Ավելորդ քաշի դեմ պայքարում սննդակարգը շատ կարևոր դեր է խաղում, սակայն քչերն էն հաշվի առնում, որ օրվա ընթացքում ընդունած հեղուկները նույնպես սննդակարգի մասն են կազմում, ուստի դրանք նույնպես կարող են զգալի դեր խաղալ քաշի ավելացման կամ նվազման հարցում։
Մասնագետները ներկայացրել են չորս արդյունավետ ըմպելիք, որոնք ամեն առավոտ խմելու դեպքում կօգնեն խթանել նյութափոխանակության համակարգի աշխատանքը, կկանխեն փորափքանքն ու կազատեն որովայնի հատվածի անառողջ ճարպաշերտերից։ Այս ըմպելքիներն ունեն ցածր կալորիականություն, սակայն պարունակում են մեծ քանակությամբ սննդարար նյութեր, ուստի քաշը նվազեցնելու, սլացիկ կազմվածք ունենալու, առողջական վիճակը բարելավելու և նյութափոխանակությունը կարգավորելու համար մասնագետները խորհուրդ են տալիս օրն սկսել դրանցով։
Հալվե վերայով ըմպելիք
Այս ըմպելիքը պարունակում է մեծ քանակությամբ հանքանյութեր ու հակաօքսիդանտներ, որոնք նպաստում են ճարպերի այրմանն ու ակտիվացնում են մարսողությունը։ Պարզապես հարկավոր է 2-3 ճաշի գդալ հալվե վերայի գելն ավելացնել մի բաժակ ջրին, լավ խառնել ու խմել։ Այս ըմպելիքը կարող է տհաճ լինել, ուստի դրան ավելի հաճելի համ հաղորդելու համար խորհուրդ է տրվում ավելացնել նաև մեկ ճաշի գդալ թարմ կիտրոնի հյութ ու մի փոքր մեղր։
Կոճապղպեղով ու կիտրոնով ըմպելիք
Կիտրոնն ու կոճապղպեղը դարեր ի վեր կիրառվել են, որպես քաշը նվազեցնող, ցավն ու սրտխառնոցը մեղմող և մի շարք այլ խնդիրներից ազատող բնական միջոց։ Այս բաղադրիչները պարունակում են մեծ քանակությամբ հակաօքսիդանտներ և այլ օգտակար միացություններ, որոնք օգնում են նվազեցնել ճարպային կուտակումներն ու բարելավում են առողջական վիճակը։ Ըմպելիքը պատրաստելու համար պարզապես հարկավոր է կես կիտրոնի հյութն ավելացնել կոճապղպեղով թեյին։
Կոճապղպեղով ու խնձորի քացախով ըմպելիք
Խնձորի քացախի մեջ պարունակվող թթուներն ակտիվացնում են նյութափոխանակության ժամանակ որովայնի հատվածի ճարպաշերտերի այրման գործընթացը։ Հետազոտությունները ցույց են տվել, որ օրական մեկ ճաշի գդալ քացախ օգտագործելն օգնում է տղամարդկանց նվազեցնել ճարպային հյուսվածքների մակարդակն ու դրա շնորհիվ նեղացնել գոտկատեղը 1,4 սմ-ով։ Կազմվածքը կարգի բերելու համար մասնագետները խորհուրդ են տալիս խմել կոճապղպեղով թեյ՝ մեկ բաժակ ըմպելիքին ավելացնելով երկու թեյի գդալ խնձորի քացախ։ Ցանկության դեպքում կարելի է ըմպելիքը քաղցրացնել մի փոքր մեղրով։
Կանաչ թեյ
Թեյի այս տեսակն ամենատարածված և օգտակար ըմպելիքներից մեկն է, որը նաև հիանալի միջոց է ավելորդ քաշի դեմ պայքարի համար։ Կանաչ թեյի հիմնական հակաօքսիդանտը՝ էպիգալոկատեխին-3-գալատը (ECGC), կարող է խթանել նյութափոխանակության համակարգի աշխատանքն ու ճարպերի այրման գործընթացը՝ դրանով իսկ նպաստելով քաշի նվազմանը։