«Եվրոպայի Միսս թագուհի» հեղինակավոր գեղեցկության մրցույթից Հայաստանը ներկայացնող Նարինե Պլուզյանը 2019 թվականին թագով վերադարձավ հայրենիք:
Նարինեն արժանացավ գլխավոր մրցանակին՝ «Եվրոպայի ընտրություն» տիտղոսին՝ զբաղեցնելով առաջին հորիզոնականը:
Նշենք, որ Նարինեն ՊԵԿ-ի մաքսային ծառայող է և հաջողությամբ է համատեղում գեղեցկությամբ վաստակած տիտղոսն ու մաքսային ծառայության լեյտենանտի կոչումը:
Showbiz.am կայքի հետ զրույցում Նարինեն պատմել է, թե ինչպես է խնամում իր արտաքինը կարանտինային ռեժիմում, երբ բոլոր գեղեցկության սրահները փակ են, և ինչ է փոխվել իր կյանքում գեղեցկության մրցույթից հետո։
Առօրյան՝ կարանտինի ընթացքում
Իմ առօրյան աշխատանքով հագեցած է, ես ծառայության մեջ եմ և սովորականի պես ամեն առավոտյան աշխատանքի եմ գնում:
Ձանձրանալու ժամանակ չկա, ինչ-որ առումով հետաքրքիր փոփոխությունն իմ կյանքում, իհարկե, օրը երկու անգամ ջերմաչափվելն է, եթե հաշվի առնենք, որ ամբողջ ապրածս կյանքում երեք անգամ եմ երևի ինքս չափել ջերմությունս:
Ամենակարևոր փոփոխությունը կյանքում՝ գեղեցկության մրցույթից հետո
Գեղեցկության մրցույթից հետո իմ նկատմամբ հենց իմ վերաբերմունքը մի քիչ փոխվեց: Հիմա, երբ արտաքինիս մասին դրական արձագանքներ եմ լսում, փորձում եմ չկարմրել, իսկ եթե ավելի լուրջ՝ մրցույթից հետո չեմ վախենում ասել, որ սիրում եմ այդ ոլորտը, փորձում եմ յուրովի քայլեր անել այդ դաշտում, ինձ համար նոր ու հետաքրքիր ուսումնասիրման աղբյուր է:
Իդեալական կազմվածքի գաղտնիքը
Ես քաղցր չեմ սիրում, միշտ շարժման մեջ եմ, սիրում եմ տանը պատրաստած ուտեստները և սիրում եմ պատրաստել։
Ինչպե՞ս չգիրանալ կարանտինի ընթացքում
Ես անդադար հեղուկ եմ խմում, ջուրն իսկապես իմ կյանքն է: Բայց արդարության համար նշեմ նաև, որ ես քարից փափուկ ամեն ինչ ծամում եմ, գիտեմ՝ դժվար է հավատալ։
Ինչպե՞ս հասկանալ, որ եկել է նիհարելու ժամանակը
Ինձ համար իդելական կազմվածքը կախված է ներքին հոգեվիճակից: Երբ հանգիստ կարողանում ենք նայել հայելու մեջ, երբ մեր մարմինը չի բողոքում, երբ թեթևության զգացում կա, ուրեմն իդեալական վիճակում ենք, և միևնույն ժամանակ, ոչ մի պարագայում պետք չէ ընկճվել` ամեն ինչ կարելի է փոխել, շտկել ցանկության և աշխատասիրության օգնությամբ:
Կազմվածքիս մասին խոսելիս վերջերս հաճախ եմ հիշում մի դրվագ մրցույթից: Եզրափակչից առաջ մենք ամենօրյա խիստ հագեցած գրաֆիկով էինք ապրում և խիստ հսկողության տակ էինք: Առաջին անգամ զարկերակային ճնշումս ստուգելուց հետո բուժքույրը նայեց ինձ և թախծոտ ձայնով ասաց. «Даже давление у неё 90, 60» ։
Փարթամ ու փայլուն վարսերի գաղտնիքը
Այդ թեմայի շուրջ ինձ հաճախ են հարցեր տալիս` ինչպես եմ խնամում վարսերս կամ ինչ խորհուրդ կարող եմ տալ մյուսներին: Բնակաբար, նկարահանումներն և տարբեր գործնական հանդիպումներն իրենց հետքը թողնում են վարսերիս վրա, և անհրաժեշտությունից դրդված ինքս էլ սկսում եմ խնամքի միջոցներ փնտրել: Չնայած, անկախ հանգամանքներից՝ ես միշտ եմ սիրել տարբեր յուղեր ու դիմակներ օգտագործել, հաճախ ինքս էլ պատրաստում եմ:
Վարսերի խնամքը՝ տնային պայմաններում
Ամենակարևոր խորհուրդը, որ միշտ տալիս եմ ընկերներիս՝ սեփական ձեռքերով պատրաստել դիմակներ՝ ձվով, մեղրով, թթվասերով ու լիմոնով:
Շատ եմ օգտագործում հատկապես նշի և կոկոսի յուղերը, կտրականապես չեմ սիրում կծու և տաքացնող հատկությամբ խնամքի միջոցներ և գերչակի յուղ: Ուզում եմ նշել նաև, որ շատ-շատ եմ սիրում մեզ մոտ արտադրվող պինդ շամպուններն ու մազերի խնամքի միջոցները: Անունը չեմ նշի, որ գովազդ չընկալվի, բայց հպարտությամբ եմ միշտ պատմում արտասահմանցի ընկերներիս, թե Բյուրականի փոքրիկ լաբորատորիայում ինչքան որակով և օգտակար նյութեր են ստեղծվում մեր վարսերի համար:
Առողջ ու գեղեցիկ մաշկի գաղտնիքը
Քանի որ շատ եմ համակարգչի դիմաց աշխատում, ուշ քնում և շուտ արթնանում, իմ ամենօրյա խնդիրներից է, հատկապես, աչքերի հատվածի խնամքը: Այդ հատվածի այտուցի դեմ ես պայքարի իմ ձևն եմ մշակել. Ավելի էլաստիկ մաշկ ունենալու համար առավոտյան մի քանի վայրկյան սառը ցնցուղի տակ եմ կանգնում, իսկ եթե չեմ կարողանում ստիպել ինձ, գոնե դեմքս սառը ջրով եմ լվանում: Ես օգտագործում եմ նաև ալոե բույսի տերևները․ մեջտեղից կիսում եմ և մի քանի րոպե դեմքիս եմ դնում` մաշկը հարթեցնում է և ձգում:
Եզրափակելով զրույցը Նարինե Պլուզյանը պատմեց, որ մի քանի առաջարկներ ունի, որոնք քննարկման փուլում են։
«Բնականաբար, իրավասու չեմ հիմա բարձրաձայնել, բայց հետաքրքիր գաղափարներ կան և հուսով եմ մոտ ապագայում կկարողանանք իրագործել:Այո,ժողովրդական խոսքը,որ կարևորը առողջությունն է `մնացածը կլինի,հիմա արդիական է քան երբևէ »,-ասում է նա։
Հեղինակ՝ Տաթևեր Լազարյան