«Աստղային պատերազմներ» ֆիլմաշարի հաջորդ մասը կնկարահանի Տայկա Վայտիտին

Նորզելանդացի ռեժիսոր, սցենարիստ, դերասան Տայկա Վայտիտին կնկարահանի «Աստղային պատերազմներ» ֆիլմաշարի հաջորդ մասը: Այս մասին հայտնել է Disney ընկերությունը։

«Օսկարի» արժանացած սցենարիստը կգրի ֆիլմի ոչ միայն սցենարը, այլև հանդես կգա ռեժիսորի դերում: Նոր ֆիլմի թողարկման ամսաթվի մասին դեռևս տեղեկություններ չեն հաղորդվում։

Հաղորդվում է, որ Disney-ը պլանավորում է նկարահանել երեք ֆիլմ, որոնցից առաջինը կինոընկերության օրացույցում նախատեսված է 2022 թվականի դեկտեմբերին:

2019 թվականին թողարկվել է «Աստղային պատերազմների» 9-րդ մասը՝ «Սքայուոքեր: Արևածագ»-ը:

Վայտիտիի վերջին ռեժիսորական աշխատանքների ցանկում են՝ Marvel-ի «Թոր: Ռագնարյոկ»  սուպերհերոսների մասին ֆիլմը և «Ջոջո ճագար» կատակերգությունը, որում նա կատարել է գլխավոր դերերից մեկը։ «Ջոջո ճագար» ֆիլմում նրա աշխատանքը բարձր է գնահատվել քննադատների կողմից՝ առաջադրվելով «Օսկար» մրցանակի՝ «Լավագույն ֆիլմ» և «Լավագույն ադապտացված սցենար» անվանակարգերում։