Մշտական քաղցն ու ուտելու ցանկությունը կարող են լինել օրգանիզմի պատասխան ռեակցիան սթրեսին, ուստի հաճախ դրա դեմ պայքարելն այդքան էլ հեշտ չի լինում, սակայն մասնագետները ներկայացրել են հինգ մթերք, որոնք կօգնեն հեշտությամբ ազատվել այս խնդրից։ Սննդամթերքի նշված տեսակները սննդակարգում ներառելու դեպքում կարելի է հագեցնել օրգանիզմն անհրաժեշտ սննդարար նյութերով և խուսափել սննդամթերքի չարաշահումից։
Ավոկադո
Կալիֆոռնիայի համալսարանի գիտնականների անցկացրած գիտափորձը ցույց է տվել, որ մշտական քաղցից գանգատվող մարդկանց մոտ օրվա երկրորդ կեսին որևէ բան ուտելու ցանկությունը նվազում էր 40 տոկոսով ճաշին ավոկադո ուտելու դեպքում։ Մասնագետների խոսքով՝ օգտակար ճարպերի բարձր պարունակության և մեծ քանակությամբ վիտամինների ու հանքանյութերի շնորհիվ օրգանիզմը հագենում է անհրաժեշտ սննդարար նյութերով և գլխուղեղը հազվադեպ է քաղցի ազդանշաններ ուղարկում մարմնին։
Կտավատի սերմեր
Կոպենհագենի համալսարանի գիտնականների ստացած տվյալները վկայում են, որ կտավատի սերմերի գործածությունը նվազեցնում է ուտելու ցանկությունը 30 տոկոսով։ Հաճախ ուտելու սովորությունից ազատվելու համար մասնագետները խորհուրդ են տալիս օրական մեկ ճաշի գդալ կտավատի սերմ ուտել՝ նախապես թրջելով դրանք ջրի մեջ։ Այս սերմերը հարուստ են մանրաթելերով, ինչի շնորհիվ պահպանում են հագեցածության զգացումը։
Հավկիթ
Մասնագետները խորհուրդ են տալիս նախաճաշին հավկիթ ուտել, քանի որ դրանց մեջ պարունակվող ամբողջական սպիտակուցն ու մեծ քանակությամբ սննդարար նյութերը հսգեցնում են օրգանիզմն անհրաժեշտ օգտակար բաղադրիչներով, ինչի շնորհիվ քաղցի զգացումը չի տանջում բավարար երկար ժամանակ։ Այս մթերքի շնորհիվ կարելի է ամենօրյա սննդակարգի կալորիականությունը նվազեցնել 300-400 կալորիայով, ինչը բավական մեծ տարբերություն է։
Չիլի պղպեղ
Գիտնականների խոսքով՝ այս պղպեղի ակտիվ բաղադրիչը՝ կապսաիցինը, նվազեցնում է յուղոտ ու քաղցր մթերք ուտելու ցանկությունը՝ օգնելով խուսափել սննդի չարաշահումից։ Քաղցր մթերքը զգալիորեն բարձրացնում է արյան մեջ շաքարի մակարդակը, ինչն էլ հաճախ քաղցի կտրուկ «նոպաների» պատճառ է դառնում, սակայն չիլիի գործածությունը կօգնի ազատվել այս խնդրից։
Կոճապղպեղ
Կոճապղպեղը պարունակում է լեպտին, որն ախորժակը նվազեցնող բնական նյութ է։ Բացի այդ, այս համեմունքը հարուստ է վիտամին С-ով, ինչը խթանում է արյան շրջանառությունն ու օգնում է չչարաշահել մթերքն էներգիա ստանալու համար։