Բրիտանացի երգչուհի Ադելի նախկին անձնական մարզիչ Փիթ Գերասիմոն պատմել է, թե ինչպես է աստղին հաջողվել ազատվել 45 կիլոգրամից, գրում է Daily Mail-ը։
Ինստագրամում արված հրապարակման մեջ Գերասիմոն նշել է, որ Ադելն առաջին հերթին ցանկացել է իրեն ավելի լավ զգալ, առողջանալ հղիությունից հետո։ Նրա խոսքով՝ երգչուհին չէր ձգտում «չափազանց նիհարել»։
«Նրա կյանքում անձնական մեծ փոփոխություններ տեղի ունեցան։ Դրանից հետո նա բարելավեց սննդային սովորություններն ու սկսեց ֆիզիկապես ակտիվ կյանք վարել։ Ես հպարտ ու երջանիկ եմ նրա համար»,- ասել է աստղի անձնական մարզիչը ՝ ակնարկելով երգչուհու՝ նախկին ամուսնուց ամուսնալուծությունը։
Գերասիմոն հավելել է, որ երգչուհու հետ մարզվել են նույնիսկ այն ժամանակ, երբ նա պատրաստվում էր հյուրախաղերի և ծանրաբեռնված գրաֆիկ ուներ։
«Նրա հետ աշխատելու իմ անձնական փորձից կարող եմ ասել, որ նա միշտ սեփական ռիթմով է մարզվել»,- նկատել է մարզիչը:
Օրերս Ադելն Instagram սոցկայքի իր էջում նոր լուսանկար էր հրապարակել և շնորհակալություն հայտնել ծննդյան առիթով ուղարկված բազմահազար ջերմ շնորհավորանքների և բարեմաղթանքների համար։
Լուսանկարում երգչուհին լայն թևերով սև կարճ զգեստ էր կրում, որը ցուցադրում էր նիհարելուց հետո է՛լ ավելի գեղեցկացած կազմվածքը։ Լուսանկարը մեծ արձագանք էր գտել երկրպագուների շրջանում։