Բշտիկները կարող են շատ տհաճ «անակնկալ» դառնալ յուրաքանչյուրի համար՝ հանգեցնելով տրամադրության անկման և անգամ բարդույթների զարգացման։ Այս մաշկային խնդրից ազատվելը երբեմն բավական բարդ է լինում, քանի որ մարդիկ ոչ միշտ են ուշադրություն դարձնում դրա զարգացման պատճառին և փորձում են ազատվել միայն խնդրի արտաքին դրսևորումներից, սակայն մասնագետները հիշեցնում են, որ բշտիկների ու մաշկային ցանի զարգացումը միշտ պայմանավորված է լինում որևէ պատճառով, որից չազատվելու դեպքում խնդիրը պարբերաբար կկրկնվի և ցանկացած բուժում անարդյունավետ կլինի։
Հազվադեպ առաջացող բշտիկները կարող են պայմանավորված չլինել որևէ լուրջ խնդրով, ուստի նման դեպքերում անհանգստանալու կարիք չկա, սակայն եթե դրանք հաճախ են ի հայտ գալիս, ապա մասնագետները հորդորում են անպայման բուժզննում անցնել խնդրի զարգացման պատճառը պարզելու համար։ Բժիշկները ներկայացրել են բշտիկների առաջացման պատճառ հանդիսացող հիմնական գործոնները, որոնք հարկավոր է անպայման հաշվի առնել նման խնդրի զարգացման դեպքում։
Սխալ սննդակարգ
Մեծ քանակությամբ անպետք ածխաջրերով հարուստ սննդակարգը, որում գրեթե չեն պարունակվում օգտակար ճարպերի ու անփոխարինելի ամինաթթուների աղբյուրներ միշտ իր ազդեցությունն է ունենում մաշկի վրա։ Չբալանսավորված սննդակարգը փոխում է մաշկային ճարպի կազմությունը, ինչի հետևանքով այն ավելի խիտ ու թանձր է դառնում՝ ի վերջո հանգեցնելով մեծ քանակությամբ բշտիկների ու կորյակների զարգացման։ Նման խնդիրներից խուսափելու համար հարկավոր է վերանայել սննդակարգը և առաջին հերթին հրաժարվել արագ սննդից, քաղցր գազավորված ըմպելիքներից ու պատրաստի հրուշակեղենից։ Փոխարենը հարկավոր է հարստացնել սննդակարգը մեծ քանակությամբ բանջարեղենով, ձկնատեսակներով, բուսական յուղերով, ընկույզներով ու կանաչ տերևավոր բանջարեղենով։
Աղեստամոքսային տրակտի հիվանդություններ
Վիճակագրական տվյալներով՝ ակնեով հիվանդների 50%-ի մոտ առկա է նաև գաստրիտ կամ դիսբակտերիոզ, իսկ 30%-ի մոտ՝ աղիների հիվանդություններ, ինչը նշանակում է, որ շատ հաճախ մաշկային խնդիրները պայմանավորված են լինում աղեստամոքսային տրակտի հիվանդություններով։ Պարզելու համար՝ կա արդյոք նման խնդիր, հարկավոր է ուսումնասիրել դեմքին ի հայտ եկած բշտիկների տեղակայումը։ Եթե առավել հաճախ բորբոքվում է ճակատի մաշկը, ապա խնդիրը կարող է պայմանավորված լինել բարակ աղիների աշխատանքի խանգարումներով, վերին շուրթի հատվածում ի հայտ եկած բշտիկները հուշում են հաստ աղիների հետ կապված խնդիրների մասին, իսկ հոնքերի միջև բորբոքված մաշկը կարող է վկայել լյարդի աշխատանքի խանգարումների մասին։ Եթե բշտիկներն ի հայտ են գալիս քթի հատվածում, ապա խնդիրը կարող է պայմանավորված լինել տասներկումատնյա աղիքի հետ կապված խնդիրներով, իսկ այտերին ու այտոսկրերին ի հայտ եկած բշտիկները հուշում են ստամոքսի հետ կապված խնդիրների մասին։ Բավական ուշադիր լինելու դեպքում կարելի է մոտավոր պարզել խնդրի առաջացման պատճառը, սակայն հստակ ախտորոշում կարող է տալ միայն բժիշկ-գաստրոէնտերոլոգը, ուստի նման դեպքերում հարկավոր է անպայման դիմել մասնագետին։
Ինքնաբուժություն
Ներկայում գոյություն ունեն բազմաթիվ կոսմետիկ միջոցներ, որոնք նախատեսված են բշտիկների դեմ պայքարի համար, սակայն մասնագետները հորդորում են չվստահել գովազդներին և խուսափել նման միջոցների կիրառումից։ Դրանք կարող են պարունակել վնասակար բաղադրիչներ, որոնք ոչ միայն չեն բուժում, այլև նպաստում են բշտիկների առաջացմանը։ Նման բաղադրիչների շարքին են դասվում տարատեսակ յուղերը (հանքանյութային յուղեր, եգիպտացորենի յուղ, կոկոսյան ընկույզի յուղ, սոյայի յուղ, դեղձի յուղ և այլն), ինչպես նաև լանոլինը, վազելինը, ծծումբը, նատրիումի լաուրիլսուլֆատը և այլն։ Խնդրահարույց մաշկ ունեցող մարդիկ պետք է խուսափեն նման միջոցների կիրառումից, իսկ հասարակ խնամքի միջոցներն ընտրեն միայն մասնագետի հետ խորհրդակցելուց հետո։ Ի դեպ՝ առանց բժշկի հետ խորհրդակցելու հակաբեղմնավորիչ դեղամիջոցների կամ հակաբակտերիալ միջոցների գործածությունը նույնպես կարող է դառնալ բշտիկների առաջացման պատճառ, ուստի նման դեպքերում ևս չի կարելի զբաղվել ինքնաբուժությամբ։
Բշտիկների վնասում
Շատ հաճախ մարդիկ փորձում են ինքնուրույն ազատվել բշտիկներից՝ սեղմելով դրանք և դուրս բերելով բորբոքայի պարունակությունը, սակայն մասնագետները նախազգուշացնում են, որ անգամ ամենաստերիլ պայմաններում չի կարելի վնասել բորբոքման օջախը, քանի որ դա նպաստում է վարակի տարածմանն ու մաշկի այլ հատվածների ախտահարմանը։ Նման պրոցեդուրաներից հետո մեկ բշտիկի փոխարեն կարող են ի հայտ գալ մի քանիսը, ուստի ոչ մի դեպքում չի կարելի վնասել մաշկը։ Ի դեպ՝ նմանատիպ հետևանքների կարող է հանգեցնել նաև սկրաբների և մաշկը մաքրող խոզանակների կիրառումը, ուստի բորբոքումների դեպքում հարկավոր է հնարավորինս զերծ մնալ նման միջոցներով մաշկը մաքրելուց։
Հորմոնալ ֆոնի փոփոխություններ
Անգամ առողջ ու փայլուն մաշկ ունեցող մարդիկ կարող են երբևէ բախվել բշտիկների խնդրին, ինչը երբեմն պայմանավորված է լինում հորմոնալ տատանումներով։ Կանանց շուրջ 70%-ի մոտ ի հայտ են գալիս այսպես կոչված նախադաշտանային բշտիկներ, որոնց առաջացման պատճառը լինում է դաշտանային ցիկլի վերջին փուլում ստերոիդային հորմոնների մակարդակի բարձրացումը։ Դաշտանից առաջ կզակի հատվածում 1-2 բշտիկ կարող է ի հայտ գալ յուրաքանչյուրի մաշկին, ինչը համարվում է նորմալ երևույթ, սակայն լինում են դեպքեր, երբ բշտիկները չափազանց շատ են լինում և պայմանավորված չեն լինում դաշտանով, ինչը հուշում է լուրջ խանգարումների մասին։ Նման դեպքերում ևս բշտիկների առաջացումը պայմանավորված է լինում հորմոնալ փոփոխություններով, սակայն այդ փոփոխությունները, որպես կանոն, լինում են ախտաբանական բնույթի։ Նման դեպքերում բշտիկները կարող են հուշել սեռական հորմոնների արտադրման խանգարումների, ձվարանների պոլիկիստոզ համախտանիշի, ինչպես նաև մակերիկամների կամ հիպոֆիզի աշխատանքի խանգարումների մասին։ Եթե մաշկային խնդիրները կապված են նման խանգարումների հետ, ապա հարկավոր է անհապաղ միջոցներ ձեռնարկել։ Նման դեպքերում բուժումն իրականացվում է միաժամանակ գինեկոլոգի և ներզատաբանի հսկողության տակ։