Բրիթնի Սփիրսի Glory ստուդիական ալբոմը թողարկումից չորս տարի անց գլխավորել է iTunes-ի հիթ շքերթը

Ամերիկյան երգչուհի Բրիթնի Սփիրսը Instagram-ում հայտնել է, որ իր իններորդ Glory ստուդիական ալբոմը, որը թողարկվել է 2016 թվականին, անսպասելիորեն գլխավորել է iTunes-ի երաժշտական հիթ շքերթը, գրում է Daily Mail-ը։

«Նման բան չէի սպասում։ Դուք անհավատալի եք։ Շատ եմ սիրում այս ալբոմը և ուրախ եմ, որ այն ձեզ համար նույնքան թանկ է, որքան ինձ համար։ Շնորհակալ եմ»,- գրել է Սփիրսը։

Սկզբում ձայնասկավառակը զբաղեցրել է հինգերորդ տեղը, սակայն ավելի ուշ փոփ ալբոմների շարքում բարձրացել է առաջին հորիզոնականը՝ առաջ անցնելով Մրայա Քերիի 2002 թվականին թողարկված Charmbracelet ալբոմից,  Throwback Tunes: 80s հիթերի հավաքածուից, Մադոննայի I don’t search I find մինի ալբոմից, Էդ Շիրան X ալբոմից։

Glory-ի թողարկումից հետո ալբոմը երրորդ հորիզոնականում է հայտնվել հեղինակավոր Billboard 200 երաժշտական շքերթում (առաջին շաբաթվա ընթացքում վաճառվել է 111 հազար օրինակ), ինչպես նաև դրական արձագանքների է արժանացել քննադատների ու երկրպագուների կողմից։