զարմացնել երկրպագուներիս: Ապագայի մասին չեմ մտածում, փորձում եմ շարժվել քայլ առ քայլ»,-ասում է Գևորգը։
Հեղինակ՝ Տաթևեր Լազարյան