4 համեղ ու արդյունավետ ըմպելիք անքնությունից ազատվելու համար

Անքնությունը բավական տարածված խնդիր է, որը կարող է խիստ բացասաբար անդրադառնալ կյանքի որակի վրա՝ հանգեցնելով թուլության, հոգնածության, ուժերի անկման և ինքնազգացողության սաստիկ վատթարացման։ Ժամանակին միջոցներ չձեռնարկելու դեպքում քնի նման խանգարումը կարող է բավական վտանգավոր հետևանքներ ունենալ, սակայն խնդիրն այն է, որ դրա դեպքում կիրառվող քնաբեր ազդեցությամբ օժտված դեղամիջոցները ոչ պակաս վնասակար են և առաջացնում են բավական լուրջ կողմնակի բարդություններ։ Նման խնդիրներից խուսափելու համար մասնագետները խորհուրդ են տալիս օգտագործել բնական դեղամիջոցներ, որոնք արդյունավետ են, սակայն չեն պարունակում վնասակար բաղադրիչներ և չեն առաջացնում կողմնակի բարդություններ։

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի քանի արդյունավետ ու հասանելի բնական միջոց, որոնք կօգնեն հեշտությամբ կարգավորել քունը և ազատվել անքնությունից։

  • Անքնության դեմ պայքարի ամենապարզ, հասանելի և արդյունավետ միջոցներից մեկը թուրինջն է։ Մասնագետները խորհուրդ են տալիս ամեն օր ընթրիքից հետո խմել մեկ բաժակ թուրինջի հյութ և ևս մեկ բաժակը խմել քնելուց առաջ։
  • Շատ արդյունավետ է նաև ցիտրուսային մրգերով կանաչ թեյը։ Պարզապես հարկավոր է 10-15 րոպե թրմել կանաչ թեյը (ցանկալի է օգտագործել հասմիկով կանաչ թեյ), այնուհետև ավելացնել ըմպելիքին 1 ճաշի գդալ մեղր, 4 ճաշի գդալ թուրինջի հյութ և 1 ճաշի գդալ կիտրոնի հյութ ու լավ խառնել, որպեսզի մեղրն աբողջությամբ լուծվի։ Այս ըմպելիքը հարկավոր է խմել օրական 4 անգամ ուտելուց հետո մեկական բաժակ։
  • Քունը կարգավորող արդյունավետ միջոց կարող են լինել նաև ցիտրուսային մրգերը։ Հարկավոր է մեկ թուրինջի և մեկ կիտրոնի կեղևների դեղին հատվածը մանրացնել, ավելացնել կես լիտր օղի և 2 շաբաթ թրմել մութ ու զով վայրում։ Պատրաստի ոգեթուրմը հարկավոր է ընդունել ամեն օր։ Անհրաժեշտ է 50 գրամ ոգեթուրմն ավելացնել 150 գրամ թուրինջի հյութին և խմել կոկտեյլը քնելուց առաջ։
  • Շատ օգտակար կարող են լինել նաև գետնախնձորի և դդմի հյութերը։ Պարզապես հարկավոր է օրական 4 անգամ մեկական ճաշի գդալ գետնախնձորի հյութ և դդմի հյութ խմել։