Օլյա Հակոբյանը՝ Սաթենի կերպարի, իր հոբբիի, քննադատությունների ու այլ հետաքրքիր թեմաների մասին

Դերասանուհի Օլյա Հակոբյանն այժմ խաղում է «Շիրազի Վարդը» հեռուստասերիալում, որտեղ մարմնավորում է Սաթենի կերպարը, ով համարվում է ֆիլմի բացասական հերոսներից մեկը, բայց առանց որի սյուժետային շատ գծեր պարզապես չէին կարող լինել։ Showbiz.am-ի հետ զրույցում Օլյա Հակոբյանը պատմել է իր կերպարի, սիրելի հոբբիի և այլ հետաքրքիր մանրամասների մասին։

Հարցին, թե ամենից շատ ինչո՞վ է սիրում զբաղվել աշխատանքից դուրս, դերասանուհին պատասխանեց․ «Ունեմ հոբբի՝ մարզումներս են։ Անկեղծ ասած, դա արդեն ոչ թե հոբբի է, այլ ապրելակերպ։ Արդեն երկու տարի է, ինչ մարզվում եմ։ Այժմ սպորտ ասվածը մարզասրահ հաճախելս է, բայց մինչ այդ նաև հաճախել եմ կարատեի ու բասկետբոլի»։

Դերասանուհին մարմնավորել է շատ տարբեր կերպարներ ու հավասարաչափ սիրում է դրանք։ Նրա կարծիքով պետք է ապրել այն կերպարի հետ, որը մարմնավորում ես, այլ ոչ թե խաղալ․ «Ես իրոք սիրում եմ իմ կերտած բոլոր կերպարները, անգամ եթե դրանք բացասական են։ Միևնույնն է, պետք է սիրես նրան, ում հետ ապրում ես, թեկուզ կարճ ժամանակով»։

 

Դերասանի մասնագիտությունն ունի շատ դժվարություններ, բայց դերասանուհին առանձնացրեց հետևյալ դժվարությունները․ «Ամենադժվար կողմը, երևի համոզիչ ու անկեղծ լինելն է։ Երբ կերպար ես կերտում, պետք է չխաղալ, այլ լինել այդ կերպարը»։

«Շիրազի Վարդը» սերիալում Օլյա Հակոբյանի կերպարը բացասական լինելու իր պատճառներն ունի, ու կարծում է, որ ճիշտ է անում ամեն բան։ Դերասանուհին իրական կյանքում լիովին տարբերվում է իր կերտած կերպարից, բայց նրա խոսքով՝ եթե դերասան ես, ապա դժվար չէ թեկուզ քեզանից այդքան տարբեր կերպարում հանդես գալը․ «Գիտեք, հիմա մտածում եմ, որպեսզի գտնեմ նման մի գիծ ու հասկանում եմ, որ չեմ կարող մտաբերել ոչ մի նմանություն իմ ու Սաթենի միջև։ Իմ ու կերպարի միջև ավելի շատ բախումներ են լինում այն ժամանակ, երբ Սաթենը շեղվում է իր սկզբնական կերպարից։ Ես սիրում եմ, որ Սաթենը մնում է Սաթեն, որքան էլ որ նա բացասական կերպար լինի»։

Քանի որ սերիալը դեռ ընթանում է, ու այժմ Օլյայի կերտած կերպարը՝ Սաթենը կյանքի շատ բարդ ու խճճված փուլում է գտնվում, դերասանուհին չցանկացավ բացել փակագծերը, այլ միայն նշեց․ «Չեմ ուզում մանրամասնել, թող հետաքրքիր լինի հեռուստադիտողին։ Սաթենին դեռ ինչ ասես սպասվում է»։

Ցանկացած դերասան իր մտքում ունի մի կամ մի քանի կերպար, որոնք երազում է մարմնավորել։ Թե ու՞մ կերպարը կցանկանար մարմնավորել, Օլյա Հակոբյանը ասաց․ «Այդպիսի կերպարներ շատ կան, բայց այս պահին կառանձնացնեմ Թենեսի Ուիլիամսի «Տրամվայ Ցանկություն»-ից Բլանշ Դյուբուայի կերպարը»։

Բացասական կերպարներ խաղալիս դերասաններն ակամայից հայտնվում են ուշադրության կենտրոնում, և շատ են դեպքերը, երբ փողոցում անցորդները մոտենում են ու դերասանին ասոցացնելով իր կերպարի հետ փորձում զրույցի բռնվել կամ երբեմն նույնիսկ նախատել այդ կերպարի պահվածքը։ «Եղել է, որ նույնիսկ ձայնս են ճանաչել ու վախեցած աչքերով նայում էին ու զարմանում, որ ժպտում եմ ու հանգիստ խոսում»,- հիշում է դերասանուհին։

Խոսելով քննադատությունների մասին, Օլյա Հակոբյանը շեշտեց․ «Միանշանակ ընդունում եմ մի քանի հոգու քննադատություն՝ մորս ու ևս մի երկու հոգու։ Իսկ համացանցային քննադատություններին վերաբերվում եմ ըստ նրա, թե որքանով են դրանք ադեկվատ։ Եթե դրանք մասնագիտական են, ես սիրով կվերընթերցեմ և կմտածեմ։ Բայց այն, ինչ գրում են մեծամասնությունը՝ ասոցացնելով կերպարի հետ, դրան շատ վատ եմ վերաբերվում։ Դա մեղմ ասած, նորմալ չէ»։

Հարցին, թե երբևե ստացե՞լ է այնպիսի դերի առաջարկ, որից հրաժարվել է, դերասանուհին պատասխանեց․ «Այո, եղել է, որ հրաժարվել եմ չափից դուրս բաց տեսարանների պատճառով, բացի այդ, ուղղակի, չսիրեցի անձնակազմը։ Այդպիսի դեպք մեկ անգամ է եղել, ես շատ լավ եմ վերաբերվում բոլորին, ում հետ աշխատել եմ»։

Դերասանուհին, պատասխանելով ապագայում սպասվելիք ծրագրերին առնչվող հարցին, ասաց․ «Ապագայի մասին դեռևս անիմաստ է խոսել, քանի որ ես այս պահին զբաղված եմ «Շիրազի Վարդը» հեռուստասերիալում, այն մեծ դիտողականություն ունի, ու ինձ դուր է գալիս այնտեղ աշխատելը»։

Հեղինակ՝ Դիանա Զաքարյան