«Դերասանի ու հաղորդավարի աշխատանքում ամենադժվարը ազնվությունն է»․ Անուշիկ Առաքելյանի անկեղծ զրույցը

Համընդհանուր կարանտինը ստիպում է բոլորիս տանը մնալ ու շեղվել մեր առօրյա գրաֆիկից։ Շատ հայտնիներ փորձում են առցանց շփվել իրենց հետևորդների հետ, նոր չելենջերի մասնակցել, համեղ ուտեստներ պատրաստել ուղիղ եթերում և այլն։ Showbiz.amը զրուցել է դերասանուհի, հաղորդավարուհի Անուշիկ Առաքելյանի հետ։ Անկեղծ զրույցի ընթացքում նա պատմել է տնային առօրյայի, կարանտինի պատճառով հետաձգված կարևոր մտադրության, իր մասնագիտության ամենադժվար կողմի, Հայաստանի և այլ շատ հետաքրքիր թեմաների մասին։

– Ինչպե՞ս է անցնում Ձեր կարանտինային առօրյան: Ինչո՞վ եք զբաղվում տնային մեկուսացման պայմաններում:

– Դե ինչպես յուրաքանչյուր հայ կին՝ կենցաղային մանր-մունր տնային գործերով, իհարկե երբեմն լինում են նկարահանումներ որոնց մասնակցում եմ, որովհետև հեռուստատեսություններն իրենց աշխատանքները չեն դադարեցրել՝ սերիալներն ու հաղորդումները շարունակում են հեռարձակվել։ Օրս անցնում է կարդալով, աուդիոգրքեր լսելով, ֆիլմեր դիտելով։ Անկեղծ ասած, ես շատ եմ սիրում տանը լինել, ու այս իրավիճակն ինձ համար սարսափելի է ոչ թե տանը մնալու տեսանկյունից, այլ այն, որ այս ամենի պատճառով տուժում է տնտեսությունը ու աշխատանքներն այն հունով չեն ընթանում, ինչպես սովորաբար։ Տանը նստելն ինձ համար այն մեծ սթրեսը չէ, ինչպես շատերը նկարագրում են, որովհետև ես տուն սիրող մարդ եմ ու մեծ հաճույք եմ ստանում իմ տանը գտնվելուց ու տնային գործերով զբաղվելուց։ Չափից ավելի մաքրության սիրահար մարդ եմ, ու ընկերներս ասում են՝ մառազմի հասնող (ծիծաղում է)։

– Հիմա բոլորը փորձում են իրենց մեջ նոր տաղանդներ գտնել, տնային մեկուսացումը ստիպում է ոմանց երգել, մյուսներին պարել կամ համեղ կերակուրներ պատրաստել: Դուք ձեր մեջ մինչ այս անհայտ եղած տաղանդ գտե՞լ եք:

– Երբ ժամանակ եմ ունենում, ես էլ ինչ-որ նոր բաներ եմ թխում, որոնց համար առաջ ժամանակ չէի հասցնում հատկացնել։ Բայց ես կարող եմ նորություն ասել, որն առաջ ոչ մի անգամ չէի արել և այս անգամ էլ, ոչ թե ես նախաձեռնեցի, այլ աղջիկս։ Ինստագրամով ուղիղ հեռարձակում արեցինք ու այդ ընթացքում մենք մեր բակում մեր շունիկին էինք զբոսանքի հանել։ Այդ հեռարձակման ընթացքում հասկացա, որ մարդկանց մեծ բազմություն կա, որ ուզում է տեսնել, զրուցել, որովհետև ես անձնականը չտարածող ու չբացահայտող մարդ եմ ու իմ օրվա անելիքները չեմ ներկայացնում հանրությանը, քանի որ փիարի խնդիր չունեմ։ Չեմ պատրաստվում մեր հայ կանանց ինչ-որ բան եփել սովորեցնել, որովհետև հայ կինն, ըստ իս ամենաճկունն է ու նույնիսկ ամենազբաղված կինը կարողանում է իրեն խոհանոցում դրսևորել։ Ես կարող եմ ինչ-որ բան պատրաստել ու ուղղակի ընթացքում խոսել ավելի կարևոր բաների մասին, որ մարդկանց ավելի շատ տեղեկություն կտա, քան բաղադրատոմսը։ Միշտ ասում եմ, որ եթե զգում եք, որ ձեզ տանում է աստղային հիվանդությունը, ապա վեր կացեք և մի քանի ափսե լվացեք ձեր խոհանոցում։ Դա հաստատ կօգնի և ամեն ինչ կանցնի։ Հետևորդների համար բացահայտում էր, որ ես լայվում եմ, չնայած որ դրանում ավելի շատ աղջիկս երևաց, քան ես։ Հետո սկսեցին գրել, որ ամեն օր է պետք այսպիսի լայվեր անել, բայց անկեղծ ասած, ես տանը գտնվելով հանդերձ ամեն օր այդքան ժամանակ չեմ գտնում։ Բայց հնարավոր է անեմ այդպիսի ուղիղ հեռարձակում՝ միայն այն դեպքում, երբ կոնկրետ թեմա ունեմ զրուցելու։ Դա մարդկային չափի զգացումն է, որն այսօր շատ արդիական է, հատկապես եթե մեզ երիտասարդներ են նայում, շատ էի ուզում անդրադառնալ հենց չափի զգացողությանն ու դրան հարակից թեմաների։ Բայց մինչ այս ժամանակ չէի գտնում ու չգիտեմ էլ՝ կհասցնեմ, թե ոչ։ Լայվերը օգնում են հայտնիներին ավելի շատ հետևորդներ հավաքելուն, բայց ես քաջ գիտակցում եմ, որ այս ամենը ժամանակավոր բնույթ է կրում։ Չգիտեմ՝ որքան կյանք ունեցավ Օդնոկլասնիկի սոցիալական կայքը, քանի որ ցանկացած սոցիալական կայք ունի իր կյանքի տևողությունը, ինչպես օրինակ, երբ սկսվեց ակտիվանալ Ինստագրամը, Ֆեյսբուքը սկսեց զիջել իր դիրքերը։ Այս նույն տրամաբանությամբ էլ մի օր Ինստագրամն է փոխարինվելու այլ հարթակով, և ես ցավում եմ ոչ թե այն հետևորդ երիտասարդների համար, որոնք հետևում են այս կամ այն արտիստի էջին, այլ այն արտիստների համար, որոնք կարծում են, որ այս կյանքում կայանալու առաջին հանգամանքը հետևորդների քանակն է։ Մի լավ խոսք կա, որ վերջերս եմ լսել՝ ասա քանի հետևորդ ունես, ասեմ ով ես դու։ Ավելին, կարող եմ շոուբիզնեսյան գաղտնիք բացել՝ այսօր ավելի շատ նկարահանվելու հրավիրում են այն արտիստներին, որոնք ավելի շատ հետևորդներ ունեն, որովհետև այդ շատ հետևորդները դիտելիություն ու ռեյտինգ կապահովեն։ Անհնար է, որ այս մոտեցումը որակային խնդիրներ չստեղծի։

– Ի՞նչ գրքեր խորհուրդ կտաք կարդալ այս ընթացքում: Վերջերս կարդացած գրքերից որո՞նք են Ձեզ տպավորել։

– Շատ են ու տարբեր այն գրքերը, որոնք ես կարդացել եմ ու որոնցից տպավորված եմ։ Օրինակ մոտիվացիոն գրքերից կարող եմ խորհուրդ տալ Նապոլեոն Հիլլի «Մտածիր ու Հարստացիր» գիրքը․ այն ինձ համար ինտելեկտուալ ու գեղարվեստական գիրք չէ, ավելի շատ կենսագրական է ու ստիպում է ինքդ քեզ հարցեր ուղղել։ Այն մարդիկ, որոնք իրենց անհաջողությունների համար մեղադրում են այլ մարդկանց, մեկ անգամ պիտի ընթերցեն այս գիրքը, որպեսզի սկսեն իրենց վրա վերցնել իրենց կյանքի պատասխանատվությունը։ Մենք անարդար երկրում ու աշխարհում ենք ապրում, բայց գոնե անձնական անհաջողությունների մեջ չպետք է մեղադրել ուրիշներին։ Այս պահին ես կարդում եմ Էլիֆ Շաֆաքի «Ստամբուլի բիճը»։ Այս գիրքը երկար ժամանակ չէի գտնում, բայց պատահաբար գտա հորաքրոջս տանը, դրանից առաջ կարդում էի նույն հեղինակի «Պատիվ» ստեղծագործությունը։ Նրա ստեղծագործություններից զգացվում է, որ գրողը կին է։ Վերջերս ինձ շատ հետաքրքիր է կին հեղինակների կարդալ։ Տպավորիչ են նաև Օրհան Փամուքի «Ձյունը» և «Ստամբուլ․ հիշողությունների քաղաք» ստեղծագործությունները, քանի որ դրանցում հիանալի անդրադարձներ կան հայերի ու նրանց հարուստ, շքեղ կենցաղի մասին։ Ինձ շատ է դուր գալիս, որ նոբելյան մրցանակակիր թուրք ստեղծագործողը անդրադառնում է հայերին ու ներկայացնում նրանց գեղեցիկ ապրելակերպը։ Երբեմն դժվար է գրականություն խորհուրդ տալը, որովհետև եթե մարդը դեռ գրականություն չի ընթերցել, նրան պետք է սկսել դասականներից՝ Չեխով, Դոստոևսկի, Տոլստոյ, Ռեմարկ, Մարկես, Կաֆկա ու շատ այլ ստեղծագործողներից։ Շատ տպավորված եմ եղել Մարկեսի «Հարյուր տարվա մենություն գրքից», Օրհան Փամուքի «Ձյունը» ստեղծագործությունից, քանի որ դրանում շատ ուժեղ մի կնոջ կերպար է նկարագրված, «Անասնաֆերմայով», Կաֆկայի «Կերպարանափոխությամբ», Հեմինգուեյի «Ում մահն է գուժում զանգը» գրքերից։ Բացառիկ ապուշ գրականություն եմ համարում Մարկ Մենսոնի «Թքած ունենալու նուրբ արվեստը»։ Այն ինձ համար շատ թույլ ու նեղ մտածելակերպով գիրք է, դա պետք է կարդաս 16-17տարեկանում, որովհետև այնտեղ ընդամենն ասվում է, որ պետք է մի բանով զբաղվել, ինչ-որ բանից սկսել, սրա-նրա վրա մեղքերը չբարդել, պատասխանատվություն կրել։ Հայաստանի համար այս գրքի գաղափարախոսությունը արդի չէ, որովհետև մեր երկրում ոչ-ոք տարիներով դեպրեսիայի մեջ չի ընկնում, ոչ մեկ այդքան հոգեմետ ու հանգստացնող դեղեր չի օգտագործում, ինչպես մենք սովոր են տեսնել հոլիվուդյյան ֆիլմերում կամ առհասարկ այդ կենցաղով ապրող մարդկանց մոտ։ Այնտեղ չկա ընկերություն, մեկը մյուսին լսել ու դու պիտի հոգեբանի մոտ հաճախես, որ նա գումարի դիմաց քեզ լսի, կամ եթե դու դեպրեսիայի մեջ ես ու խոսելու տեղ չունես, ինչը մենք բոլորս ունենք, դու պիտի հոգեմետ ու հանգստացնող դեղեր խմես ու քնես։ Այդ գրականության մեջ բերված օրինակները մեր հասարակության համար բացարձակ պիտանի չեն։ Ես համարում եմ, որ այդ գիրքը պետք է կարդալ տեսնելու համար, թե որքան թույլ գրքեր կան համաշխարհային գրականության մեջ։ Նույն կերպ էլ անիմաստ է «Սերն ապրում է երեք տարի» և «Սիրելու նուրբ արվեստը» գրքերը։ Մեր հայ ստեղծագործողները, որոնց գրքերը չեն գնում, շատ ավելի տաղանդավոր են, քան Մարկ Մենսոնը։ Ամերիկան գովազդի ու մեկանգամյա իրերի ու գրքերի օգտագործման երկիր է, մենք չենք կարող կրել նրանց արժեքները, չենք կարող արժեքավոր համարել մակերեսային գրականությունը, քանզի Հայաստանը նրանցից շատ է տարբերվում իր հոգևոր արժեքներով, սկզբունքներով, բարոյական արժեքներով։ «Թքած ունենալու նուրբ արվեստը» մեկանգամյա օգտագործման գիրք է ու վատ կենցաղի օրինակ։ Մեր երիտասարդները շատ ավելի պատասխանատու են, ավելի ճիշտ են դաստիարակված, մեր արժեքները այլ են։

 

– Ձեր աշխատանքում ի՞նչ նախագծեր կամ նկարահանումներ են չեղարկվել այս իրավիճակի պատճառով և ե՞րբ սպասենք նորությունների:

– Կար թատրոնի հետ կապված նախագիծ, որը ես ուզում էի քննարկել, բայց միևնույնն է դա մեկ օրում արվող բան չէր։ Երբ ես ԱՄՆ-ից եկա, արդեն Նոր Տարի էր, նախագծերը զրոյական մակարդակի էին, դրանից հետո կամաց – կամաց սկսեցին ընկնել հունի մեջ, և ինչ սկսվել են աշխատանքները, ես ընդգրկված եմ եղել սերիալի նկարահանումներում։ Գործնական առումով մեկ շատ կարևոր նախագիծ է տուժել այս իրավիճակի պատճառով։ Ես ուզում եմ դերասանական դպրոց բացել, որտեղ նպատակ ունեմ ընդգրկել ավագ դպրոցի աշակերտներին, ովքեր ուզում են ընդունվել Թատերական ինստիտուտ, այդտեղից կկարողանան ընդունվել անվճար, ինչպես նաև նրանց համար, ովքեր թեկուզ սիրողական մակարդակի ուզում են մոտ լինել արվեստի այս ճյուղին։ Բոլոր այն մարդիկ, որոնք խնդիր ունեն ինքնաարտահայտվելու, շփվելու և խոսքի հետ կապված, կկարողանան զարգացնել իրենց խոսքը, ճիշտ արտահայտել մտքերը։ Նաև ձայնի խնդիր ունեն և աշխատանքում ու կյանքում դա իրենց համար խնդիրներ ու բարդույթներ է ստեղծում, կկարողանան շտկել իրենց ձայնը։ Պարտադիր չէ, որ դրանք լինեն դերասանի մասնագիտություն ընտրած մարդիկ, որովհետև ձայնը ու հաղորդակցման ճիշտ ձևը պետք են ցանկացած մարդու։ Քանի որ ամեն ինչ փակվեց, ու չգտա տարածքը, արդեն փնտրում եմ օնլայն հարթակների միջոցով։ Կարանտինի ավարտից անմիջապես հետո պատրաստվում եմ զբաղվել դպրոցի բացման աշխատանքներով։

– Ո՞րն է Ձեր մասնագիտության ամենադժվար կողմը:

– Դերասանի ու հեռուստահաղորդավարի աշխատանքում, ըստ իս ամենադժվարը ազնվությունն է։ Մեր շոուբիզնեսում ընդունված է անդադար ինչ-որ կերպար խաղալը։ Դեր խաղալն ընդունում եմ բեմի վրա, նկարահանումների ժամանակ, բայց երբ դու հաղորդավար ես, չես կարող խաղալ, որովհետև հաղորդավարը կերպար չէ, դա դու ես՝ քո ինտելլեկտը, քո էներգիան ու քո դաստիարակությունը։ Երկու-երեք հաղորդում խաղալուց հետո, միևնույնն է պարզ երևալու է այն, ինչ դու կաս իրականում, որովհետև ազնիվ լինելն ամենադժվար գործն է։ Մարդիկ ձգտում են ինչ-որ գլամուրային, գրոտեսկ կերպարներ խաղալ ու այդ անբնական վիճակը միանշանակ արագ փոխանցվում է հեռուստադիտողին, ու հեռուստադիտողը սկսում է քեզ չսիրել ու տեսնելիս փոխում է ալիքը։ Այդ պաթոսը ստեղծում է հակակրանք, ու հեռուստադիտողը սկսում է քեզ չհավատալ։ Ի վերջո, կա մի բան, որը ոչ ոք չի կարող թաքցնել, եթե անգամ դրական կերպար ես մարմնավորում՝ քո կանգնած ձևից, ձեռքերի դիրքից, ժեստերի ու խոսելու ձևից անմիջապես երևում է քո դաստիարակության ու գրագիտության չափը։ Բեմն ու հեռուստատեսությունը շատ ցայտուն կերպով դա անմիջապես փոխանցում են հանդիսատեսին ու հեռուստադիտողին։ Այնպես որ, եթե դու անդաստիարակ ես, եթե նույնիսկ խաղաս ֆիլմի ամենաբարի ու խեղճ աղջնակին, ում բոլորը ծեծում են, քո անդաստիրակությունը երևալու է։ Անգամ ինտելեկտդ չի կարող թաքցնել քո անդաստիարակությունը, որովհետև չեմ բացառում, որ կան ինտելեկտուալ, բայց անդաստիարակ մարդիկ։

– Եթե չդառնայիք դերասանուհի, հաղորդավարուհի ապա ի՞նչ մասնագիտություն կընտրեիք:

– Իրավաբանություն և հատկապես՝ քննիչ։ Այդպիսի նպատակներ ունեցել եմ, չնայած որ սկզբում ընդունվեցի ԵՊՀ-ի Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ և հետո նոր Թատերական ինստիտուտ։ Բայց ես կարծում եմ, որ եթե ընդունվեի իրավագիտության ֆակուլտետ, և ոչ թե՝ միջազգային հարաբերությունների, ապա միգուցե ընթացքը հենց այդպես էլ շարունակվեր, ու ես աշխատեի այդ մասնագիտությամբ ու քննիչ դառնայի։ Դա կարծես ինձ ի վերուստ տրված մի բան լինի՝ ես 6-րդ զգայարանով զգում եմ սուտը՝ անկախ նրանից, թե որքան պրոֆեսիոնալ է խաղում այդ մարդը։ Ես նույնիսկ զգում եմ, թե որքան է նա ստում։ Դա ինձ կօգներ իմ մասնագիտության մեջ, որպես գաղտնիք, բայց մասնագիտական առումով այդ գործում ինձ կօգներ այն փաստը, որ ես չափազանց ազնիվ ու արդար եմ։ Սևին սև եմ ասում, սպիտակին՝ սպիտակ։ Ինձ համար բացարձակ միևնույնն է, թե ինձ ինչպես կնայեն որպես արտիստի, ով միշտ ուղիղ է արտահայտում իր դիրքորոշումները։ Թե՛ այս, թե՛ նախորդ իշխանությունների դեպքում ես միշտ եղել եմ ազատ իմ մեկնաբանությունների մեջ, և եթե այդ պահին մի բան լավ է արվել, ես չեմ կարող չասել այդ մասին, ու եթե մի բան վատ է արվել, դա նույնպես։ Անգամ այն դեպքում, եթե երկու գործողություններն էլ նույն անձն է կատարել, ես կարող եմ նրա մասին գրել ու ասել ամենասուր քննադատությունը, բայց եթե հաջորդ պահին նա մի լավ գործ է անում, ես չեմ կարող դրան չանդրադառնալ։ Ուզում եմ ասել, որ իմ այդ չքծնող, ազնիվ ու արդար տեսակը անշուշտ կօգներ ինձ լինել լավ իրավաբան ու լավ քննիչ։ Բայց, փառք Աստծո, իմ այդ հատկանիշներն ինձ օգնում են ազնիվ լինել բեմում, նկարահանման հրապարակում, հեռուստադիտողների ու հանդիսատեսի առջև։ Երբ ինձ ասում էին, որ մեր «Բարի լույսը» շատ են սիրում, ես հասկանում էի, որ պատճառն այն չէ, որ ես ամենալավն եմ կամ մեր տաղավարն ու հաղորդումն ամենալավն էին, ոչ, դա այդպես չէ։ Ես հասկանում եմ, թե մարդկանց ինչ ներքին զգացողություն է ստիպում քեզ նայել՝ նրանք կեղծիք չէին տեսնում։ Ես չեմ խաղում կերպարներ, չեմ ներկայանում որպես հանճարեղ կամ գլամուր տեսակ, ոչ, ես սովորական հայ կին եմ, ով տանը ճաշ է եփում, ափսե է լվանում, մաքրություն է անում, գիրք է կարդում, երեխա է դաստիարակում, ընկերների հետ է հանդիպում, հյուր է ընդունում։ Ցավալի է, որ շատ մարդիկ, որոնք մշտապես ապրում են այդ կերպարներում, չեն հասկանում ու չեն ուզում իրենց վրա պատասխանատվություն կրել՝ գիտակցելով, որ իրենց վիդեոները դիտելով սերունդ է կրթվում։ Պետք չէ նոր սերնդին խաբել ու ցույց տալ, իբրև դու այդպես ապրում ես, որովհետև ոչ-ոք այդպես չի ապրում։ Այս փոքր երկրում չի կարելի այդքան մեծ մասշտաբներով խաբել, չէ՞ որ բոլորն իրար ճանաչում են։

– Առաջին բանը, որ կցանկանաք անել, երբ ավարտվի այս համընդհանուր կարանտինը:

– Չեք հավատա, գուցե ծիծաղելի բան կասեմ, բայց ես պաշտում եմ Աբովյան փողոցն ու դրա վրա գտնվող իմ սիրելի սրճարանում նստելը, սուրճ խմելն ու մարդկանց նայելը։ Ես, որպես դերասան, շատ եմ նայում մարդկանց։ Ինձ բոլորը հետաքրքիր են։ Երբեմն ինձ բռնում եմ այն մտքի վրա, որ շատ ուշադիր եմ նայում ու մարդիկ մտածում են, թե ի՞նչ է պատահել կամ միգուցե ծանո՞թ ենք, որ այդքան ուշադիր է նայում։ Բայց ես սիրում եմ նայել մարդկանց, հատկապես միմյանց հանդեպ դրսևորումները։ Տա Աստված, երբ որ արդեն իմ սիրելի սրճարանը կբացվի, ես անպայման ընկերներիս հետ այնտեղ կնստեմ ու սուրճ կխմեմ։ Առհասարակ, սուրճի կարիք երբեք չեմ զգում, բայց ես արթնանում եմ այն մտքով, որ հիմա պետք է սրճեմ ու խմեմ իմ սիրելի դարչինով էսպրեսսոն։ Անգամ այդ սրճարանում գիտեն, թե ես ինչ սուրճ եմ սիրում, և առանց հարցնելու արդեն բերում են։ Սուրճ խմելն ինձ համար ընկերների հետ նստելու, զրուցելու ու այդ պահը վայելելու էսթետիկ մի պահ է։ Ես կգերադասեմ մի բաժակ սուրճը մի բաժակ գինուց։ Կարանտինային ռեժիմի ավարտից հետո անկասկած առաջին բանը իմ սիրելի քաղաքով, փողոցով զբոսնելը կլինի, քանի որ շատ եմ սիրում Հայաստանը։ Ես շատ երկրներում եմ եղել, եղբորս հետ շատ ենք ճանապարհորդել ու եղել ենք այն բոլոր երկրներում, որտեղ մարդիկ երազում են լինել, բայց միևնույնն է, ես համարում եմ, որ այն երկիրը որտեղ կարելի է երեխա դաստիարակել ու մեծացնել, այն երկիրը, որտեղ ընտանիքի ու ընկերության մոդելը դեռ ապրում է՝ Հայաստանն է։ Այստեղ դու քեզ ապահով ես զգում ու հանգիստ ես քո երեխայի համար։ Եվրոպայում մարդիկ մեծ խնդրի առաջ են կանգնել, կախվածություն ունեն հոգեբաններից ու հանգստացնող դեղերից, իսկ մեր երկրում մենք երբեք մենակ չենք, մեր ընկերները, ընտանիքը միշտ պատրաստ են ժամերով լսել մեզ և օգնել։ Ես համարում եմ, որ քանի այս մոդելը գործում է Հայաստանում, մենք փառահեղ երկրում ենք ապրում։

Հեղինակ՝ Դիանա Զաքարյան