Գեղեցկության սրահների համար կարանտինն «ավարտվել է» և շատերն արդեն շտապում են մատնահարդարման սրահներ իրենց մատներն ու եղունգները խնամելու ու գեղեցիկ տեսքի բերելու համար։
Առիթից օգտվելով՝ ShowBiz.am-ը զրուցել է Color Boom սրահի մատնահարդար Նառա Ստեփանյանի հետ, ով մեզ հետ խոսել է այս գարնան գլխավոր թրենդներից, պատմել եղունգների խնամքի տարբեր միջոցներից, ինչպես նաև անդրադարձել մատնահարդարման սրահների հիգիենային ու տնային պայմաններում աշխատող մատնահարդարներին։
Այս գարնանը և, երևի թե, մշտապես թրենդային է համարվում կարմիրը։ Գարնանը նորաձև են նաև նյուդ երանգները, ինչպես նաև մեկ կամ երկու մատին արվող փոքրիկ նախշերը կամ այլ հետաքրքիր լուծումները։ «Մեր սրահը նաև առաջարկում է շելաքից մի փոքր տարբերվող Kiara Sky ապրանքանիշը, որը չոր շելաք է համարվում։ Դրանք գունավոր փոշիներ են, որոնց մեջ եղունգի համար շատ կարևոր և օգտակար վիտամիններ կան, որոնք լավ են անդրադառնում եղունգի առողջության և արագ աճի վրա։ Այն եղունգները բացարձակ չի վնասում, նախատեսված է նույնիսկ հղիների համար»,- պատմում է մասնագետը։
Հայ հաճոխորդներն առանձնապես չեն հետևում սեզոնային թրենդներին և, կարելի է ասել, անում են արդեն իրենց հարազատ դարձած մանիկյուրը․ «Ունենք հաճախորդներ, որոնք մշտապես հետևում են սեզոնային թրենդներին և հատուկ դրանց համար են գալիս սրահ։ Բայց նրանք ընդամենը մի քանի տոկոսն են կազմում, հիմնական մասը նախընտրում է կարմիր, սև և դասական դարձած այլ գույներ»։
Մասնագետը խորհուրդ տվեց եղունգների խնամքի և մաքրման տարբերակներից ընտրել ապարատային մաքրումը։ Ինչո՞վ է դա ավելի լավը։ «Մենք անընդհատ անելով ապարատային մաքրում, մաշեցնում ենք մեր կուտիկուլան։ Ու հետզհետե գալիս է մի ժամանակ, որ արդեն ամբողջությամբ դրանից ազատվում ենք։ Դրա միջոցով մենք հեռացնում ենք միայն այն մասը, որը բարձրացել է վերև՝ ի տարբերություն «թաց» մանիկյուրի, որի ժամանակ մենք մատները դնում ենք ջրի մեջ, ինչի պատճառով մեր մաշկը սկսում է ուռչել, և դա կարող է պատճառ հանդիսանալ, որ դուք չափից ավելին կտրեք և հեռացնեք»,- պարզաբանում է մատնահարդարը և հավելում․ «Ճիշտ է, երբ ամեն անգամ նոր հաճախորդին սպասարկում են նոր խարտոցներով, մեր սրահում մենք անպայման հետևում ենք այդ պայմանին, քանի որ դա հիգիենայի պահպանման շատ կարևոր պայման է։ Հիմա գեղեցկության սրահները շատ-շատ են, սակայն դրանցից ոչ բոլորն են պահպանում ստերիլիզացման կանոնները»։
Եղունգը մեր մարմնի եղջերացած հատվածն է։ Այսինքն՝ մեր մարմնի մահացած բջիջները մեր եղունգի միջոցով դուրս են գալիս։ Բայց ժամանակի ընթացքում կանայք սկսեցին դա իրենց օգտին օգտագործել և ծառայեցնել որպես գեղեցկության արտահայտման ևս մեկ միջոց։ Այսինքն՝ եղունգը պետք է հանգստանա կամ եղունգը շնչում է, նման հասկացություններ իրականում գոյություն չունեն։ «Բայց, իհարկե, մի քանի անգամ իրար վրա անելուց հետո եղունգի շերտ է առանձնանում և այդպես այն անընդհատ բարակում է ու կարող է հասնել նույնիսկ մսին։ Սակայն եթե դուք գնաք ճիշտ մասնագետի մոտ, երբեք շելաք անելուց կամ այն հանելուց չեք վնասի ձեր եղունգի մակերեսը։ Իսկ ես՝ որպես մասնագետ, խորհուրդ կտամ, որ մի քանի անգամ անելուց հետո ուղղակի որոշ ժամանակ (մեկ ամիս կամ մի քիչ ավել) եղունգները հանգիստ թողնեք և դադար տաք»,- նշում է Նառա Ստեփանյանը։
Մասնագետը նաև խորհուրդ չտվեց այցելել տնային պայմաններում աշխատող մատնահարդարներին․ «Ես ինքս առնչվելով նման դեպքի հետ՝ տեսել եմ, որ ստերիլիզացիա բացարձակ գոյություն չունի, երբեք դու տան պայմաններում չես կարողանա ախտահանել գործիքդ այնպես, ինչպես որ հարկն է, և չես կարողանա զերծ մնալ վարակներից»։
Սովորական եղունգների լաքը կարող է շելաքին կամ գելլաքին լավ փոխարինող միջոց հանդիսանալ։ «Այսպես ասեմ՝ մենք ապրում ենք այնպիսի ժամանակաշրջանում, երբ տարբեր տեսակի և որակների լաքեր գոյություն ունեն, որոնք բավականին երկար մնում են հաճախորդի եղունգներին և ոչ շուտ քան երկու շաբաթը մեկ կարող եք դրանք էլ պարբերաբար օգտագործել»,- այլընտրանքային միջոց է առաջարկում Նառան։
Եղունգների շերտավորվելը բացարձակ կապ չունի մանիկյուրի հետ։ Մեր եղունգները մեր օրգանիզմի հայելին են, այսինքն՝ եղունգներից շատ բան կարող ես հասկանալ մարդու առողջության մասին։ Մասնագետի խոսքերով՝ եղունգների շերտավորվելը միանշանակ խոսում է վիտամինների պակասի մասին։
Իսկ ընդհանրապես մատներն ու եղունգները միշտ գեղեցիկ և խնամված պահելու համար մասնագետը խորդուրդ տվեց մոտավորապես երկու շաբաթը մեկ ժամկետով անել ուղղակի «չիստկա», օգտագործել սովորական լաք, ինչու չէ՞ նաև թափանցիկ, որը ևս շատ գեղեցիկ է նայվում․ «Գոյություն ունեն նաև բազմաթիվ կրեմներ, յուղեր (նուշի, արգանի և այլն), որոնք որ մեր մաշկին շատ օգտակար են և հարուստ են տարբեր վիտամիններով և սնուցում են մեր մաշկն ու եղունգները՝ դրանց հաղորդելով գեղեցիկ և խնամված տեսք»։
Մատնահարդարը նաև խորհուրդ տվեց դեռահասներին չտարվելո շելաքով, քանի որ ինչքան էլ շեշտում ենք, որ դա անվնաս է, միևնույն է նրանց օրգանիզմը դեռևս ձևավորման փուլում է գտնվում և անհրաժեշտություն չկա չափն անցնելու։
Հեղինակ՝ Լուս Ավագյան