«Արդեն նյարդային ու լարված եմ դարձել»․ դերասանուհի Լիանա Հակոբյանն իր կարանտինային առօրյայի և հետաձգված պլանների մասին

Դերասանուհի Լիանա Հակոբյանը, ով հեռուստադիտողներին հայտնի դարձավ «Ոսկե դպրոց» հումորային նախագծից, այնուհետև նաև նկարահանվեց  «Դեպի ճամբար», «Մոր խոստումը» հեռուստատեսային նախագծերում, այժմ եթերային զբաղվածություն չունի։ Դերասանուհին, ինչպես շատերը, այս օրերին ընտանիքի անդամների հետ միասին գտնվում է կարանտինի մեջ, իսկ տանից բացակայում է միայն խիստ անհրաժեշտության դեպքում։

ShowBiz.am-ի հետ զրույցում Լիանան խոսեց իր կարանտինային առօրյայից, պատմեց այս օրերին իր հիմնական զբաղվածության, հետաձգված ծրագրերի ու սպասումների մասին։

Լիանան այս ընթացքում հանդես էր գալիս սեփական նախաձեռնությամբ․  դերասանուհին Ինստագրամում տեսաբլոգ ունի, որտեղ հոլովակներ է տեղադրում նորաձևության, ոճի, շոփինգի և կանանց առնչվող այլ հետաքրքիր թեմաների մասին։

«Այս օրերին ինչպես մեծամասնությունը, այնպես էլ ես տանն եմ, գրեթե դուրս չեմ գալիս։ Կյանքումս, կարելի է ասել, ոչինչ չի փոխվել, ուղղակի այս ժամանակահատվածը ինձ ստիպեց ևս մեկ անգամ հասկանալ, որ ես ավելի շատ գերադասում եմ ժամանակս դրսում անցկացնել»,- պատմում է դերասանուհին և հավելում․ «Կարանտինի ընթացքում անցել ենք հետաքրքիր ռեժիմի։ Այժմ դասերն օնլայն ենք անում, և քանի որ ես ունեմ դերասանական կուրսեր, դրանք օնլայն եմ անցկացնում»։

Օրը ճիշտ և հետաքրքիր կազմակերպելու համար դերասանուհին իր միջոցներն ունի․ «Կարանտինի ընթացքում փորձում եմ օրերս հետաքրքիր կազմակերպել․ հիմնականում շատ-շատ ֆիլմեր եմ դիտում կամ էլ կարդում եմ տարբեր թեմաներին առնչվող նյութեր ու գրքեր։ Այս օրերին շատ ենք լսում տարբեր միջոցների մասին, որոնք բարձրացնում են իմունիտետը։ Բայց, անկեղծ ասած, ես ինքս դրանց չեմ հետևում։ Ես ունեմ իմ սեփական փորձված միջոցները։ Ուղղակի ես տանը հաճախ մարզվում եմ ու ամբողջ օրս չեմ անցկացնում պառկելով։ Օգտագործում եմ շատ մրգեր, բանջարեղեններ, հանել եմ սննդակարգիցս վնասակար սննդամթերքները։ Այսպիսով՝ ինձ ավելի լավ եմ զգում»։

Կարանտինը ստիպեց, որ շատերն իրենց գործերը կիսատ թողնեն կամ անժամկետ հետաձգեն, Լիանան ևս կիսատ մնացած գործեր ունի, ինչպես նաև նոր, հետաքրքիր նախագծերի պլաններ։ «Կարանտինից առաջ մի շարք գործեր էի ծրագրել, որոնք, ցավոք սրտի, կիսատ մնացին։ Ուսանողներիս հետ ներկայացում էի բեմադրում, կիսատ թողեցինք։ Կշարունակենք աշխատել արդեն կարանտինի ավարտից հետո։ Նոր առաջարկներ կան, նոր մտքեր կան, սպասում ենք այս վիճակը կարգավորվի, որ միանգամից անցնեք գործի»,- կիսվում է դերասանուհին։

Այս օրերին հասարակության մոտ տագնապ ու անտեղի խուճապ առաջացավ, շատերը շտապում էին խանութներ՝ իրենց պահեստային սննդով և այլ ապրանքներով ապահովելու համար, ոմանք նույնիսկ գնում էին այնքան սննդամթերք, որն իրենց կբավականացներ մի քանի շաբաթ շարունակ։ «Ի տարբերություն շատ շատերի՝ այս օրերին մենք մեզ պահեստային սնունդով կամ այլ ապրանքներով չենք ապահովել, քանի որ գերադասում ենք ամեն օր գնալ խանութ և գնել այն, ինչը մեզ անհրաժեշտ է այդ պահին։ Ես ինքս էլ հաճախ դուրս եմ գալիս ինչ-որ բաներ գնելու համար, քանի որ դա լավ միջոց է թեկուզ կարճ ժամանակով դրսում հայտնվելու համար»,- պատմում է դերասանուհին։

Կարանտինի բացասական կողմերը շատ-շատ են, սակայն դրանց կողքին չենք կարող չառանձնացնել նաև դրականները․«Չտեսանք այս տարվա գեղեցիկ գարունը, չհասցրինք այն վայելել։ Ես չեմ սիրում տանը մնալ, սիրում եմ աշխատել, շատ զբոսնել, դրսում ժամանակ անցկացնել։ Ես սովոր եմ, երբ ուշ երեկոյան եմ աշխատանքից հոգնած տուն վերադառնում։ Իսկ որպես դրական կողմ կարող եմ առանձնացնել այն, որ ավելի շատ ժամանակ ունեմ մայրիկիս և քույրիկիս հետ շփվելու համար»։

Օրեր շարունակ տանը մնալն ունի նաև իր բացասական հոգեբանական ազդեցությունները․ «Վերջին շրջանում արդեն զգում եմ, որ ես նյարդային ու լարված եմ դարձել։ Կարծես՝ այլևս չեմ դիմանում, ուզում եմ այս ամենը շուտ ավարտվի։ Բայց գիտակցում եմ, որ մեր առողջությունն ամենից կարևորն է, և պետք շարունակել մի փոքր էլ դիմանալ։ Ես չեմ խուսափում վեճերից ու տարաձայնություններից, դրանք էլ իրենց տեղն ունեն մեր կյանքում, առանց դրանց մեր առօրյան շատ անհետաքրքիր կլիներ»։

Հեղինակ՝ Լուս Ավագյան